Մշակույթ

Թբիլիսիում, մինչեւ հիմա հիշում են Ֆրունզիկի թեւավոր դարձած խոսքերը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Այսօր  Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Հայտնի դերասանը կդառնար 84 տարեկան:  Նրա մահվանից անցել է ավելի քան  20 տարի, սակայն նրան նախկինի պես սիրում են, այսօր էլ հուզվում ու հրճվում են նրա մարմնավորած դերերով: Թբիլիսիում, որտեղ հաճախ էր լինում Ֆրունզիկը, հիշում են նրա թևավոր դարձած խոսքերը…

Ֆրունզիկի անունը լսելով, Թբիլիսիիում միանգամից հիշում են  հայտնի խոսքերը «Միմինո» ֆիլմից.   «Ларису  Ивановну хочу,  я так думаю,  в этом гостинице я директор,  26-Б дали,  У нас в Дилижане в кухне открываешь кран -вода течет — второе место занимает в мире».

«Միմինոն» հայ-վրացական բարեկամության խորհրդանիշ հանդիսացող ֆիլմերից մեկն է, որտեղ Մհեր Մկրտչյանը խաղում է վրացի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի հետ:

Վրացի կինոռեժիսոր Գերոգի Դանելիայի «Միմինոն», «Կովկասի գերուհին», «Մի վշտանա» և մյուս ֆիլմերը, որտեղ խաղում են Մհեր Մկրտչյանն ու Վախթնագ Կիկաբիձեն, պատկերում է հայերի ու վրացիների իրական հարաբերությունները, ասում են զրուցակիցներս։

«ֆիլմը ցույց է տալիս երկու ազգերի միջև բարեկամությունը. բարեկամություն մրցակցություն է դա. որովհետև նրանք միշտ ուզում են իրար հետ մրցել, թե  ում ջուրն է ավելի  լավը կամ  առաջինը, ում միրգն է ավելի քաղցր և այլն…», -ասում է Թբիլիսիի բնակիչներից մեկը:

Նման կատակներ այստեղ շատերն են անում առօրյա կյանքում. Դա  ավելի է գեղեցկացնում ու ամրացնում հայերի ու վրացիների բարեկամակական հարաբերությունները:

Ինքը՝ Մհեր Մկրտչյանը հայ- վրացական հարաբերությունների մասին ասում էր. «Մենք եղբայրներ ենք,  ինձ դուր չի գալիս բարեկամ բառը, երբ խոսքը գնում է Վրաստանի մասին, մենք եղբայրներ ենք»։

Որոշ մարդիկ կարծում են, որ այդ հարաբերությունները այնպես չեն, ինչպես պատկերված է ֆիլմում, իսկ ոմանք էլ հակառակն են պնդում:

Այժմ տեղափոխվենք Հավլաբար, որտեղ մի քանի տարի առաջ  կանգնեցվեց «Միմինո» ֆիլմի հերոսների արձանը:  Հայկական այս թաղամասի բնակիչները հիշում են, երբ Ֆրունզիկն այցելում էր Թբիլիսի, օրը տոնի էր վերածվում: Դերասանը հաճախ էր հյուրընկալվում Հավլաբարի  հայտնի Մանուկյան  լուսանկարչական սրահում. այստեղ նրան նկարում էին ու նկարը փակցնում պատին. «Ֆրունզիկը գալիս էր մեր Ազատ Մանուկյանի սրահ նաև հայկական  թատրոն: Մենք հավաքվում էինք երբեմն ու ճանապարհ չէինք տալիս.  պահանջում էինք, որ մեզ  ծիծաղեցնի: Մի անգամ նա մեքենայի հայելին իջեցրեց ու ասաց  բո՜ և բոլորս ծիծաղեցինք»:

 

Back to top button