Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքով քննություն է ընթանում․ ՔԿ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում երեսնամյա քաղաքացու մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Քաղաքացին մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մաքսային անցակետում գրանցված միջադեպից հետո։ Լրատվամիջոցները տարբեր վարկածներ էին առաջ քաշել։ Մինչ Քննչական կոմիտեն ուսումնասիրում է դրանք, ՊԵԿ–ը մանրամասնում է տեղի ունեցածի հանգամանքները։
Կասկածելի հեղուկ, որը կյանք արժեցավ․ Բրազիլիայի քաղաքացի 30-ամյա Առաուջոլիմա Լուկասը մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին` սիրտ-թոքային անբավարարության պատճառով։ Նա կենտրոն էր տեղափոխվում Զվարթնոց օդանավակայանից։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել բրազիլացու ձեռքին, որը նրանց կասկածելի է թվացել։ Հարցին, թե ինչ է շշի մեջ, գինի պատասխանն են ստացել։ Լրատվամիջոցները տեղի ունեցածը տարբեր վարկածներով էին ներկայացրել։ Նրանց մի մասի փոխանցմամբ՝ մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որից հետո քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա րոպեներ անց մահացել է։
ՊԵԿ–ը հերքում է այս տեղեկությունը։ «Ռադիոլուրի» հարցմանն իր պատասխան՝ կառույցի լրատվական ծառայությունը հիշեցրել է, որ գործով քննություն է ընթանում և պարզաբանել։
«Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայից Հայաստան ժամանած ուղևորի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել քաղաքացու ձեռքին եղած շշի պարունակությունը, չի համապատասխանում իրականությանը»:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի սպանություն հոդվածի առաջին մասի հատկանիշներով։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն է մանրամասնում։
«Բրազիլիայի քաղաքացու մահվան վերաբերյալ ստացել ենք հաղորդում։ Քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվել է նախաքննություն, հարցաքննվել են համապատասխան անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՝մահվան պատճառները պարզելու համար։ Նաև նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իր մոտ հայտնաբերված նյութի դատաքիմիական փորձաքննություն»։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը փոխանցեց նաև, որ այս պահին նախաքննական մարմինը որևէ վարկած առաջ չի քաշում։ Իրականացվում է համակողմանի քննություն։ Աբրահամյանի խոսքով՝ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո կտրվի իրավական գնահատական։