ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մրգաշատցի թռչնաբույծը փոխում է հավերի ու հնդկահավերի ավանդական տիպը, ավելացնում քաշը, բարելավում մսի համը

Սպիտակափետուր թռչուն սև թռչնամսով. հավերի այս տեսակները մրգաշատցի թռչնաբույծ Նվեր Հովհաննիսյանը ստանում է  տարբեր ցեղատեսակի ընտանի թռչունների տրամախաչումից: Նա անասնաբույծ-անասնաբույժ է և մասնագիտական հմտությունները ներդրել է ընտանի թռչունների նոր տեսակներ ստանալու գործում: Տրամախաչման եղանակով փոխել է նաև հնդկահավերի տեսակները: Հովհաննիսյանի թռչնանոցում շուրջ 300 թև թռչուն կա:

Նվեր Հովհաննիսյանը նկուղի մի հատվածում փոքրիկ ինկուբացիոն կայան է ստեղծել ու ընտանի թռչուններ է բազմացնում՝ հիմնականում հավեր ու հնդկահավեր: Սակայն դրանք սովորական ցեղատեսակի չեն, այլ հիբրիդ թռչուններ, որոնք տարբերվում են ավանդական եղանակով ստացված թռչուններից: Թռչնաբույծը մասնագիտական կարողությունները բարելավել է դեռ թռչնաբուծական  ֆաբրիկայում աշխատելու ընթացքում, որտեղ էլ զբաղվել է ինկուբացիայով:

«Դա իմ հիմնական մասնագիտությունն է, 1992թ-ից զբաղվում եմ թռչնաբուծությամբ: Նախկինում աշխատել եմ թռչնաբուծարանում` որպես ինկուբացիոն կայանի վարիչ, հիմնականում զբաղվում եմ մայրական  կազմի հիմնմամբ, հավերի տեսակների բազմազանությամբ և հնդկահավերի հիբրիդների ստեղծմամբ ու աճեցմամբ»:

Տրամախաչման եղանակով ստացված թռչունները տեղականից տարբերվում են քաշով ու մսի համով: Անասանաբուծական գիտելիքները գործնականում կիրառելով՝ Նվեր Հովհաննիսյանը  աստիճանաբար հասել է այն նպատակին, երբ բիզնեսը եկամտաբեր է: Հիբրիդ թռչուններն ունեն տեղական հնդկահավերի արտաքին տեսքը, բայց մի քանի անգամ գերազանցում են քաշով:

«Այսինքն ես ստացել եմ ավելի մեծ քաշով թռչուններ՝ տեղականը խաչասերելով բրոյլերների տարբեր տեսակների հետ, ստացել եմ այն համային հատկությունը, որը բնակչությունը պահանջում է և ցանկանում: Բրոյլերի համային հատկությունները իմ ստացածի կամ տեղականի համեմատությամբ շատ տարբեր են»:

Բրոյլեր տեսակի թևավորներն ավելի արագ են աճում, բայց նրանց  մսի համը զիջում է տեղական ցեղատեսակների համին: Սա պայմանավորված է թռչունների կենսաբանական առանձնահատկություններով:

«Բրոյլերը մսատու սորտ է, որի մկանային  համակարգն այնպես է դասավորված, որտեղ չկան ճարպային հանգույցներ, հետևաբար՝ այն ավելի չոր միս է, որն այնքան էլ հաճելի չէ  մարդու քիմքին»:

Հիբրիդ  արու հնդկահավերի քաշը հասնում է մինչև 16 կիլոգրամի,  իսկ բրոյլերի քաշը՝ մինչև 32 կգ-ի: Թռչնաբույծը  հնդկահավերը վաճառում է, երբ դրանց քաշը հասնում է 5-6կգ-ի։ Ասում է՝ փոքր ճտերի վաճառքն այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ նրանք դեռ խնամք են պահանջում:

Նվեր Հովհաննիսյանի թռչնաբուծարանում շուրջ 300 թևավոր կա, 200-ը հնդկահավեր են: Թռչնանոցը փոքր է, ավելացնելու հնարավորություն չունի,  ուստի մայրական կազմը 20-25 թևից չի անցնում: Հավերի տեսականին բազմազան է. ստանում է այն, ինչը պահանջարկ ունի շուկայում։

«Թռչնի գունավորումն էական չէ. ինչ գույն ուզեմ, այն էլ կստանամ: Գունավորումը ստանում եմ տրամախաչման միջոցով: Ընդունենք, թե հաճախորդն ուզում է կարմիր գույնի թռչուն, հետևաբար ես սկսում եմ զարգացնել կարմիր գույնի թռչունների աճը կամ սևն ու սպիտակը»:

Թռչնաբույծը չի սահմանափակվել միայն փետրավորների գույնը փոխելով, փոխել է նաև թռչնամսի գույնը: Նա  սկսել է բուծել սև փետուրով հավեր՝ սև թռչնամսով:

«Ունեմ ճապոնական սև հավեր՝ սև մսով, հիմա ստացել եմ նաև սպիտակափետուր հավեր՝ սև մսով, որպես դիետիկ սննդատեսակ: Դա տոհմային աշխատանք է կոչվում»:

Մտնում ենք թռչնանոց, տարբեր վանդակներում տարբեր տարիքի թռչուններ են՝ դեղնակտուցներից մինչև մայրական կազմ.

«Սրանք  հավերի մայրական կազմերն են, հիմնականում բրահմա ցեղատեսակներն են, որոնց և՛ փետուրն է սև, և՛ թռչնամիսը: Կան նաև սպիտակափետուրներ՝ սև թռչնամսով: Թռչունները  մեկ օրականից մինչև երկու ամսական են: Սրանք 20 օրական են: Իսկ այս հնդկահավերը ընդամեը 2 ամսական են, բայց երկու ամսականի համար չափսերով բավականին մեծ են»:

Թռչնաբույծն ուշադրություն է դարձնում ոչ միայն թռչունների բուծմանը, այլև հետևում է նրանց խնամքին ու բուժմանը: Մինչև սեռահասուն դառնալը ճտերին չի ներարկում: Ասում է՝ լավ արդյունքի հասնելու համար ցանկացած աշխատանք պետք է հաճույքով անել:

Back to top button