Հասարակություն

Իսլամի մշակույթը և մեր կարծրատիպային ընկալումները․ «Վերնատուն»

Արաբագետ, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը խոսում է իսլամի մշակույթի հանդեպ մեր կարծրատիպային ընկալումների, արաբագետ Դավիթ Հովհաննիսյանի «Իսլամ» բացատրական բառարան տեղեկագիրքի, մուսուլմանների աշխարհընկալումների, գիտելիքի հանդեպ վերաբերմունքի մասին։

Հայկ Քոչարյանն ասում է, որ մուսուլմանի հանդեպ գոյություն ունի կարծրատիպային ընկալում, քանի որ մեզ ծանոթ մուսուլման հարևաններից երկուսը թշնամի են և այդ ընկալումը կապված է Հայոց ցեղասպանության և Օսմանյան կայսրությունում ունեցած փորձառության հետ, որոնք իրենց հետքն են թողել ազգային ինքնագիտագիտակցության վրա։ Հետևաբար մուսուլմանը՝ թուրքն է, իսկ թուրքը՝ թշնամին։ Ու էս ամենը հնարավորություն չի տալիս հասկանալու թե ինչ է իսլամը։

Ըստ իսլամական աշխարհընկալման՝ ոչ մուսուլմանները բաժանվում են «գրքի ժողովուրդների» և հեթանոսների։ «Գրքի ժողովուրդները»՝ հրեաներն են ու քրիստոնյաները, որոնք կարող են պահել իրենց կրոնը, եթե գլխահարկ վճարեն։ Հեթանոսները կամ պետք է իսլամ ընդունեն, կամ՝ ոչնչանան։ Իսլամի տեսանկյունից՝ եթե քեզ բացատրում են ճշմարտությունը և դու չես բարեհաճում ընկալել, ուրեմն՝ ապրելու արժանի չես։

«Ջիհադի» ընկալումները մեզանում նույնպես տարբեր են․ մենք այն ընկալում ենք միայն որպես անհավատների հանդեպ սրբազան պատերազմ, այնինչ՝ ջիհադը, որը բառացի թարգմանվում է «ջանք թափել», նախևառաջ՝ ինքնակատարելագործման մասին է և կապված է կրթվելու և սովորելու հետ։

Back to top button