Հասարակություն

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հուլիսի 6-ին այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Հայ խորհրդարանականները շրջայց են կատարել 2013թ. սեպտեմբերին բացված եկեղեցական համալիրում: Այնուհետեւ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ պետական կառույցների, ինչպես նաեւ հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից  դիմելով ներկաներին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մասնավորապես, ասել է. «Շատ ուրախ եմ գտնվել այս հրաշալի հոգեւոր կենտրոնում ու ձեր
միջավայրում եւ ուզում եմ փոխանցել ջերմ ողջույններ Հայաստանից: Մենք հարգանքով ենք վերաբերվում ձեր գործունեությանը, որովհետեւ զգում ենք ձեր հոգեւոր ու մարդկային կապը հայրենիքի հետ, որովհետեւ վստահ ենք, որ, անկախ գտնվելու վայրից, ձեզանից յուրաքանչյուրը հետաքրքրված է
Հայաստանով, նրա հաջողություններով եւ խնդիրներով, ոչ միայն հետաքրքրված է, այլեւ պատրաստ է դառնալ այդ հաջողությունների անմիջական կերտողն ու խնդիրների լուծման անմիջական մասնակիցը: Որովհետեւ հայրենիքն ինքն էլ ուրախանում է իր աշխարհասփյուռ զավակների հաջողություններով եւ մտահոգվում նրանց խնդիրներով` միաժամանակ պատրաստ լինելով նպաստել դրանց կարգավորմանը»:

ԱԺ նախագահի խոսքով, Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին եւ եկեղեցական համալիրը` որպես նյութեղեն պատմություն, թեեւ մեկ տարեկան էլ չկան, բայց իրենց մեջ ամփոփում են մեր բազմադարյա հոգեւոր պատմությունը, նաեւ վկայում են հինավուրց ու խոր արմատների մասին, որ հայերն ունեն բարեկամ երկրում: «Համոզված եմ, որ Եվրասիական միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալով՝ երկկողմ հարաբերությունների մակարդակը ավելի կբարձրանա, ավելի կխորանան ինտեգրացիոն գործընթացները: Նաեւ վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնություն իմ պաշտոնական այցը իր դրական դերը կունենա փոխշահավետ համագործակցության ընդլայնման առումով՝ մի անգամ եւս փաստելով երկու երկրների միջեւ առկա ռազմավարական գործընկերային հարաբերությունները»,-նշել է ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանի համոզմամբ` այդ հարաբերությունների առաջընթաց զարգացումը ամրապնդում է վստահությունը հետագա ավելի ընդգրկուն ծրագրերի իրականացման եւ հնարավորությունների նկատմամբ, եւ դրանում մեծ է նաեւ հայ համայնքի դերն ու ներդրումը: «Պատահական չէ, որ դուք Ռուսաստանում համարվում եք ճանաչում եւ հեղինակություն ունեցող, հավատարիմ, խելացի եւ ստեղծարար, օրինապաշտ ու լիիրավ քաղաքացիներ: Համոզված եմ, որ ձեր ավանդապաշտությամբ ու օրինապաշտությամբ, երկու երկրների շահերի խոր գիտակցումով, այս հրաշալի հոգեւոր տան բարձր հովանու ներքո այսուհետ եւս կշարունակեք մասնակցել Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական հարաբերությունների պատմության նորովի կերտմանը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:

«Հայրենիքի շենացումը մեր ընդհանուր գործն է, որում բոլորիս ջանքերն ու էներգիան մշտապես պահանջված են: Այդ ամենի համատեղումը կարեւոր գործոն է Հայաստանի փայլուն ապագայի ապահովման համար: Համոզված եմ, որ Հայաստանի ճակատագրի հանդեպ ընդհանուր պատասխանատվության գիտակցումը մեզ կօգնի ավելի բացահայտել մեր միասնական հայրենիքի ներուժը եւ կառուցել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունին: Մենք կարո՛ղ ենք եւ պարտավո՛ր ենք կերտել այդպիսի Հայաստան, մենք պարտավո՛ր ենք եւ կարո՛ղ ենք ամուր պահել այդ եռանկյունին՝ անկախ մեր գտնվելու վայրից»,-նշել է Գալուստ Սահակյանը:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, բարձր գնահատելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստան, նշել են, որ այն ոչ միայն նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերին, այլեւ ավելի կամրապնդի եւ կխորացնի միջպետական հարաբերությունները:

Կարդացեք նաև
Close
Back to top button