ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Օկամպոյի նախաձեռնությունը՝ Բաքվի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու ճանապարհին. փորձագետների գնահատականները հակասական են

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ վերջերս հայերին ուղղված կոչը մեծ արձագանք է գտել հայկական շրջանակներում: Որոշ փորձագետներ նկատում են, որ Օկամպոյի այդ կոչը բացառիկ է իր խորությամբ և բովանդակությամբ: Իր կոչում Օկամպոն անդրադառնում է, մասնավորապես, Արցախի հակամարտությանը և արցախահայության ճակատագրին, աշխարհի հայերին կոչ անելով մեդիա արշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի՝ COP 29–ի դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։ Որոշ փորձագետներ կարծում են, որ նման արշավները կարող են նպաստել միջազգային ճնշման ուժեղացմանը Ադրբեջանի վրա՝ պահպանելու միջազգային իրավունքի նորմերը:  

Միջազգային հանրության շրջանում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու առաջնային նպատակ ունի Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի նախաձեռնած տեղեկատվական արշավը։ Այդ առումով, սակայն, փորձագետների գնահատականները, միանշանակ չեն։ Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի նախաձեռնած կոչ-արշավին, որոշ փորձագետներ նկատում են, որ այն դեռևս չի ստացել ակնկալվող արձագանքը Հայաստանում: Ոմանց կարծիքով՝ պատճառները տարբեր են՝ սկսած ներքաղաքական իրավիճակից մինչև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարդությունները: Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի դիտարկմամբ, մինչդեռ, որևէ գրություն կամ կոչ չի կարող փոխել քաղաքականության նպատակահարմարությունը.

 «Ցավոք սրտի, ճշմարտությունը բավականաչափ դաժան է, և ուրեմն՝ որևէ գրություն չի կարող փոխել քաղաքականության նպատակահարմարությունը այս պարագայում։ Այնպես որ՝ իհարկե, որևէ օգուտ դա չի կարող տալ։ Ուղղակի՝ ձայն բարբառո հանապատի։ Ոչ մի հարցի վրա դա չի ազդի։ Եկեք անկեղծ լինենք՝ նախևառաջ Օկամպոն նախկին դատախազ է, թոշակառու, նրա հայտարարությունները պետք է մենք ընկալենք, սակայն չպետք է հասկանանք, որ դա մեզ համար կարող է լինել ցուցանիշ»։

Օկամպոն նախկին դատախազ է ընդամենը, որը իշխանությունից վաղուց զրկված է՝ հավելում է ադրբեջանագետը, ապա՝ հռետորական հարցադրում անում. «Իսկ երբ  որ ինքը դատախազ էր, արդյո՞ք ինքը նման հայտարարություններ իրեն թույլ է տվել։ Ո՛չ»։  

ՄՔԴ-ի նախկին դատախազ Օկամպոն, քննադատելով Ադրբեջանի գործողությունները, մատնանշել է ցեղասպանության սպառնալիքի ներքո արցախահայության բռնի տեղահանումը, միևնույն ժամանակ, հստակորեն ընդգծել այն հակասությունը, որն առկա է Բաքվում նոյեմբերի 11-12-ը կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի և Ադրբեջանի քաղաքականության միջև: Նա կոչ է արել հայերին՝ համախմբվել և միջազգային հարթակներում բարձրաձայնել Ադրբեջանի իշխանությունների հանցագործությունները, մասնավորապես՝ պահանջել, որ Ալիևն ազատ արձակի Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը վերջերս 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարարՌուբեն Վարդանյանի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

COP29-ի ժամանակ Ադրբեջանի խոսքերը դատարկ են, քանի դեռ հայ պատանդներն ու այլ քաղբանտարկյալներն առանց նախապայմանների ազատ չեն արձակվել՝ շեշտել է Օկամպոն, եզրափակելով.

«ԱՄՆ Պետքարտուղարության՝ 2023 թվականի Մարդու իրավունքների զեկույցում Ադրբեջանի վերաբերյալ նշվում է, որ կան «կամայական կալանավորումներ և լուրջ խնդիրներ՝ կապված դատական ​​համակարգի անկախության հետ», ինչը հայ պատանդների անվերապահ վերադարձն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը դարձնում է արդարադատության միակ կենսական ճանապարհը»։

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանի հնարավորությունները մեծ չեն՝ սպասվող այդ միջազգային համաժողովին արձագանքելու առումով։

 «Իմ կարծիքը՝ իհարկե պետք է ոչ թե հորդորի միջազգային հանրությանը, այլ՝ իր մասնակցությունը թույլ չտա այնտեղ։ Դա այն է, ինչը որ մեր ձեռքերում է գտնվում և այն, ինչը մենք կարող ենք անել»։  

Որոշ փորձագետների դիտարկմամբ, չնայած առկա մարտահրավերներին, Օկամպոյի կոչը համարվում է կարևոր քայլ՝ միջազգային ուշադրությունը, մասնավորապես, գերիների խնդրի վրա հրավիրելու և արդարության հասնելու ճանապարհին:

Back to top button