ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վերջին աշխատանքային օրը՝ աճուրդի հանված գիտատեխնիկական գրադարանում

Կառավարության որոշմամբ փակվում է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը և դրա ստորաբաժանումը համարվող գիտատեխնիկական գրադարանը։ Գրադարանի ֆոնդը 22 մլն միավոր է։ ՆՁԱԿ-ն, ի սկզբանե, ունեցել է երկու կանոնադրական գործառույթ՝ նորարարական գաղափարների առևտրայնացում և գիտատեխնիկական գրադարանային ծառայությունների մատուցում։ Այդ երկու գործառույթներից կյանքի է կոչվել միայն երկրորդը, որի հիման վրա է հաստատվել ՆՁԱԿ-ի ֆինանսավորումը։ Էկոնոմիկայի նախարարությունը որոշակի ուսումնասիրություններից հետո դադարեցրել է ՆՁԱԿ-ի գործունեությունը, ինչի հետևանքով գործազուրկ է դարձել 71 աշխատակից և դադարեցվել է գրադարանից աշխատանքը։ Գրադարանի շենքն աճուրդի է հանվել։

Վերջին աշխատանքային օրը գիտատեխնիկական գրադարանում սկսվում է քննարկումներով ու խմիչքով։ Սեղանին տարբեր կառույցների ուղղված հարցումների պատասխաններն են։ Մինչ աշխատակիցները քննարկում են, կողքի սենյակում տիկին Իրինան սպասարկում է, թերևս, վերջին ընթերցողին։

Քիչ առաջ Ձեր ընթերցողն ի՞նչ էր փնտրում,

Քիչ առաջ իմ ընթերցողը փնտրում էր 26 մոդելի ստանոկը։

Էլեկտրոնային առաքումը գրադարանային տեղեկատվական սպասարկումն է էլեկտրոնային փոստի միջոցով։ Տիկին Ալինայի համակարգչի էկրանին բացված է նաև վերջին ուղարկված էլեկտրոնային նամակը։ Դրանում Տեսլայի էներգետիկայի վերաբերյալ արտոնագրերի ցանկն է։

Վերելակով բարձրանում ենք 6-րդ բաժին։ Հասմիկ Հարությունյանն արդեն 45 տարի աշխատում է այս գրադարանում։ Հիշում է՝ թե ինչպես էին փաստաթղթերը Մոսկովյան փողոցից տեղափոխում Կոմիտասի պողոտա։ Բացման օրը մտքովն անգամ չէր անցնի, որ փակման ականատեսն էլ է դառնալու։ Այս բաժնում է գտնվում գրադարանի մենաշնորհը համարվող գրականությունը։

Հասմիկ Հարությունյանը

«Մաշվածությունից անգամ զգացվում է, որ ձեռքից ձեռք են անցել։ 6-րդ բաժինն ամբողջությամբ, սրա մենաշնորհը միայն մեր գրադարանինն է։ Այսինքն՝ ոչ Ազգայինը, ոչ Ակադեմիան չեն ունենա այս գրականությունը, սա կիրառական ոլորտի տարբեր ճյուղերի վերաբերող գրքեր են, տեխնոլոգիաներն իրենց նկարագրություններով»։

Գրադարանի 22 մլն-անոց ֆոնդի 95 տոկոսը պահվում է միկրոֆիլմերի և միկրոֆիշերի տեսքով։ Դրանք ժապավենի վրա պահպանվող կադրերն են, որոնցում անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն նկարագրված են գյուտերի մանրամասները։ Այս ժապավենները ընթերցվում են հատուկ սարքի միջոցով։ Եթե ժամանակին այդ փաստաթղթերը չվերածեին ժապավենների, ապա հավելյալ տարածքի կարիք էր լինելու՝ 17մլն-անոց ֆոնդը պահպանելու համար։ Աշխատակիցները դրան պայմանական անվանում են «սովետական թվայնացում»։

«Այսինքն, դրանք հատուկ ապարատների միջոցով են ընթերցվում, միկրոֆիլմի ամեն մի փաթույթը պիտի տեղադրեն կարդացող սարքի մեջ, այն էլ՝ անգլերենով, ֆրանսերենով կամ գերմաներենով կարդա՞ն։ Դա խելքին մոտ բան է՞։  

