Երաժշտական եռանկյունի

Վաղարշակ Օհանյան` հայ-ամերիկյան մշակութային գործիչ. «Երաժշտական եռանկյունի»

Սփյուռքում գործող հայ արվեստագետների հետ հանդիպումները միշտ լի են բացահայտումներով, որոնք վերաբերվում են և՛ անհատական ստեղծագործական ուղու առանձնահատկություններին, և՛ հասարակական, մշակութային գործունեության տարբեր ասպետներին։

Վաղարշակ (Վագո) Օհանյանը ավելի քան 30 տարի է, ինչ Ամերիկյան երաժշտական արտիստների գիլդիայի (AGMA) ակտիվ անդամ է, օպերային երգիչ, դիրիժոր, դաշնակահար, երգեհոնահար և մանկավարժ: Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, ամերիկյան «Ջուլիարդ դպրոցում», պաշտպանել է արվեստագիտության դոկտորական թեզ։

Նա հանդես է եկել Նյու Յորքում 2007 թվականին Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում, Սիլվիոյի դերում։ Վագոյի դեբյուտը կայացել էր Նյու Յորքի օպերայում՝ Սիդի դերում Պուչինիի «La Fanciulla Del West» կատարմամբ, հետագայում Կարնեգի Հոլում և հանրահայտ «Tanglewood» փառատոնին մասնակցել է «Մոսկվայի վիրտուոզներ»-ի ( դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ) կազմում՝ երգելով «Մոսկվա» կանտատը։ Նյու Յորքի ամերիկյան երիտասարդական նվագախումբի և երգչախումբի հետ որպես մենակատար է հանդես է եկել Ֆորեի և Մոցարտի «Ռեքվիեմում», իսկ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ երգել է Sharpless «Madame Butterfly»-ում։

Վաղարշակ Օհանյանը ձայնագրվել է Պուչինիի «Il Tabarro» օպերայի ձայնասկավառակի համար դիրիժոր մաեստրո Կառլոս Լուիս Գարսիայի հետ: 2002 թվականի հունվարին, որպես հրավիրյալ մենակատար, երգել է Մոսկվայի Մեծ թատրոնում, ինչպես նաև ելույթ է ունեցել Ամերիկյան սիմֆոնիկ նվագախմբի հետ (Լեոն Բոտշտեյնի ղեկավարությամբ), Ռախմանինովի «Ֆրանչեսկա դա Ռիմինի» համերգային բեմադրության մեջ Դեյվիդ Գեֆեն Հոլլում։ Նույն՝ 2002 թվականին Կարնեգի Հոլում կատարել է Ռախմանինովի երգերը։  

Արժանահիշատակ են նրա մենահամերգները Բոստոնի կամերային նվագախմբի և Ռոդ Այլենդի երգչախմբի հետ, ինչպես նաև Դյուրուֆլեի «Ռեքվիեմում» կատարումը Պլիմութի երգչախմբի և Պլիմութի եկեղեցական նվագախմբի հետ:

Բարձր գնահատանքի է արժանացել Վաղարշակի ելույթը Կարնեգի Հոլում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և «Չայկովսկու վերագտնումների փառատոնում», Բարդ քոլեջում և Թրինիթի եկեղեցում: Վաղարշակ Օհանյանը Սուրբ Խաչ Հայ Առաքելական Եկեղեցու երաժշտական կրթական ծրագրերի ղեկավարն ու երգեհոնահարն է, ինչպես նաև Նյու Յորքի հայկական երգչախմբի գլխավոր դիրիժորը։ Նա նաև դասավանդում է վոկալ արվեստ և ղեկավարում «Նյու Յորքի Պրոֆեսիոնալ կատարողական արվեստի դպրոցի Համերգային երգչախումբը:

Վաղարշակ Օհանյանին Հայաստանի պետական օպերային թատրոնը հաճախ է հրավիրում «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակիցների համար վարպետության դասի:

Վաղարշակը, 2009 թվականից, Կարնեգի Հոլում անցկացվող «Երիտասարդ տաղանդների (AYT)» երաժշտական մրցույթի համահիմնադիրն է և մի շարք հեղինակավոր միջազգային վոկալ մրցույթներների ժյուրիի անդամ է։

Իր մշակութային և հասարակական գործունեության համար պարգևատրվել է ՀՀ կառավարության կողմից «Նարեկացի» մեդալով։

Back to top button