ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թեթև մեքենաների կուտակումները վերացել են, բայց բեռնատարները դեռ սպասում են Լարսում

Թեթև մարդատար մեքենաների համար Լարսի անցակետը բացվել է, կուտակումներ չկան՝ «Ռադիոլուրին» ասել է ՌԴ–ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։  Նա, սակայն, նշել է, որ մոտ հազար հայկական բեռնատար հերթում կանգնած է։ Խնդիրն այն է, որ գիշերային ժամերին վրացական կողմում թողունակությունը կրկնակի կրճատվում է։ Անցակետի թողունակությունը թույլ չի տալիս, որ արագ սպասարկեն, այդ պատճառով կուտակումներ են լինում։

Բեռնատար մեքենաներին վերջին օրերին գումարվել էին նաև մարդատարները։ Հայկական ու ոչ միայն մեքնենաները օրերով ու ժամերով կանգնած են՝ սպասելով, թե երբ են հատելու Վերին Լարսի անցակետը։ Բլոգեր, ճանապարհորդ Նորայր Հակոբյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ մոտ մեկ շաբաթ առաջ ՌԴ սահմանը հատելիս հերթ կար, բայց՝ ոչ մեծ։ Իրավիճակը փոխվել է մի քանի օր հետո՝ վերադառնալիս․

 «Երբ արդեն վերադառնում էի, կուտակումն արդեն շատ մեծ էր։ Այնքան, որ ՌԴ–ից Վրաստան անցման ժամանակ մոտ 15 ժամ եղել ենք գործընթացի մեջ՝ ՌԴ–ի սահմանից մինչև Վրաստանի սահման անցնելը»։

Հիմականում հայկական, ռուսական, թուրքական, վրացական բեռնատարներ են կանգնած Հյուսիսային Օսիայի Վերին Լարս ռուս-վրացական անցակետի էլեկտրոնային հերթում։ Տեղեկատվությունը Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնինն է։ Քաղաքացիները փաստում են՝ ռուսակսն կողմում 6–7 պատուհան մարդատար մեքենաներն էր սպասարակում, առանձին պատուհան էլ՝ բեռնատարները։ Պատկերը փոխվում է վրացական հատվածում․

 «ՌԴ–ից անցնում ես դեպի Վրաստան՝ ճանապարհը փոքրանում է, մնում է երկու պատուհան ընդամենը։ Մի գծով ֆուռերն են, մյուսը՝ մարդատար մեքենաները։ Բնական է, որ հոսքը մեծ է ՝ նաև սեզոնայնությամբ պայմանավորված։ Այդ հոսքը լիքը խնդիրներ է բերում»։

ՌԴ–ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ զրույցի պահին արդեն մարդատար մեքենաների կուտակումները վերացել էին, բայց կուտակված բեռնատարներ կային

 «Հերթում սպասող մոտ 1000 հայկական բեռնատար կա։ Նրանք Հայաստան են ուղևորվում։ Ընդհանուր թիվը մոտ երեք անգամ ավելի է։ Պատճառը ակտիվ տուրիստական սեզոնն էր։ Մի քանի օր առաջ թեթև մարդատար մեքենաների հերթեր էին, այս պահին թեթև մարդատար մեքենաները մաքրվել են։ Բեռնատարները ավելի արագ են սպասարկվում։ Հույս ունեմ, որ շուտով բոլոր հերթերը կվերանան»։

Վրացական կողմում ցերեկը թեթև մարդատարներին 4 պատուհանով են ընդունում ՝ ասում է Հակոբյանն ու նշում՝ ուղևորների համար նաև շենքում պատուհաններ կան, որոնք ձևակերպում են սահմանաը հատողներին։ Բեռնատարների համար երկու ուղի է գործում՝ դեպի Վրաստան մուտք ուղղությամբ․

 «Խնդիրն այն է, որ գիշերային ժամերին վրացական կողմում թողունակությունը կրկնակի կրճատվում է։ Անցակետի թողունակությունը թույլ չի տալիս, որ արագ սպասարկեն, դրա պատճառով կուտակումներ են լինում։ Այս պահին արդեն իրավիճակը բարելավվում է, հերթերը կրճատվում են։ Հույս ունենք, որ առանց հերթի իրավիճակ կունենանք»։

Վերին Լարսի անցակետը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է, որտեղ տարվա գրեթե բոլոր եղանակներին կուտակումներ են։ Ձմռանը անցակետը փակվում է ձյան հաստ շերտի պատճառով։ Գարնանն ու աշնանը այստեղ պարբերաբար վարարումներ են։  Բեռնատարների վարորդները հատուկ հավելվածով են հետևում, թե հերթում քանի մեքենա է կանգնած: «Տեխնիկական հարց է, որը կապված չէ Հայաստանի հետ», -օրերս հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

 «Այն դժվարությունները, որոնք ունեն հայկական բեռնափոխադրողները, ունեն նաև մյուս երկրների բեռնատարները։ Հույս ունեմ, որ կլուծվեն երկու երկրների՝ ՀՀ– ի ու ՌԴ–ի թողունակության հետ կախված խնդիրը կլուծվի»։

Մոտ մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը որոշեց՝ բեռնափոխադրողներն իրենց  ապրանքը Ռուսաստան և այնտեղից Հայաստան կկարողանան տեղափոխել նաև ծովային ճանապարհով։  Պետությունը յուրաքանչյուր փոխադրման համար օպերատոր ընկերությանը 120 միլիոն դրամ էր վճարելու՝ անկախ հանգամանքից, թե ինչ քանակի ու քանի ընկերության բեռ է տեղափոխվում։ Նախանշված էր նաև երթուղին՝ ռուսական Նովոռոսիյսկից վրացական Բաթումի, հետո կրկին Նովոռոսիյսկ, մյուս հնարավոր ուղին վրացական մեկ այլ՝ Փոթի նավահանգստից է։ Ծրագիրը կարճատև էր, ավարտվեց։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց․

 «Լաստանավը մի քանի ամիս աշխատեց, մեր գնահատմամբ՝ բավարար լցվածություն չի առաջացրել։  Հետաքրքրություն չի առաջացրել ներմուծողների ու արտահանողների մոտ»։

Էկոնոմիկայի ներկայիս նախարարը ընդգծում է՝ լաստանավը վարձակալել են, այժմ  դրա կարիքը չկա։ Ավելին, հայկական բիզնեսի համար նախընտրելին շարունակում է մնալ Լարսի անցակետը։

Back to top button