ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ինչո՞ւ Երևանն ու հատկապես Կենտրոնը. մայրաքաղաքում հաճախակի են դարձել հոսանքի անջատումները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ռադիոլուրին» փոխանցում են՝ վերջին շրջանում մայրաքաղաքի, հատկապես Կենտրոն վարչական շրջանի բնակիչներից հոսանքի անջատումների հետ կապված դժգոհություններն ավելացել են։ Բացատրություն կա՝ հուլիսի սկզբին «Երևանի ՀԷԿ 1»-ում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով են հաճախակիացել անջատումները։

Հանձնաժողովից նաև տեղեկացրել են՝ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին։ «Ռադիոլուրը» պարզաբանում է ստացել նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերութունից։

Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախակի դարձել հոսանքի անջատումները։ Դժգոհում են գրեթե բոլորը՝ հանրապետության բոլոր բնակավայրերի բնակիչները։ Բայց այս պահին ամենաշատ դժգոհությունները Երևանի Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջաններից են։

«Ռադիոլուրին» Կենտրոն վարչական շրջանի բնակիչներից են իրենց դժգոհությունը փոխանցում․

«Վերջերս կենտրոնի բնակիչների համար հոսանքի անջատումը դարձել է սովորական։ Հոսանքն անջատում են, ու ընկնում ես անորոշության մեջ, քանի որ այդ պահից էլ դադարում է գոյություն ունենալ թեժ գիծ կոչվածը։ Գոնե վերցնեն, ինչ որ բան ասեն։ Բայց ոչ։ Այդ ընթացքում, մինչև միացնում են, սառնարանի մթերքն է փչանում, բացի այդ, փորձարկումների ժամանակ էլ անընդհատ միացնում, անջատում են, հարվածի տակ է ընկնում կենցաղային տեխնիկան»։

Հոսանքի անջատումը խնդիրներ էր ստեղծել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար, երբ բալետային ներկայացման ժամանակ հոսանքն անջատվել էր։ Թատորնի տեպնիկական գծով փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝

«Պետք է սկսվեր Սանկտ Պետերբուրգից հրավիրված բալետային խմբի ներկայացումը։ Նրանք մեզ մոտ ամսի 5-ից ամենօրյա ներկայացումների մեջ էին։ 19․00-ին, երբ սկսվեց ներկայացումը, մոտ 15 րոպե հետո մենք ունեցանք էլեկտրաէներգիայի անջատում, որը հաճախակի է դարձել, թե ներկայացումների, թե փորձերի ժամանակ։ Դա բերում է մեր աշխատանքի պարալիզացիայի»։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից «Ռադիոլուրին» փոխանցում են՝ իրենք էլ են  վերջին շրջանում  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից մի քանի անգամ հոսանքազրկումների հետ կապված ահազանգ ստացել։ Խնդիրը պարզելու նպատակով ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կատարել, ուսումնասիրել Թատրոնի էլեկտրամատակարարման սխեման և պարզել, որ առկա է խնդիր Թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում:

«Մեր մասնագետները տվյալ հանգամանքը մանրակրկիտ բացատրել են Թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ներկայացնելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Ընդհատումները պայմանավորված են Թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգաբերման, հնարավոր է նաև՝ փոխարինման»:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը հաստատում է՝ դեպքից հետո ՀԷՑ-ի աշխատակիցներն այցելել են իրենց․ «Ուզում են հասկանալ խնդիրը որ դաշտում է, ինչից է, բացատրեն մեզ»։

Կենտրոն վարչական շրջանում հաճախակի դարձած հոսանքազրուկմների հետ կապված էլ   ընկերությունից «Ռադիոլուրին» պարզաբանում են՝  խնդիրները «Երևանի ՀԷԿ 1»-ում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներով են պայմանավորված։

«Երևան ՀԷԿ-ից սնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30 և Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը։ Այդ բեռը տեղաբաշխվել է ընկերության այլ ենթակայանների միջև, ու էլեկտրասնուցումն ապահովվում է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ Մինչդեռ սովորական պայմաններում պահուստային մալուխները ծառայում են հիմնական մալուխների փոխարինման համար: Այսինքն, եթե սովորական պայմաններում վթարի դեպքում մինչև հիմնական մալուխների նորոգումը դրանք փոխարինվում էին պահուստայինով, այժմ, չունենալով պահուստային սնուցում, բաժանորդները հոսանքազրկվում են, ինչպես նաև վթարների վերացման ժամկետները նախատեսվածից ավելի են տևում»։

ՀԾԿՀ-ից փոխանցում են՝ վերջին շրջանում իսկապես ՀԷՑ-ի ու հոսանքի անջատումների մասով դժգոհություններն կան։ Սա հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը նույնպես «Երևանի ՀԷԿ 1»-ում տեղի ունեցած վթարով է պայմանավորում։ «Ռադիոլուրին» փոխանցում է՝ վթարը դեռևս ամբողջությամբ վերացված չէ։ Ասում է՝ ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ տարածքում ելքը նպատակաուղղված ներդրումային ծրագրի իրականացումն է․

«Երևան քաղաքի Կենտրոնի համար ունենք առանձնացված ներդրումային ծրագիր, որն այս պահին քննարկվում է Երևանի քաղաքապետարանի հետ։ Համաձայնեցվում են մալուխների անցկացման ուղիները։ Քաղաքի կենտրոնում կունենանք օղակաձև ցանց։ Կարելի է ասել, որ անջատումները կբացառվեն, կամ կմոտենան զրոյի»։

Սերգեյ Աղինյանը վստահեցնում է՝ մարզերում նույնպես ներդրումային ծրագրեր են իրականացվում։ Ներկայումս ընկերության թարմացված ներդրումային ծրագիրը հանձնաժողովում է, ուսումնասիրում են։

«Ներդրումային ծրագրերի արդյունքում ընկերությունները հոսանքազրկումների քանակն ու տևողությունը բարելավելու պարտավորություն ունեն։ 50 տոկոսով պետք է կրճատվեն ընդհատումները։ Եթե այդ ցուցանիշին չհասնեն՝ պատասխանատվության միջոցներ են սահմանված»։

2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին։ Մասնավորապես, սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակը մեկ ամսում չպետք է գերազանցի՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար՝ 10 ընդհատումը. գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների և մնացած բոլոր այլ սպառողների համար՝ 15 ընդհատումը: ­

Նշված չափաքանակները գերազանցելու դեպքում սպառողին կվճարվի փոխհատուցում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։ Բացի այդ, գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն, բաշխողը վճարում է տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։

Ըստ նոր կարգավորումների՝ վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը: Հանձնաժողովում վստահ են՝ պատասխանատվության միջոցների շարունակական խստացումը դրական արդյունք կունենա։

Back to top button