ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Փոխզիջո՞ւմ, թե՞ մարտավարություն․ հաղորդակցությունների ապաշրջափակումը դուրս է գալիս խաղաղության պայմանագրից

Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցություններից հանել և ավելի ուշ քննարկել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը:

Արդյո՞ք հաղորդակցությունների վերաբացման մասին կետը փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրից հանելն ու դրա քննարկումն ավելի ուշ փուլ տեղափոխելը նշանակում է, որ Բաքուն համակերպվում է «միջանցքի» հարցը քննարկել ոչ թե իր, այլ՝ Երևանի պատկերացմամբ։

Այսինքն, ճանապարհ՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա, այնպես, ինչպես պաշտոնական Երևանն արտացոլել է իր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում։

Փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Ադրբեջանի պահվածքում ինչ-որ բան է փոխվել և այդ երկիրը հիմա ցանկանում է հնարավորինս շուտ հասնել ինչ-որ խաղաղության փաստաթղթի ստորագրման: Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Բաքվի քայլը համարում է կոնկրետ գործոններով պայմանավորված «ձիով քայլ» անելու փորձ։

 «Մի կողմից և՛ Շոյգույի վերջին այցը Բաքու, և՛ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը թույլ չեն տալիս Ադրբեջանին պնդել «Զանգեզուրի միջանցք»-ի բացման հետ կապված և դա Բաքվում շատ լավ հասկանում են։ Մյուս կողմից, Արևմուտքի առջև իր դեմքը փրկելու և նաև Հայաստանին հետագայում փաստի առաջ կանգնեցնելու նպատակով, Բաքուն այլ մարտավարություն է ընտրել, որ՝ եկեք հաղորդակցման ուղիների հարցը, այլ հարցեր՝ ևս, այս պահին չներառենք խաղաղության պայմանագրի մեջ, բայց ստորագրենք ինչ-որ մի փաստաթուղթ։ Ալիևին և նաև նրա հովանավորներին, ովքեր շահագրգռված են այս գործընթացը արագ, իրենց ձեռնտու պայմաններով ավարտելու համար, շտապ պետք է ինչ-որ փաստաթղթի ստորագրում, որ հետո իրենք կարողանան հայտնել, որ՝ տեսեք, վերջապես մեր միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին խաղաղության պայմանագիր»։

Տվյալ դեպքում՝ որևէ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է նշված լինելու այդ պայմանագրում՝ կարծում է միջազգայնագետը։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանն անդրադառնալով՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է։ 

«Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա»։ 

Հիշեցնենք, որ Ամիրբեկովը ավելի վաղ հայտարարել էր․ «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը (հաղորդակցությունների վերաբացման մասին) խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ»։ 

Որոշ փորձագետների տպավորությամբ՝ Ադրբեջանը պարզապես օգտագործում է այս թեմաները՝ Հայաստանի շուրջ մի տեսակ սարդոստայն հյուսելու համար: Նպատակը մեկն է՝ եթե երբևէ պայմանագիր էլ ստորագրվի, ապա նման մոտեցումը ոչ թե Հայաստանին ավելի խաղաղ ու կայուն գոյության հնարավորություն կտա, այլ կարող է խանգարել ազատ ու անխոչընդոտ կենսագործելու. այլ կերպ ասած՝ չի թույլատրի Հայաստանին դուրս գալ պարտված երկրի կարգավիճակից: Հետևաբար, Գրիգոր Բալասանյանն, օրինակ, կարծում է, որ ներկայումս Հայաստանը պիտի ավելի կոշտ դիրքեր զբաղեցնի։

«Հրաժարվի առանց այդ կետերը՝ առանց հաղորդակցման ուղիները, առանց Սահմանադրության հարցը հանելը, և այլ՝ մեր համար  տարբեր ցավոտ կետերը ներառելու, ստորագրել ինչ-որ պայմանագիր Ադրբեջանի հետ, որովհետև դա հետո մեր դեմ է օգտագործվելու»։

Կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը խաղաղության պայմանագրի բանակցություններից հանելու և այն ավելի ուշ փուլում քննարկելու Երևանի և Բաքվի պայմանավորվածությանն անդրադառնալով՝ ԱԺ «Պատիվ ումեն» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Եթե Բաքվի համար այս կետը «միջանցք» ունենալու հնարավորությունն է, ապա Հայաստանի համար, դա տարիներ շարունակ շրջափակումը ճեղքելու հնարավորությունն է, որն, իհարկե, որևէ պայմաններում, չպետք է անել «միջանցքի» գնով»:

Սակայն, ըստ փորձագետների, կոմունիկացիաների վերագործարկման հարցը խաղաղության պայմանագրից հանելն ու դրա քննարկումը փաստաթուղթ ստորագրելուց հետո թողնելն ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքն» իր պատկերացրած ձևով ունենալու մտքից։ Դրա համար, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի կարծիքով, հիմա հարմար ժամանակ է՝ թղթով արձանագրելու, որ Ադրբեջանը հրաժարվում է իր այդ պահանջներից։

«Հաշվի առնելով միջազգային ստեղծված իրավիճակը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և, իհարկե, Շոյգուի վերջին այցը։ Սրանք, բնականաբար, կապ ունեն իրար հետ. Շոյգուն հստակ նախազգուշացրել է, և Ալիևն էլ իր ելույթում հստակ ասեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում է Բաքուն տեսնում Հարավային Կովկասում կայունության ապահովումը։ Ո՞ր խնդիրն է, որ Ռուսաստանի համար էական է և կարող է ազդել կայունության ապահովման վրա. իհարկե՝ «Զանգեզուրի միջանցքը»։

Դրա համար, միջազգայնագետի համոզմամբ, Հայաստանը պետք է պնդի, որ Սահմանադրությանը և «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցերը դուրս են գալու պայմանագրից, և այդ հիմնավորմամբ պատրաստ է ստորագրել, բայց՝ հետո այդ հարցին այլևս անդրադարձ չի լինելու։ Հայաստանը պետք է պնդի և հասնի դա պայմանագրում ֆիքսելուն, հակառակ դեպքում, Բալասանյանի ձևակերպմամբ, Ադրբեջանի տեսակետն, ըստ էության, ծուղակ է։   

Back to top button