Գյուղատնտեսության աջակցության ծրագրեր․ ինչպե՞ս ավելացնել մշակվող հողերի քանակը
Առատ տեղումները որոշակի խնդիրներ են առաջացրել գյուղատնտեսության ոլորտում։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին պետական աջակցությունը գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ է եղել իր ծավալներով․ ընդգրկել է ավելի շատ ոլորտներ և ուղղություններ։ Պետական աջակցությունն ընդգրկել է անասնաբուծության, բուսաբուծության, անասնաբուժության և մի շարք այլ ոլորտներ։ Հիմնական նպատակը մշակվող հողերի քանակն ավելացնելն է։
Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի բնակավայրերի մի մասում գյուղացիները կորցրել են արոտավայրերը։ Դրանց մի մասն անցել է Ադրբեջանին, մյուս մասը դիտարկվում է թշնամու կողմից։ «Ռադիոլուրի»՝ Սյունիք կատարած այցերի ժամանակ պարբերաբար գյուղացիներն այս խնդիրներն են բարձրացնում․
«Արոտավայր չունենք, անասնապահությունը քչացել է, մանր եղեջերավոր ընդհանրապես չկա։ Խոշորները պահում ենք, բայց քիչ՝ մեկը կամ երկուսը։ Մի 500 մետր էն կողմ թուրքն ա նստած»։
Արոտավայր, վարելահող․ գյուղոլորտում պետությունը աջակցության տարբեր ծրագրեր է առաջարկում։ Դրանք նաև այս բացերը լրացնելու համար են։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ընդգծում է՝ պետությունը մի քանի ծրագրեր է առաջարկում․
«Բացերը լրացնելու ուղղությամբ իրականացվում է գարնանացան հացահատիկային մշակաբույսերի աջակցության ծրագիր, նախատեսում ենք նաև աշնանացան ցորենի աջակցության ծրագիր։ Կերի մասով իրականացվում է լիզինգի աջակցության ծրագիրը, որի շրջանակներում տնտեսվարողները կարող են ձեռք բերել ու աճեցնել կանաչ հիդրոպոնիկ կերեր։ Կերային մշակաբույսերի մասով աջակցություն է նախատեսվում, որպեսզի ցանքատարածությունները ավելանան»։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում ավելանում են մշակվող հողատարածքները՝ փաստում է փոխնախարարը։ Նշում է՝ հացահատիկի մշակության գարնանացանի ծրագրի վիճակագրությունը հենց այս մասին է վկայում։
Այդ ծրագրով տարեվերջին 14 հազար հեկտարից ավելի մշակված հողատարածքներ կունենանք․
«Ծրագրով 50 տոկոսի փոխհատուցում է նախատեսվում հացահատիկային, հատիկընդեղեն, կերային մշակաբույսերի մասով։ Հացահատիկի մասով փոխհատուցումը կազմում է 50 տոկոսը՝ 70 հազար դրամ։ Հիմնական ցուցանիշներն են հիմք հանդիսացել գինը որոշելիս։ Կերային մշակաբույսերի համար նախատեսված է 110 հազար դրամ՝ 50 տոկոսի փոխհատուցում։ Կարևոր նախապայման է, որ պետք է ցանքսը իրականացվի հավաստագրված սերմերով։ Դա նաև օրենսդրության պահանջ է, նաև բերքի որակն է ապահովում, բարձրացնում արտադրողականությունը»։
Կայուն կերի բազայի ապահովումը ոլորտի համար կարևորագույն խնդիրներից է՝ ասում է Սարգսյանը։ Իրականացվող ծրագերի հիմնական նպատակը չմշակվող հողերը մշակելի դարձնելն է։ Փոխնախարարի խոսքով՝ տարեցտարի մշակվող հողատարածքներն ավելանում են։