ԼուրերԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախից տեղահանված 1154 մարդ ութ ամսում աշխատանքի է ընդունվել․ զբաղվածության ծրագրին միացել է 847 գործատու

Հադրութի Մեծ Թաղեր գյուղից Նաիրա Խամփերյանը 2 անգամ է տեղահանվել՝ 2020-ին ու 2023-ին։ 2 դեպքում էլ ամենալուրջ խնդիրը աշխատանք գտնելն է եղել, ասում է։ Մասնավոր կազմակերպություններից մեկում կարուձև է սովորել, այժմ ընտանիքից միայն ինքն է աշխատում։ Կառավարության զբաղվածության ծրագրից տեղյակ են, դիմել են․

«Այո դիմել է մեր հարսը, դիմել է այդ զբաղվածության կենտրոն, դե մինչև հիմա դեռ բան չկա, ճիշտն ասած, ասել են՝ Երևանում կա գործը, բայց էնտեղ, ճիշտն ասած, չի եղել, եղբորս կինը Բալահովիտում է, այնտեղ, օրինակ, աշխատանք չկա»։

Ալյոնա Սայիյանն էլ ուսանող է, ընտրել է անասնաբուժական սանիտարական փորձագետի մասնագիտությունը։ Ասում է՝ Հայաստանում շատ քիչ են այդպիսի մասնագետները, համալսարանն ավարտելուց հետո աշխատանք կգտնի՝ վստահ է։ Հիմա փորձում է նոր մասնագիտություններ սովորել, համապատասխան դասընթացն անցնելուց հետո հարցազրուցավարի աշխատանք է գտել, բայց փնտրում է նաև երկրորդը։ Արդեն հաջորդ շաբաթ՝ դիմելու է կառավարության «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրին․

 «Եթե էս մեկ շաբաթն էլ չգտնեմ ուրիշ աշխատանք, պատրաստվում եմ դիմել էդ ծրագրին, որպեսզի կարողանամ հետագայում գոնե ունենալ մասնագիտություն, աշխատեմ, չնայած էստեղ ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, շատ է մրցակցությունը»

8 ամսում 1154 Արցախից բռնի տեղահանված մարդ աշխատանքի է ընդունվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած զբաղվածության ծրագրով։ Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն ասում է՝ ծրագիրը նախատեսված էր 1500 շահառուի համար, բայց հետաքրքրվածությունը մեծ է, նախարարությունը կշարունակի ծրագիրն այնքան, ինչքան թույլ կտա հատկացված բյուջեն․

«Ծրագիրը ակտիվ իրականացում է, և նախատեսում ենք իրականացնել այնքան, որքան կներկայացվի պահանջարկ, բայց, բնականաբար, պետք է դիտարկել նաև բյուջեի հնարավորությունների սահմաններում։ Այս պահի դրությամբ մենք ցանկանում ենք իրականացնել այնպես, որ ովքեր ցանկություն ունեն ծրագրից օգտվելու, և դիմում են, և իրենք կարողանան դառնալ ծրագրի շահառուն»։

Ծրագիրն իրականացվում է 3 ուղղություններով․ առաջինի դեպքում շահառուն գործատուի մոտ կամ այլ դասընթացներով անցնում է 6 ամսյա ուսուցման ծրագիր, ուսուցանող կազմակերպությունը յուրաքանչյուր ամիս ստանում է 50 000 դրամ, իսկ սովորողը՝ նույնքան կրթաթոշակ, այնուհետև գործատուի և շահառուի միջև կնքվում է առնվազն 3 ամսվա աշխատանքային պայմանագիր։ Այդ ընթացքում էլ գործատուն փոխհատուցվում է հարկերի տեսքով՝ ամեն ամսվա համար 50 000 դրամով։

«Այլ ուղղության ծրագիր կա նաև, որ միանգամից մեր շահառուն գործատուի մոտ փորձառություն է անցնում կամ ինքը, ինչպես ասում են, պրակտիկա է անցնում, փորձառության ժամանակահատվածը տևում է մինչև 6 ամիս, այսինքն՝ պետք է առնվազն կնքվի 6 ամսվա աշխատանքային պայմանագիր, և էդ 6 ամիսներից առաջին 3 ամիսների պարագայում մեր կողմից վճարվում է և՛ աշխատավարձը, և՛ աշխատավարձի հետ կապված հարկերը ոչ ավել, քան 165 000 դրամի սահմաններում։ Մյուս 3 ամիսների ընթացքում մենք վճարում ենք միայն հարկերը, յուրաքանչյուր ամսվա մասով 50 000 դրամի սահմաններում»,-ասում է վարչության պետը։

3-րդ ուղղությամբ՝ շահառուն միաժամանակ անցնում է փորձաշրջան ու աշխատում։ Ծրագրից կարող են օգտվել բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն ունեցող, նաև կրթություն չունեցող անձինք։ Ժորա Սարգսյանը մանրամասնում է՝ բարձրագույն կրթություն ունեցողներն ընտրում են լաբորատոր ախտորոշման բժշկի, զբոսաշրջային ծառայությունների մասնագետի, հոգեբանի, ադմինիստրատորի մասնագիտությունը, ծրագրով ավելի շատ հետաքրքրվում են միջին մասնագիտական որակավորում ունեցող անձինք․

«Միջին մասնագիտականում եղել է, օրինակ, դերձակ, կավագործ, հաշվետար, բուժքույր, խոհարար, հրուշակագործ, գործավար, դաստիարակի օգնական, օպերատոր և նմանատիպ այլ մասնագիտություններ, որոնցով որ իրենք աշխատանք են գտել, ավելի շատ միջին մասնագիտականով են եղել ծրագրի շահառուները, որովհետև եթե մենք դիտարկենք, թե որ ծրագրերից են ավելի շատ օգտվել, հա, ավելի շատ օգտվել են պրակտիկայի ծրագրից»։

Գործատուները իրազեկվել և մասնակցել են ծրագրին միասնական սոցիալական ծառայության միջոցով։ Մինչ այժմ 847 գործատու է համաձայնել աշխատել Արցախից բռնի տեղահանվածների հետ։ Շահառուների և գործատուների համար գրանցումները դեռ բաց են։

Back to top button