Հայ գործարարները տաղավար կունենան սննդամթերքի Փարիզի հեղինակավոր «SIAL» միջազգային ցուցահանդեսում
Օրգանական բուսական թեյեր արտադրող «Դարման» ընկերությունը 10 տարի շուկայում է, մասնակցել է մոտ 15 թեմատիկ միջազգային ցուցահանդեսների, որոնց շնորհիվ իրագործել է նոր գաղափարներ։ Օրինակ՝ բաժակի մեջ առանց փաթեթավորման ու հավելյալ միջոցների՝ բույսերի ամբողջական ճյուղերը թրմելու տեխնոլոգիան Հայաստանում դեռ միայն այս ընկերությունն է կիրառում։ Ընկերության հիմնադիր Գնել Նազանյանը գոհ է ադյունքներից, բայց շարունակում է մասնակցել ոլորտին աջակցող ծրագրերին։ Ասում է՝ 15 ցուցահանդեսը միջազգային ցուցանիշներով այնքան էլ մեծ թիվ չէ․
«Գիտեմ գործընկերներ, որոնք ասում են՝ գոնե 30-50 անգամ պետք է մասնակցեք, որ արդյունք լինի, հնարավոր է, որ առաջին անգամից էլ ադյունք լինի, բայց շատ մասնակցությունը տալիս է ճանաչում, ապրանքի տեսանելիություն , գաղափարների, ինովացիոն գաղափաների ձեռք բերում։ Մենք հինգերորդ տարում ադեն բուսական թեյերի ինովացիոն լուծումներ ենք առաջարկել»։
Ոլորտի առաջնահերթությունն այս պահին արտադրական ու արտահանման ծավալների մեծացումն է՝ ասում է ձեռնարկատերը։ Նա նկատում է՝ վերջին տարիներին ոլորտում փոխվել են «խաղի կանոնները»։ Եթե նախկինում մարդիկ չգիտեին՝ ինչ է օրգանական արտադրանքը և ինչ խնդիր է լուծում, հիմա արդեն իրազեկման խնդիրը նվազել է․ սպառողները գիտեն և գնահատում են հենց տեղական և օրգանական արտադրության ապրանքները, այսպես են մտածում նաև եվրոպացիները։ Հայ արտադրողներն էլ որոշել են մեծացնել արտադրական և արտահանման ծավալները, հատկապես եվրոպական երկրներում։ Նրանց խոհրդատուն այդ հարցով «Բի Էս Սի» խորհրդատվական ընկերությունն է։ Ընկերության հիմնադիր Սամվել Գևորգյան․
«Այս պահին խոսքը գնում է ագրոբիզնեսի մասին, գյուղատնտեսության ոլորտում վերամշակող կազմակերպությունների մասին, որոնք հիմնականփում ներկայացնում են չրեր, թեյեր, նույնիսկ շոկոլադի արտադրությւուն կա՝ հայկական շոկոլադի, այս տեսակետից մենք աշխատում ենք իրենց հետ 2 տարբեր ուղղություններով։ Առաջին ուղղությամբ անցկացնելու ենք հիմնավոր դասընթացներ, թե ինչպես արտահանել, ինչպես մշակել արտահանման ռազմավարություն, ինչպես մարքեթինգ անել այս շուկաներում, Եվրամիության շուկաների սերտիֆիկացիոն պահանջարկը ինչպիսին է»։
Մասնագետները ագրոբիզնեսի ներկայացուցիչներին նաև մարքեթինգի լեզվով ասած՝ փափուկ հմտություններ են փոխանցելու՝ ինչպե՞ս ճիշտ հաղորդակցվել, ներկայացնել արտադրանքը թվային հարթակներում և ինչպես ճիշտ բանակցել պոտենցիալ գնորդի հետ։ Սկսնակ գործարարների ու մասնագետների այս ռազմավարական հանդիպումը կազմակերպել է ՄԱԿ-ի Միջազգային առևտրի կենտրոնի հայաստանյան ծրագրի գրասենյակը։ Ֆինանսական աջակիցը ԵՄ-ն է։ Միջազգային առևտրի կենտրոնի ազգային ծրագրի ղեկավար Լիլիթ Ափունջյան․
«Ունեցել ենք 50-ից ավելի դիմորդներ, արել ենք ելակետային ուսումնասիրություն, այսինքն՝ ուսումնասիրել ենք, թե որտեղ է գտնվում այս պահին կազմակերպությունը, արտահանման կարողություններն ենք գնահատել, ընտրությունը կատարել ենք նաև նրանց՝ միջազգային առևտրին պատրաստ լինելով, և այս պահին հավաքվածներն արդեն նրանք են, որ ընտրվել են մասնակցելու Փարիզում ցուցահանդեսին»։
Փարիզում հոկտեմբերի 19-ից 23-ը տեղի կունենա սննդամթերքի ոլորտի ամենահեղինակավոր և ամենամյա «SIAL» փառատոն-ցուցահանդեսը։ Հայաստանը ցուցահանդեսին վերջին անգամ մասնակցել է 2018-ին, հիմա ոլորտի պատասխանատուները նպատակ ունեն վերականգնելու ավանդույթը և այն դարձնելու ամենամյա։ Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի 11 հայ գործարար, ևս 8-ին կտրվի այցելու դառնալու հնարավորություն։ «Բի Էս Սի» խորհրդատվական ընկերության հիմնադիր Սամվել Գևորգյան․
«Ցուցահանդեսը միջազգային խոշոր միջոցառում է, մասնակցում են աշխարհի՝ սննդի ոլորտի ամենակարևոր դերակատարները, հայկական ընկերություններն այնտեղ մասնակցում են պարբերաբար, այս տարի էլ էկոնոմիկայի նախարարության նաև աջակցությամբ և Առևտրի միջազգային կազմակերպության աջակցությամբ հայկական տաղավար է լինելու հատուկ, ներկայացվելու են 20-ից ավելի ընկերություններ, և այս միջոցառումները, որ անում ենք՝ դասընթացներ, խորհրդատվություն, էս ամեն ինչը ուղղված է առաջին հերթին կարճաժամկետ, հենց Փարիզի ցուցահանդեսին պատրաստվելու համար»։
Ծրագրի միջնաժամկետ նպատակը առաջիկա նոր ցուցահանդեսներին մասնակցելն է՝ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, իսկ երկարաժամկետ նպատակը հայկական օրգանական արտադրանքի արտահանման պոտենցիալի մեծացումն է։