«Կուրսկ» սուզանավի աղետից 24 տարի անց արյունալի մարտեր Կուրսկում․ Զելենսկին սիմվոլիզմ է տեսնում
Կուրսկի մարզում արդեն 8 օր մարտերը շարունակվում են։ Փոխադարձ մեղադրանքներին ու սպառնալիքներին զուգահեռ կողմերն արդեն թվերով են ամփոփում ռազմաճակատային իրավիճակը։ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարի տվյալներով՝ մարզում շուրջ 3 տասնյակ բնակավայր ուկրաինական վերահսկողության տակ է։ Ուկրաինական աղբյուրներն իրենց առաջխաղացումը քառակուսի մետրով են ամփոփում․ նշվում է, որ հաջողվել է վերահսկողություն սահմանել ավելի քան1000 քմ տարածքում։ Ակտիվ մարտերի մեկնարկից մեկ շաբաթ անց հակամարտող կողմերի ղեկավարները նաև պատասխան քայլերի ու առաջիկա անելիքների մասին են խոսել։
«Թշնամին անկասկած արժանի պատասխան կստանա»։
Կուրսկի շրջանում մարտական ակտիվ գործողությունների մեկնարկից շուրջ 1 շաբաթ հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսպես է արձագանքել իրավիճակին։ Պաշտոնական հայտարարությանը զուգահեռ ռուսական հրթիռները պատասխան հարվածներ են հասցնում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական հարվածների թիրախում են Կուրսկին սահմանակից Սումիի և Չեռնիգովի շրջանները։ Հենց Սումիի շրջանից էր Ուկրաինան 7 օր առաջ հարձակում սկսել Դաշնության Կուրսկի մարզի Սուջայի շրջանի վրա։
Ուկրաինայի նախագահը, խախտելով լռությունը, ասել էր, որ Կիևն այս քայլին գնացել է Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։ Վլադիմիր Զելենսկին պատկերավոր զուգահեռ էր տարել 24 տարի առաջ այս օրերին «Կուրսկ» ատոմային սուզանավի աղետի ու Կուրսկում այսօր տեղի ունեցողի միջև։ 2000 թվականի աղետը Պուտինի պաշտոնավարման սիմվոլիկ մեկնարկն էր՝ ասել է Զելենսկին ՝ հավելելով, որ հենց Կուրսկն էլ կդառնա դրա ավարտը։
Պուտինը նախօրեին կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Կուրսկի մարզի շուրջ ռազմական գործողություններին, նշել է, թե պաշտոնական Կիևը փորձում է բարելավել իր բանակցային դիրքերը։ Կրեմլի ղեկավարն ավելի վաղ տեղի ունեցողը հերթական սադրանք էր անվանել։
«Գլխավոր խնդիրն, իհարկե, հակառակորդին մեր տարածքից դուրս մղելն է, այս խնդիրն առաջին հերթին Պաշտպանության նախարարության առաջ է դրված։ Բացի այդ սահմանապահ ծառայության հետ համատեղ պետք է ապահովվի պետական սահմանի հուսալի պահպանությունը»,– ասել է Պուտինը։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ ռազմական գործողությունների հետևանքով120 հազար խաղաղ բնակիչ լքել է իր տունը։ Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը տեսակապով նախագահ Պուտինին հաղորդել էր՝ իրավիճակը մարզում բարդ է։
«Այս պահի դրությամբ թշնամու տիրապետության տակ է գտնվում 28 բնակավայր, ներխուժման խորությունը Կուրսկի մարզի շրջանում ավելի քան 12կմ, ճակատի երկայնքով լայնությունը 40 կմ»,– հաղորդել էր Սմիրնովը։
Ուկրաինական աղբյուրներն էլ հայտնում են, որ Կուրսկի մարզից ավելի քան 1000քմ տարածք արդեն ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է։ Ուկրաինայի նախագահը սոցցանցային գրառումով շնորհակալություն է հայտնել զինվորներին, իսկ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է՝
Ուկրաինային պետք չեն ռուսական տարածքները։ Կուրսի առաջխաղացմաբ ուկրաինական ուժերը փորձում են թույլ չտալ Ռուսաստանին լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխել Դոնեցկի մարզ և դժվարացնել ռուսական զորքերի նյութատեխնիկական ապահովումը՝ ասել է Գեորգի Տիխին։
Ռուսական ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ ռուս զինվորականներն այսօր կարողացել են կասեցնել ուկրաինական զինված ուժերի ներխուժումը Կուրսկի շրջանի 4 բնակավայրեր։