ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկում Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ն սուզանավ ու երկրորդ ավիակիրն է ուղարկում Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին։
Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հրամանով տարածաշրջան է ուղարկվում «Ջորջիա» սուզանավը՝ զինված թևավոր հրթիռներով։
Հարվածային խմբին, որը գլխավորում է F-35C կործանիչներով Abraham Lincoln ավիակիրը, հրահանգ է տրվել արագացնել ընթացքը։ Խումբն արդեն ուղևորվում է տարածաշրջան:
Որոշումն ընդունվել է մերձավորարևելյան հակամարտության սրման ֆոնին: Այն կոչված է ցույց տալու ԱՄՆ վճռականությունը՝ պաշտպանելու Իսրայելն Իրանի հարձակումից. ինչպես Օսթինն է ասել, Վաշինգտոնը բոլոր հնարավոր քայլերը կձեռնարկի իր դաշնակցին պաշտպանելու համար:
Իրանի գործողություններին ուշադրությամբ հետևում են՝ պարզելու, թե ինչպես և երբ կարող է արձագանքել հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը: Իրանը մեղադրել է Իսրայելին իր տարածքում Հանիեին սպանելու մեջ և խոստացել է պատժել։ Իսրայելը չի մեկնաբանել Հանիեի սպանությունը, սակայն շատերը կարծում են, որ սպանության հետևում կանգնած է հրեական պետությունը։
Թե կոնկրետ ինչ է նախատեսում անել Իրանը, դեռ պարզ չէ։
Միևնույն ժամանակ, Իսրայելի վրա մեկ այլ հնարավոր հարձակում կարող է լինել Հեզբոլլահի կողմից. Լիբանանում տեղակայված արմատական շիա խմբավորումը խոստացել է վրեժ լուծել բարձրագույն հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության համար, որը տեղի է ունեցել Բեյրութի արվարձաններից մեկում Հանիեի սպանությունից ժամեր առաջ:
Տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս դիտորդները ենթադրում են, որ Իրանի և Հեզբոլլահի կողմից «պատասխան հարձակում» կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին կամ նույնիսկ ժամերին: