Ինչո՞ւ է առաջանում քաղցկեղը, ինչպե՞ս կարելի է այն բուժել, հնարավոր է արդյո՞ք հայկական դեղաբուսյսերով պայքարել քաղցկեղի դեմ։ Բոլոր հարցերի պատասխանները փնտրում ու երբեմն նաև գտնում ենք ԵՊՀ կենսաբանություն գիտահետազոտական ինստիտուտի հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում։
Միքայել Գինովյանը լաբորատորիայի գիտաշխատող է. «Փորձում ենք հայտնաբերել Հայաստանի դեղաբույսերի պոտենցիալը քաղցկեցի, դիաբետի, նաև հակաբակտերիական նշանակության միացությունների հայտնաբերման համար։ Փորձում ենք դրանք կիրառել նաև քիմիական հայտնի դեղերի հետ, որպեսզի դրանց ազդեցությունը բարձրացնենք»։
ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի գիտաշխատող Միքայել Գինովյանին տավուշյան բուսական աշխարհը գրավել է դեռ մանկուց։ Բայց մանկության տարիներին նրան նաև բժշկությունն էր գրավում։ Բժիշկ չդարձավ, բայց ոլորտից շատ չհեռացավ։ Ասում է՝ հայկական լեռնաշխարհում, կախված գոտիականությունից ու ռելիեֆից, բուսական աշխարհը մեծ ներուժ ունի։ Բույսերի հետ աշխատելը հետաքրքիր է՝ ասում է երիտասարդ գիտնականը, խոստովանում` սկզբում աշխատում էին հակամանրէային հատկություն ունեցող բույսերի հետ, աստիճանաբար, սակայն, ցանկն ընդլայնվեց։ Հայկական լայնատերև ավելուկն ուսումնասիրել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Այս պահին մոտ տասը հայտնի ու անհայտ դեղաբույսերի հետ են աշխատում։ Հետազոտությունների արդյունքում պարզել են, որ հայկական դեղաբույսերն ունեն արդյունավետ հակաքաղցկեղային ազդեցություն։ Այժմ հայկական դեղաբույսերի հակամանրէային ներուժի բացահայտման փուլն է։
Երկու բույսերի՝ ավելուկի ու սրոհունդի լուծամզվածքները կհետազոտեն, կհասկանան՝ այդ բույսերը ինչ վերաբերմունք ունեն բազմադեղ կայուն հակաբիոտիկների բակտերիաների նկատմամբ, կփորձեն դրանց մեջ պարունակող ակտիվ միացությունների դերը որոշել։
Հետազոտությունը կիրականցնեն ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի ֆինանսավորմամբը՝ ԳԿՀԱՀ-ANSEF–ը։ Կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդվարդ Կարապետյանը ընդգծում է՝ գիտության մեջ կարևոր են թե՛ տեսական, թե՛ կիրառական ոլորտները։ 2024 թվականին փորձագիտական հանձնախմբին ներկայացված 145 հայտից հաղթող է ճանաչվել 17-ը։
Հաշվողական կենսաբան Սմբատ Գևորգյանը գիտական խմբի անդամներից է։ Աշխատում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում։ Նա համակարգչային մոդելավորմամբ կաջակցի հետազոտութությանը։ Պատմում է՝ հակավիրուսային մոդելավորման մեծ փորձ ունի։ Հաշվողական կենսաբանությունը հետաքրքիր է՝ ասում է Սմբատ Գևորգյանը։ Բացատրում է՝ ի տարբերություն լաբորատորիաների, համակարգչային տեխնոլոգիաները արագ են զարգանում։ Գիտական հետազոտութույան բաղկացուցիչ մասը նյութերն են։ Դրանք սովորաբար գնումների միջոցով են ձեռք բերվում։ Շատ հաճախ մինչև դրանք ձեռք են բերվում, ժամանակը, մեղմ ասած, անցնում է։ Այս դեպքում այդպես չէ՝ ասում է Միքայել Գինովյանը։
Գիտության ֆինանսավորումն ընդհանուր առմամբ ավելացել է՝ ասում է Միքայելը, բայց և նկատում է՝ ժամանակակից գիտության համար ավելի շատ գումարներ են պետք։ Մրցունակ արտադրանք ստանալու համար ծախսերը շատ են: