ԿարևորՀասարակություն

էկոնոմիկայի նախարարությունը կմեծացնի մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների ծավալը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Նախարարությունից հայտնում են, որ այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և վերջիններիս կողմից դաշտերին հասցված վնասներին, ինչպես նաև կարկուտի հետևանքներին։

Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

Նախարարը ծանոթանալով խնդիրներին՝ նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է մեծացնել մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների ծավալն ու շրջանակը և ավելացրել, որ առաջիկայում նախատեսվող միջոցառումները կիրականացվեն ինչպես գյուղատնտեսական նշանակության հողերում, այնպես էլ մշակաբույսերին հարակից տարածքներում։

«Մենք միշտ պետք է գյուղացու կողքին լինենք։ Նրանք պարտավոր չեն իմանալ պայքարի ձևերը․ մենք պետք է ցույց տանք, աջակցենք»,-նշել է Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերին՝ նախարարը կարևորել է մարզպետարանի և համայնքապետարանի միջոցով ևս իրազեկման աշխատանքների ակտիվացումը, որպեսզի գյուղացիները լինեն տեղեկացված և կարողանան օգտվել դրանցից։

Նշվում է, որ նախարարության կողմից յուրաքանչյուր տարի հանրապետության բոլոր մարզերում մկնանման կրծողների հայտնաբերման նպատակով իրականացվում է մշտադիտարկում և միջին ու բարձր վարակվածություն ունեցող հողատեսքերում պայքարի միջոցառումների իրականացման նպատակով մարզերին անհատույց հատկացվում է մկնասպան թունանյութ։

Back to top button