Ցույց կտա՞ք

-Մի հարկ վերև պետք է բարձրանանք։

«Ի՞նչ է լինելու, լավ մեկ տարի այդպես տուփերով մնաց, հաջորդ տարի արդեն աղմուկ չի լինի, ոչինչ չի լինի, հանգիստ իրենց գործը մինչև վերջ կանեն»։

Վերելակից դուրս գալուց հետո մոտենում ենք մեկ այլ վերելակի, այս անգամ՝ գրքատար։ Այն ժամանակին կարող էր տեղափոխել մինչև 100 կգ գրականություն։

Գրքային վերելակը

Մարգարիտա Մանուկյանը էլեկտրոնային քարտարանի ձևավորման բաժնի գլխավոր մասնագետն է։ Պատմում է, որ անցած տարի մշտադիտարկման հանձնաժողով է ձևավորվել, որի եզրակացությամբ մասնագիտացված ֆոնդերի մեծ հատվածը ենթական չէ պահպանման։ Եզրակացության մեջ նշվում է, որ համացանցում ամեն ինչ կա։ Մանուկյանի խոսքով՝ դա իրականությանը չի համապտասխանում՝ ունեն էլեկտրոնային քարտարան, որտեղ հասանելիություն կա միայն վերնագրերի մակարդակով։ Ոչ նորմատիվ տեխնիկական ֆոնդը, ոչ էլ արտոնագրային կատալոգները չկան համացանցում․

«Աշխատանքների ընթացքում պետք է լինում որևիցե փաստաթուղթ, շատերը համացանցով մուտքագրում, որոնում են կատարել։ Ընդամենը վերնագրային մակարդակում կա, վերնագրի մակարդակում կարող եք տեսնել ինչ-որ տեղեկատվություն։ Բայց այնտեղ բացի տիտղոսաթերթից , տեքստի բովանդակության լիատեքստ որևիցե տեղեկատվություն չեք կարող գտնել»։

Մարգարիտա Մանուկյանը

Էկոնոմիկայի նախարարության Գիտելիքահենք տնտեսության վարչության պետ Համլետ Մկրտչյանը հակադարձում է․

«Գրադարանի արտոնագրերի ստանդարտների և արդյունաբերական կատալոգների գրապահոցային հավաքածուների վերաբերյալ մեր կողմից իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ ֆոնդերը շատ հաճախ չեն համալրվում։ Բացի այդ, դրանք շատ ավելի քիչ սպասարկվում են, ըստ էության, քանի որ Հայաստանում նոր հրատարակվող ստանդարտները ի պահ են տրվում Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին՝ ՓԲ-ին մեծ մասը, իսկ օրինակ՝ ազգային և օտարերկրյա արտոնագրերի ստանդարտների, այդ թվում ԽՍՀՄ ստանդարտների մասին տեղեկությունները շատ մեծ մասը թվայնացված են, հասանելի են բոլորին»։

Նախատեսվում է ստեղծել նոր հանձնաժողով, որի կազմի մեջ կլինեն մասնագետներ, այդ թվում և գիտատեխնիկական գրադարանից։ Հանձնաժողովը կգնահատի պահպանվող ռեսուրսի արժեքը։ Չի բացառվում նաև, որ հանձնաժողովը գնահատումը արտապատվիրի այլ ընկերության։

Համլետ Մկրտրյան․ «Ասում են՝ կգանք արտոնագրային փաստաթղթերի հատվածը մտավոր սեփականությունը կընտրի, որը արխիվացնել, որը՝ ոչնչացնել։ Ես էլ ասում եմ՝ միայն ԱՄՆ արտոնագրային հատվածը 450 դասակարգում ունի, այսինքն, այնտեղ սկսում է կոշիկի արտադրությունը չէ՞, կոշիկի ներբանն առանձին պատենտների շարք է գնում, կոշիկի շղթայի տեղադրումը առանձին շարք է գնում, ասում եմ՝ այդ ինչպե՞ս եք դուք գտնելու այդ մասնագետին, որ գտնի շղթայի արտադրությունը կարևոր է , իսկ ներբանը՝ կարևոր չէ։ Չունեն պատասխա»։

