ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կենսաչափական անձնագրեր կտրամադրվեն մոտ մեկ տարի հետո

Հայտավորում ստացած միջազգային 3 ընկերություն դիմել է Ներքին գործերի նախարարություն՝ երկարաձգելու կենսաչափական անձ­նագրե­րի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացին առնչվող՝ վերջնական առաջարկների և խնդիրների քննարկման հետ կապված փուլը։ Ժամկետի երկարացմամբ ակնկալվում է, որ պետություն-մասնավոր գործակցությունը առավել պատշաճ և որակյալ կիրականացվի։

Հայաստանում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում կարևոր հենասյունային ուղղություն է՝ ասում է ներքին գործերի նախարրաի տեղակալը։

Արփինե Սարգսյանի խոսքով․ «Մենք կենսաչափական փաստաթղթերի և տվյալների անվտանգության բաղադրիչի շրջանակներում անվտանգային այնպիսի կանոններ ենք նախատեսում, որոնք կբավարարեն բարձր ստանդարտներին»։

5 միջազգային առաջատար ընկերությունների հայտավորում պատարստ է։ Նպատակը նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի կիրառումն է։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ, այս ընկերությունները միջազգային շուկայում բիոմետրիկ անձնագրերի, նույնականացման քարտերի ու նորարարական լուծումների մատուցման տեսանկյունից ունեն հարուստ փորձ։

Հինգ ընկերությունից ընտրել են 3-ը՝ մեկ ֆրանսիական ու երկու գերմանական կազմակերպություն։ Այս երեքից էլ կընտրեն մեկին։

«Մենք միասին քննարկում են այն, թե ի վերջո, ինչպիսի ծառայություն ու համակարգ է ներդրվելու ՀՀ-ում, որը մի կողմից կկարողանան տվյալ մասնակիցները բավարարել, այսինքն՝ կառաջարկեն որպես այդպիսին իրագործելի պայմաններ, մյուս կողմից՝ կկարողանանք ապահովել նոր որակի ծառայություն այս ծրագրի շրջանակներում»։

Հայտատուները խնդրել են առաջարկների ու քննարկումների փուլի ժամկետը երկարացնել։ Այս պահին քննարկում են ենթակառուցվածքների հետ կապված հարցերը՝ որտեղ պետք է ծառայությունները մատուցվեն, որտեղ են տեղադրելու սերվերը։ Առաջին փուլում հաղթած մասնավոր ընկերություններին այս տարվա սեպտեմբերին պետությունը կուղարկի իր առաջարկները։

«Մինչև տարեվերջ մասնավոր ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց վերջնական նախագծերը։ 2025 թվականի սկզբին կսկսենք գնահատման գործընթացը և, եթե գործընթացը հարթ ընթանա, չբախվենք բողոքարկումների և մնացած տեխնիկական խոչընդոտների, ապա 2025 թվականի մարտին կունենանք հաղթող ընկերություն, որին կհաջորդի պայմանագրի կնքումը»։  

Ընկերությունը մինչև մեկ տարի ժամանակ կունենա, որպեսզի ենթակառուցվածքները բերի այն վիճակին, որն ակնկալվում է պայմանագրով և, ըստ այդմ, 10 տարի ժամկետով կկարողանա այս ծրագրի շրջանակներում մատուցել ծառայությունը։ 2026 թվականի մարտից ծառայությունն արդեն կմատուցվի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցնում է․ «Բացի գրասենյակներից քաղաքացիների հետ օնլայն կապ լինելու է՞»։

ՆԳՆ փոխնախարարը հստակեցնում է՝ նորարար մոտեցումների ու ստեղծարար մտքի վրա են կենտրոնացել․ դիմումի ներկայացման, ծառայությունների մատուցման ու առաքման հարցերն են քննարկում։ 2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը։

Համագործակցությունը շարունակելու շուրջ լեհական ընկերության և Հայաստանի կառավարական մարմինների բանակցություններն արդյունք չտվեցին։ Ընկերության հետ 2011 թվականին կնքած պայմանագիրը չերկարացվեց:

Այժմ, ըստ ՆԳՆ փոխնախարարի, նոր ընկերությունների հետ քննարկումները բոլորովին այլ տրամաբանությամբ են ընթանում։

Back to top button