Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից ադրբեջանական հենակետը հետ է քաշվել․ գյուղապետ
Բերքաբեր համայնքի ղեկավար Տիգրան Հարությունյանը «Ռադիոլուրին» հաստատել է, որ Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից ադրբեջանական հենակետը հետ է քաշվել․
«Նրանք հեռացել են վաղուց՝ հուլիսի սկզբներին, եթե չեմ սխալվում: Էն հատվածում, որն իրենց դիրքն էր նախկինում, իրենք էդ դիրքից դուրս են եկել, հիմա այդ տարածքում մեր սահմանապահն է ծառայություն իրականացնում։ Խոսքը գնում է մեկ դիրքի մասին, որը սահմանազատվող հատվածում էր։ Ընդամենը դա»:
Տիգրան Հարությունյանն ասում է, որ սահմանազատման արդյունքում Բերքաբերից ոչ մի հողակտոր չի անցել Ադրբեջանին, այլ Բերքաբերի ջրամբարից մինչև Փայտասարի տարածք՝ մոտ 900 հա արդեն 30 տարի է Ադրբեջանի վերահսկողության տակ է։
«Բերքաբերի խնդիրն այլ է, քանի որ մեր հողատարածքները 90 ականներից Ադրբեջանի վերահսկողության տակ են, ու բերքաբերցիները սպասում են ավելի շատ իրենց հողերի վերադարձին։ Չկան նոր հողեր, որ անցել են Ադրբեջանին, այդ հողերը մեր վարչական շրջանին են պատկանում, բայց վերահսկում է Ադրբեջանը»։
Երեկ Բերքաբերում ՊՆ պայթուն է իրականացրել, գյուղապետն ասում է՝ հավանաբար սահմանզատված հատվածներն են ակնազերծում։