Իսրայելը հետ է կանչում իր զինվորականներին Ադրբեջանից. Իրանի սպառնալիքը լրջանում է
Թել Ավիվը հետ է կանչել իր զինվորականներին Ադրբեջանից և Վրաստանից։ Այս մասին իսրայելական Kan news-ն է հայտնել։ Որպես պատճառ նշվում է մեծ հավանականությունը, որ Իրանը կթիրախավորի Հարավային Կովկասի այդ երկրներում զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցի զինվորականներին։ Փորձագետները նկատում են՝ Իսրայելը, այսպիսով, փաստացի հաստատում է, որ ռազմական ներկայացվածություն ունի Ադրբեջանում։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ըստ բրիտանական «Տելեգրաֆի», առաջարկել էր հարվածել Ադրբեջանի և Իրաքյան Քուրդիստանի տարածքներում գտնվող իսրայելական ռազմաբազաներին։
Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության և դրանից հետո սպասվելիք հնարավոր հակահարվածի պայմաններում, իրանական շրջանակներում կրկին ակտիվացել են Արցախի օկուպացված հատվածներում իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտների տեղակայման և դրանց՝ իրական սպառնալիքներ պարունակելու հանգամանքի քննարկումները։
Թերևս այդ քննարկումների եզրահանգումը կարելի է համարել Իրանի նախագահ Փեզեշքիանի հայտարարություն-առաջարկը՝ հարվածել նաև Ադրբեջանում գտնվող իսրայելական գաղտնի ռազմաբազաներին։ Եվ, ահա՛, հայտնի է դառնում, որ Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։ Զինվորականներին կարգադրվել է անհապաղ վերադառնալ Իսրայել։
Սրանով Իսրայելը փաստացի հաստատում է, որ ռազմական ներկայացվածություն ունի Ադրբեջանում՝ արձանագրում են փորձագետները։
Արևելագետ Արմեն Պետրոսյան. «Իրենք դիտարկում են որպես պատասխանի հնարավոր սցենար նաև այլ երկրներում իսրայելցի զինվորականների կամ իսրայելական գաղտնի օբյեկտների դեմ իրանական հնարավոր հարձակումները։ Եվ սրա համատեքստում էլ, հատկապես, ընտրված են ամենազգայուն այն երկրները, որտեղ կա իրանական որոշակի հասանելիություն։ Իսկ այստեղ կա իսրայելական ավելի ակտիվ ներկայություն, բնականաբար, առաջին հերթին, Ադրբեջանում։ Հնարավոր է՝ նաև որոշակի ներկայություն Վրաստանում և Թուրքիայում»։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Իսրայելը Վրաստանի անունը տալիս է պարզապես հավասարակշռություն պահելու համար, իսկ «ԶՈՒ ներկայացուցիչներ» տերմինը չի օգտագործում՝ որոշ առումով անորոշություն մտցնելու նպատակով, տպավորություն ստեղծելով, թե նրանք մասնավոր այցով են Ադրբեջանում։ Եթե Իսրայելի զինվորականները մասնավոր այցով են Ադրբեջանում, ապա ինչու՞ է միայն նրանց ասվում, որ լքեն Ադրբեջանը, այլ ոչ թե Իսրայելի քաղաքացիներին՝ հարցադրում է անում Հովհաննիսյանը, ապա եզրահանգում․
«Սա նշանակում է, որ Իսրայելի զինվորականները գտնվում են Ադրբեջանում ոչ թե մասնավոր այցով և պարզապես ցրված են, այլ կոնկրետ առաջադրանքով, կոնկրետ կուտակումներով։ Կարծում եմ, որ սա Շոյգույի այցի արդյունքն է, Բաքվին համոզել է, որ չխառնվի Իրան-Իսրայել հակամարտությանը և ցամաքային տարածք չդրամդրի Իսրայելին Իրանի դեմ հարձակման համար»։
Որոշ փորձագետներ կարծում են՝ որքան էլ Ադրբեջանի արածն առաջին հայացքից արկածախնդրություն է թվում, այդուհանդերձ, նրան հաջողվել է մինչ այս պահը այն «թանկով ծախել Իրանի թշնամիներին»։
