ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Լիբանանում ծայրաստիճան մեծ է պատերազմի ռիսկը․ հայ համայնքի մտահոգությունները

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրան և Բեյրութ չվերթները գործում են սովորական ռեժիմով, դեռևս չեղարկումներ չեն եղել, ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը, շեշտելով, որ այս պահին աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե որևէ երկիր փակի իր օդային տարածքը»։ Իսկ Լիբանանում սպասողական լարված իրավիճակ է, բայց զանգվածային խուճապ չկա։ Ինչ մտահոգություններ ունի այսօր Լիբանանի հայ համայնքը։

«Սպասողական, լարված իրավիճակ է, բայց զանգվածային խուճապ չկա», –«Ռադիոլուրին»  ասում է Լիբանանում լույս տեսնող  հայկական «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:

Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվեց  վերջին օրերին՝  Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանը հրթիռակոծելուց հետո։

Սպանվեց «Հեզբոլլահ» շարժման ռազմական խորհրդի ամենահեղինակավոր անդամներից մեկը՝ Ֆուադ Շոկրին։ «Հեզբոլլահ»-ն իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ որակեց Իսրայելի դեմ պայքարում։ Իրավիճակով պայմանավորված՝ մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին հորդորեցին հնարավորինս շուտ հեռանալ Լիբանանից կամ զերծ մնալ այդ երկիր այցերից։  

Բնակչությունը, ներառյալ հայ համայնքը, կատարվածից դեռ ուշքի չի գալիս՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է լիբանանահայ լրագրող Փաթիլ Մկրտչյանը․

«Հիմա ծայրաստիճան բարձրացել է պատերազմի ռիսկը։ Ռազմական օդուժն այնքան արագ է անցնում, որ ուղղակի երկիրը ցնցվում է օդանավի ձայնից։  Պատերազմը, իհարկե,  հարավի կողմն է,  ու փառք Աստծո, դեռ մայրաքաղաք չի հասել, բայց երբ որ նման ձայներ են լսվում, ամեն մեկը մի ձևով պաշտպանվում է։ Մեկը նստում լացում է, մյուսը լուրերին է հետևում, բայց ժողովուրդը արդեն հոգնած է։ Ժողովուրդը հազար ու մեկ տագնապ ունի՝ ֆինանսական, տնտեսական և այլն։ Իհարկե,  իրարանցում չկա, որ մարդիկ պարկերով սնունդ  ապահովեն, բայց այսօր նկատեցի, որ հանրախանութներում որոշ ապրանքներ արդեն թանկացել են» ։ 

Հաշվի առնելով այդ գերլարված վիճակը, Լիբանանի հայկական երեք քաղաքական կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն արդեն այս հարցերի շուրջ նիստ են գումարել, քննարկելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ հենց երկրի ներսում վերջին օրերին առկա ռազմաքաղաքական իրադրությունը: «Ազդակ» թերթի խմբագիր Շահեն Գանտահարյանը ասում է, որ պատերազմի սպառնալիքներից զատ, մարդկանց վրա հոգեբանական այլ գործոններ էլ են ազդում։

 «Սպառնալիքները շատ են, և լարված վիճակի վրա ազդում է երկու հանգամանք. նախ՝ որ միջազգային ավիաընկերությունները  հետաձգում, առկախում են  իրենց թռիչքները դեպի Լիբանան, ինչ կուտակումներ են օդանավակայանում, մթնոլորտը լարում են նաև օտարերկրյա դեսպանությունների հայտարարությունները, որոնք կոչ են անում իրենց քաղաքացիներին չայցելել Լիբանան կամ անհապաղ լքել այդ երկրի տարածքը: Զանգվածային խուճապ չկա, բայց Իսրայելը սպառնում է մեծ գործողություններ ձեռնարկել «Հեզբոլլահի» դեմ»։

Արդյո՞ք մտավախություն կա, որ բախումները կտեղափոխվեն դեպի մայրաքաղաք։

«Խնդիրն այն է, որ միջսահմանային գոտին աշխարհագրություն է փոխում, և հարց է՝ լիբանանյան այլ շրջաններ և՞ս կնդգրկվեն, թե՞ ոչ։ Համենայն դեպս, նկատելի է որոշակի հոսք՝ հարավային շրջաններից դեպի Բեյրութ»։

Նշենք,որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրան և Բեյրութ չվերթները գործում են սովորական ռեժիմով, դեռևս չեղարկումներ չեն եղել։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանն ասել է, որ այս պահին աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե որևէ երկիր փակի իր օդային տարածքը։

Back to top button