Հայաստանում անցկացվող Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովին մասնակցում էր Ղազախստանի «Կանատ» ազգային վերածննդի դպրոցի հայկական բաժանմունքի ուսուցչուհի, «Հայրենիք» հայկական համայնքի փոխնախագահ Սուսաննա Առաքելյանը։ Նա Պավլոդար քաղաքում է ապրում, որտեղ գործող դպրոցն արդեն մի քանի տարի է աշխատում է նրա գրած մեթոդական ծրագրով։
«Արդեն 20 տարի աշխատում եմ հայերեն բաժնի ուսուցչուհի, հայկական համայքնքների բոլոր դպրոցների մեթոդիստն եմ»,– ասում է Սուսաննան և շարունակում․ «Մեր դպրոցը միակն է, որ ունի մասնաշենք։ Այն կառուցվել է Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևի աջակցությամբ։ Ես 2004 թվականին դարձա դպրոցի հայերենի ուսուցչուհին»։
Նա նշում է, որ դպրոցները սկզբում աշխատում էին այն ծրագրով, որը կազմել էին ազգությամբ ոչ հայ մասնագետները։ «Երեք տարի անց ես գրեցի իմ հեղինակային ծրագիրը, մասնակցեցի հանրպետական մրցույթի, այն ճանաչվեց լավագույնը և ներդրվեց նաև մյուս դպրոցներում»։
Ղազախստանի կրթության հայ մասնագետներն այսօր օգտվում են թե՛ հայաստանցի, թե՛ ռուսաստանաբնակ հեղինակների գրքերից։
«Կարինե Կատանյան, Երազիկ Հարությունյան, Կարինե Եսայան։ Այս հեղինակների գրքերը այսօր հայկական դպրոցներում մեծ տարածում ունեն», – նշում է Սուսաննա Առաքելյանը։
Վերհիշելով և համեմատականներ անցկացնելով անցած տասնամյակներին և այսօր դասավանդվող առարկաների ու ծրագրերի միջև՝ Սուսաննա Առաքելյանը ասում է․ «2004 թվականին ես առաջին անգամ մուտք գործեցի դպրոց, որտեղ սովորում էր երկու աշակերտ։ Այն ուներ մի շարք առանձնահատկություններ․ դպրոցը համայնքին կից էր գործում, ֆինանսավորվում էր համայնքի բարերարների կողմից։ Այսօր մեր դպրոցն ունի շատ աշակերտներ, ունեցել է լավ շրջանավարտներ, որոնցից շատերն իրենց բարձրագույն կրթությունը շարունակել են Հայաստանում։ Նրանցից որոշները վերադարձել էն Ղազախստան և աշխատում են տարբեր գերատեսչություններում։ Ունենք հայտնի ուսուցիչներ, բժիշկներ ու դիվանագետներ։Որոշ շրջանավարտներ էլ մնացել են Հայաստանում։ ԵՊՀ –ում Ղազախստանի ներկայացուցիչների շնորհիվ բացվել է ամբիոն, որը Ղազախստանի գործընկերների հետ համագործակցության լայն հնարավորություն է ստեղծում։ Այդ համագործացությունը հնարավորություն է տալիս ղազախական գրականությունy թարգմանել հայերենու հակառակը՝ հայ գրականությունը ներկայացնել ղազախերենով»։
Ռուսաստանաբնակ Կարինե Եսայանը Կրասնոդարի երկրամասի Ռուսատանի հայերի միության կրթության բաժնի վարիչն է, հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչների մեթոդմիավորման նախագահը, բազմաթիվ դասագրքերի հեղինակ՝ 50 տարվա մանկավարժական փորձով։ Նա ՌԴ է տեղափոխվել Վրաստանից։
«Ինձ համար շատ դժարություններ կային Կրասնոդար տեղափոխվելուց հետո։ Կարծում էի, որ նույն հայ երեխաներն են և կարել է նրանց հետ աշխատել նույն ծրագրով, ինչ Վրաստանում։ Սակայն բախվեցի հետևյալ խնդրին․ չունեինք ոչ մի դասագիրք, ուսուցման որևէ մեթոդ։ Միայն 2007 թվականից սկսած, երբ մեր կապն ամրապնդվեց Հայաստանի հետ, մենք սկսեցինք ծրագրային կրթություն իրականացնել»,– ասում է Կարինե Եսայանը։
«Այստեղ ևս մենք բախվեցինք հետևյալ խնդրին․ տրամադրվող գրականությունը, իմ կարծիքով, նախատեսված էր հայախոս երեխաների համար և այնքան էլ մատչելի չէր սփյուռքի երեխաներ համար։ Եվ ես նախաձեռնեցի դասագրքերի ստեղծման աշխատանքը՝ ունենալով երեխաների հետ աշխատանքի տարիների փորձ։ Ստեղծեցի 4 դասագիրք՝ տարիքային տարբեր խմբերի համար», – պատմում է վաստակավոր ուսուցչուհին։
Շարունակելով առարկայական դասագրքերի ստեղծման աշխատանքը՝ Կարինե Եսայանը այս տարի ևս երկու գիրք է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության դատին։ Մայրենի երկրորդ և քերականության դասագրքերը այս տարի ներկայացվել են Հայաստանում, դրանք գրաքննություն կանցնեն և կտարածվեն սփյուռքի տարբեր դպրոցներով։ Արդեն սկսել է աշխատել երրորդ դասագրքի վրա։
«Նոր սերունդը մնում է հայ և ավելի շատ է իր մեջ կրում հայ մնալու գաղափարը», – շարունակում է Կարինե Եսայանը և նշում․ «Քանի որ Կրասնոդարի երկրամասում հայությունը բազմաշերտ է, մեր խնդիրն է պահել հայկական գիտակցությունը, ամեն գնով արթնացնել հայի նիրհած հոգին։ Տառը սովորելով երեխան հայ չի դառնում։ Նա պետք է իմանա մեր ավանդույթները, պատմությունն ու լեզուն։ Իհարկե, ասիմիլացված հայկական ընտանքիները ևս շատ են մեր երկրամասում, նրանց հետ նույնպես փորձում ենք աշխատել»։