Այն, որ Իսրայելը կոնկրետ շահագրգռվածություն ուներ Արցախի ու հատկապես նրա հարավային` մերձիրանյան հատվածի օկուպացիայի մասով, արձանագրում է նաև ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը։ «Դա ակնհայտ փաստ է և նրա` Ադրբեջանին հատկացվող ռազմաքաղաքական աջակցությունն ընդգծված էր»,-ֆեյսբուքյան գրառմամբ նկատել է Աբրահամյանը:
«Մյուս կողմից, Արցախի դեմ պատերազմն ու նրա օկուպացիան ուներ նաև աշխարհաքաղաքական բնույթ բոլոր այն ուժերի համար, ովքեր փորձում էին Իրանի դեմ օղակը սեղմել և ճակատն ընդլայնել ու այսօր, առավել քան երբևէ, Ադրբեջանի գործոնն օգտագործվում է Իրանի դեմ օպերացիաներում` հետախուզականից մինչև հնարավոր գործողությունների նախապատրաստում»:
Հենց այդ հանգամանքով պայմանավորված էլ՝ Իրանում չեն բացառել Ադրբեջանում իսրայելական գաղտնի բազաների թիրախավորումը, որպես պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիի սպանության։ Այդպիսի առաջարկ, ըստ բրիտանական «Տելեգրաֆի», ավելի վաղ արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ավելի քան 10 օր է, ինչ աշխարհը սպասում է Թեհրանի պատասխան գործողությանը։ Արևելագետ Արմեն Պետրոսյանը, կարծում է, որ ուշացումը պայմանավորված է նրանով, որ չկա վերջնական հստակեցում այդ պատասխանի ձևաչափի հարցում։
«Ձգձումը պատասխանի, բնականաբար, իր տակ ունի որոշակի բովանդակություն։ Իրանական կողմը անուղղակի, կուլիսային բանակցությունների միջոցով, հատկապես՝ Միացյալ Նահանգների, տարածաշրջանային որոշ կարևոր երկրների հետ, փորձում է փոխհամաձայնեցնել պատասխանի ձևաչափը»։
Այն որ պատասխան լինելու է, փորձագետները կասկածից դուրս են համարում։ Քանի դեռ չկա պատասխանը, նշանակում է, որ այդ ձևաչափը չի հստակեցվել՝ նկատում է Պետրոսյանը։
Այս համատեքստում փորձագետներն ուշագրավ են համարում Թեհրանի ներքաղաքական կյանքը։ Իրանի նորընտիր նախագահը խորհրդարան է ներկայացրել կառավարության կազմը։ Այդ ֆոնին Մոհամադ Ջավադ Զարիֆն է հրաժարական տվել նախագահի տեղակալի պաշտոնից, քանի որ դժգոհ է եղել Փեզեշքիանի ներկայացրած կազմից։
Արմեն Պետրոսյան. «Կարծում եմ, որ այս պահին ո՛չ թե արտաքին իրողություններով է պայմանավորված հրաժարականը, այլ՝ ներքին իրողություններով, քանի որ մենք ականատես ենք, և ներկայումս ընթանում է իրանական կառավարության ձևավորման շրջափուլը, իսկ Զարիֆը, ի պաշտոնե, որոշակի պատասխանատվություն և իրավունքներ ունի այդ գործընթացի մասով։ Կարծում եմ, որ այստեղ այն առանցքային պաշտոնների թեկնածուների ընտրության հարցում եղած տարաձայնություններով է պայմանավորված նրա հեռացումը, այլ ո՛չ արտաքին քաղաքական այսօրեական խնդիրներով։ Որովհետև այս պահին նրա առաջնային զբաղվածությունը և պարտավորությունը կառավարության ձևավորման գործընթացն է»։
Որոշ փորձագետներ, մինչդեռ, նկատում են, որ 2013-2021 թթ. երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած և ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին հանդես եկած ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը պաշտոնն ստանձնելուց ընդամենը 10 օր հետո, նշանակում է, որ Իրանը հակված չէ բանակցելու և վերահաստատում է կոշտ պատասխան տալու վճռականությունը։ Այս տեսակետի օգտին են խոսում նաև Իրանից հնչող ուղիղ հայտարարությունները՝ իսրայելական գործողություններին պատասխանը պետք է լինի արժանապատիվ և կոշտ, և որ՝ բոլոր պետական այրերը միաձայն են եկել այդ եզրակացությանը։