Թատերաքաղաքակական ներկայացում․ փորձագետները՝ Իսրայելի դեմ հայցին Թուրքիայի մասնակցության մասին
Իսրայելա -պաղեստինյան հակամարտության ընթացքում Անկարան մի քանի անգամ դատապարտել է Թել Ավիվին «մարդկության դեմ նոր հանցագործության» համար և մի քանի օր առաջ միացել Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ ցեղասպանության հարցով Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայցին։ «Միջազգային հանրությունը պետք է քայլ անի ու դատապարտի Իսրայելին՝ցեղասպանությունը կանխելու համար, պետք է ճնշում գործադրել Իսրայելի վրա»,- շեշտել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Անկարա –Թել Ավիվ հեռակա բանավեճի ընթացքում Թուրքիային մի քանի անգամ հիշեցրել են Հայոց ցեղասպանության մասին։
Տարօրինակ է, երբ ցեղասպանության դատապարտման մասին խոսում է մի երկիր, որն իր կատարած ցեղասպանությունը համառորեն չի ընդունում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռ մեկ շաբաթ առաջ էր հայտարարել, որ Անկարան միանում է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից ցեղասպանության դեմ ներկայացված հայցին։
«Եթե դա աներ մեկ այլ երկիր, որը ցեղասպանությունների հարցում խոսելու տեղ կունենար, դա դեռ հասկանալի կլիներ, օրինակ՝ թեկուզ և Գերմանիան, որը ցեղասպանություն իրակնացնելուց հետո ընդունեց իր մեղքը, ավելին՝ 1915 թ ցեղասպանությունն ընդունեց 2016–ին և Բունդեսթագի բանաձևով դատապարտեց այն՝ այդիպիսով նաև իր մեղսակցությունն ընդունելով Հայոց ցեղասպանության հարցում։ Այստեղ քաղաքակրթական տարբեր մակարդակների մասին է այս ամբողջը վկայում։ Իմ խորին համոզմամբ՝ Թուրքիան այս ամենն իրականացնում է արաբական աշխարհում հեղինակություն վաստակելու նպատակով, քան իրականության մեջ ցավ է ապրում Գազայում տեղի ունեցող այդ ողբերգական իրադարձությունների համար։ Ավելի շատ սա թատերական ներկայացում է հիշեցնում»։
Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը համոզված է՝ Թուրքիա-Իսրայել հարաբերություններում հակասություններ չկան։ Այն, ինչ տեղի է ունենում, հեռահար նպատակներ ունի։ Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ Անկարայի քայլը վարկանիշ բարձրացնելու նպատակ է հետապնդում։
«Այս գործընթացն սկսելով՝ Թուրքիան Իրանին կարծես ուզում է ասել, թե Իսրայելին կարելի է լռեցնել՝ առանց ռազմական գործողություններ սկսելու։ Այս սցենարի զարգացումն այսօրվա իրավիճակում բխում է հենց Իսրայելի շահերից և այս խաղը, որը խաղում է Թուրքիան, ունի երկու կողմ։ Մի կողմից ուզում է մահմեդական աշխարհին ներկայանալ իբրև արաբական երկրների պաշտպան, որը կարող է ռեալ քայլեր իրականացնել։ Մյուս կողմից փորձում է չեզոքացնել Իրանի հնարավոր քայլերը Իսրայելի դեմ, և հետագայում, եթե հարց լինի, անուղղակիորեն մեղադրի Իրանին՝ ասելով, թե եթե դու չհարձակվեիր Իսրայելի վրա, աշխարհը կճանաչեր Իսրայելի ցեղասպանությունը, Իսրայելին կճանաչեին օկուպանտ»։
Իսկ որքանով են նպաստավոր ընթացող զարգացումները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը բարձրացնելու համար։ Աշոտ Մելքոնյանն ի պատասխան հիշեցնում է թուրքական հայտնի ասույթը՝ եթե չես կարողանում կտրել ձեռքը, համբուրիր այն։ Ժամանակին, երբ Թուրքիան ուժեղ չէր, հենց այս մոտացմամբ էլ առաջնորդվում էր՝ ասում է պատմաբանը։
«Ցեղասպանության խնդրում շատ մարդիկ այն կարծիքին են, որ որքան քիչ շոշափվի միջազգային ատյաններում այդ հարցը, այնքան լավ։ Ես այդ կարծիքին չեմ, ընդհակառակը՝ մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք և այդ կոնվենցիայի լրամշակման գործում պետք էլուրջ քայլեր արած լինեինք այս անկախության 30 տարվա ընթացքում։ Ինչո՞ւ, որովհետև 1948 թ Լեմկինի ընդունած այդ բանաձևը միայն ցեղասպանություն հանցագործության մասին է և չի անդրադառնում մեկ այլ հանցագործության, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ և հրեաների հետ դա տեղի չի ունեցել։ Խոսքը հայրենազրկման մասին է, այն մասշտաբային հանցագործություն է, ողջ մնացած ժողովրդի հատվածը եթե հայրենազրկվում է, ապա ժամանակի ընթացքում նա ևս տարալուծվում է, ասիմիլացվում, և ցեղասպանության խնդիրը դառնում է անդառնալի»։
Եթե ժամանակին հետևողական լինեինք միջազգային ատյաններում հայրենազրկման թեզը բարձրացնելու հարցում, այսօր կկարողանայինք առաջ մղել նաև Արցախի ժողովրդի հայրենազրկման խնդիրը՝ եզրափակում է ակադեմիկոսը։