Դպրություն

Արդյո՞ք միասնական քննությունների ծրագրերը համապատասխանում են դպրոցական ծրագրերին․ «Դպրություն»

2024/2025 ուստարվա ընդունելության միասնական քննությունների արդյունքներով թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր։ Ինչպես հայտնի է՝ 2024/2025 ուսումնական տարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ։

«Եթե չեմ սխալվում 1650 դիմորդ մրցույթից դուրս է մնացել, որովհետև բոլոր դիմորդները ցանկանում են ընդունվել բարձր վարկանիշ ունեցող ԲՈՒՀեր և բարձր վարկանիշ ունեցող մասնագիտություններ, որտեղ մրցույթ կա և համապատասխան բալեր չհավաքելով՝ ուղղակի մրցույթից դուրս են մնում։ Ըստ էության, նրանց մեծ մասը ընդհանրապես դուրս է մնալու բարձրագույն կրթության համակարգից այս տարի, կամ պետք է սպասի հաջորդ տարի ընդունվի կամ՝ ոչ պետական բուհեր ընդունվի, իսկ շատերը նաև, ես գիտեմ, ուղղակի հանրապետությունից են դուրս գալիս, որպեսզի իրենց բարձրագույն կրթությունը այլ համալսարաններում ստանան», – ասում է Ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

«Հասկանալի է, որ բուհական ընդունելության քննությունները կենտրոնացված համակարգով կազմակերպելով և արձանագրելով հատկապես նվազագույն շեմը չհաղթահարած արդյունքներ, մենք կարիք ունենք անդրադառնալու հետևյալ հարցին՝ արդյո՞ք միասնական քննությունների ծրագրերը լիովին համապատասխանում են հանրակրթական դպրոցներում դասավանդվող ծրագրերին։ Իսկ եթե համապատասխանում են, ինչպես է ստացվում, որ մարդը հասել է ավարտական փուլի, բայց չի կարողանում հանձնել քննություն, որը կոչվում է միասնական», – ասում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող տնտ.գիտ.թեկն., դոցենտ Հրաչյա Զաքոյանը։

Back to top button