Հասմիկ Հարությունյան․ «Չեմ համակերպվի այն դիտարկման կամ բառի հետ, որ ասում ենք ոչնչացնել, ոչ մեկ չի ոչնչացնում արժեքավոր ռեսուրսը։ Հատկապես մենք միշտ բաց ենք և միշտ քննարկումներ ենք ունեցել»։

Հնարավոր է՝ ֆոնդերը տրամադրվեն առանձին գրադարանների կամ, օրինակ, Մտավոր սեփականության կոմիտեին։ Մարգարիտա Մանուկյանը տարակուսում է՝ ինչպես են պահվելուՄտավոր սեփականության կոմիտեում, եթե դրա փաստաթղթային ֆոնդերի մի մասը գրադարանի գրապահոցում է։ Մկրտչյանը նկատում է, որ գործընթացը կարգավորման փուլում է, լուծում կգտնեն։

Գիտատեխնիկական գրադարանը Հայաստանի արդյունաբերական 4 քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Հրազդանում մասնաճյուղեր ունի։ Քննարկման փուլում է Գյումրու մասնաճյուղը պահպանելու հարցը։ Այս հարցում ևս Մանուկյանի ու Մկրտչյանի մոտեցումները տարբեր են․

Մարգարիտա Մանուկյան․ «Որոշել են՝ Գյումրիի պահպանումով այս ամբողջ աղմուկը, գրադարանի ոչնչացումը փաթեթավորեն և ասեն՝ Գյումրիում պահպանեցինք»։

Համլետ Մկրտչյան․ «Գյումրու մասնաճյուղի հետ կապված պետք է նշեմ, որ այստեղ կա մեկ առանձնահատկություն, ի տարբերություն մյուս մասնաճյուղերի, Գյումրու մասնաճյուղի շենքը պատկանում է պետությանը, և այնտեղ վարձակալական հիմունքներով չի տրված, և սակայն, օրինակ, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերը դրանք, վարձակալությամբ են վերցված, և դա է պատճառը, որ նաև դիտարկվում է Գյումրու մասնաճյուղում հնարավոր է՝ ինչ-որ մի կտոր պահպանելու հարցը, բայց էլի եմ ասում, որ դա դեռևս քննարկման փուլում է, այնպես չի, որ կա վերջնական որոշում»։

Էկոնոմիկայի նախարարությունն իր որոշումն արդարացնող թվային թվյալներ է նաև ներկայացնում։ Տարեկան ՊՈԱԿ-ին հատկացվում էր 173 մլն, որի շուրջ 75 %-ը գնացել է վարձատրության, քանի որ ՊՈԱԿ-ն ունի 71 աշխատակից, որոնց 48 %-ը գրադարանի աշխատակիցներն են։ Ասում են՝ արդյունավետության տեսանկյունից եկել են այն եզրակացության, որ եթե ամբողջ ֆոնդի 74 %-ը տրվում է աշխատավարձերին, ապա այլ ծրագրերի համար գումար չի մնում։ Հավելում են նաև, որ անձնակազմի շուրջ 60 %-ը կենսաթոշակային տարիքում են։ Թե ուր են ուղղվելու խնայված գումարները, դեռևս որոշում չկա։ Սակայն, որ գրադարանը փակվում է, դա փաստ է։

ՊՈԱԿ-ը լուծարվել է և աշխատակիցները ծանուցվել են աշխատանքից ազատվելու մասին։ Գործատուն դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ, աշխատակիցների մասին տեղեկատվություն փոխանցել՝ համապատասխան ցանկերի մեջ ներգրավելու և հետագայում աշխատանք առաջարկելու համատեքստում։

Վաղը, որ արթնանաք, էլ փաստացի այստեղ չեք գալու, ի՞նչ եք անելու։

Ես կմտածեմ, որ արձակուրդս չեմ օգտագործել , որ արձակուրդի մեջ եմ, միգուցե, համակերպվեմ դրա հետ, բայց ես էլի չեմ համակերպվի։

Back to top button