Սահմանադրությունը՝ խաղաքարտ հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլում. արհեստական խոչընդոտնե՞ր, թե՞ իրական մտահոգություններ
Օրերս Վաշինգտոնում կայացած մի շարք, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ բանակցություններից հետո, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հրապարակավ ներկայացրել է Բաքվի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ: Խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել՝ «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ամիրբեկովը, կրկնելով Ալիևի այն թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ և, որ ներկայումս խաղաղ գործընթացի միակ խոչընդոտը հենց Սահմանադրությունն է։ Փորձագետների գնահատմամբ, սակայն, Ադրբեջանն ամենևին էլ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, հետևաբար՝ որդեգրել է արհեստական խոչընդոտներով գործընթացը չեղարկելու կամ երկարաձգելու մոտեցում։
Երևանին ու Բաքվին արևմտյան, հատկապես ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում որքան հնարավոր է շուտ կնքել խաղաղության պայմանագիր։ Որոշ փորձագետներ նկատում են, որ այդ առումով ամերիկյան կողմի ակտիվացումը, սովորաբար, կարճ է տևում։ Ըստ նրանց՝ վերջին շրջանում ամերիկյան կողմի ակտիվացած միջնորդական ջանքերն ու շտապողականությունը պայմանավորված է այդ երկրում նոյեմբերին սպասվող ընտրություններով։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը, սակայն, նկատում է.
«Անգամ, եթե ընտրությունները չլինեին, վերջին երկու-երեք տարիների փորձը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների ակտիվությունը շատ կարճ է տևում՝ որպես կանոն։ Բայց, անգամ այդ կարճ տևող ակտիվությունը, եթե կարողանա հարց լուծել, մեզ համար կոնկրետ ձեռքբերում կլինի։ Որովհետև այս պահի դրությամբ կա շատ հստակ հարց դրված սեղանին։ Դա հենց Սահմանադրության հետ կապված պահանջն է և այդ պահանջը հաղթահարելը»։
Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին շատ ակտիվ միջամտելու Արևմուտքի փորձերը նախօրեին քննարկվել են նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի՝ Բաքու կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումների ժամանակ։ Անդրադարձ է եղել տրանսպորտային նախագծերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» միջանցքին, ինչպես նաև «3+3» ձևաչափին, որը, ըստ Շոյգուի, կարևոր է Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար։ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, որի 10-րդ խմբագրված տարբերակը փոխանցվել է Երևանին, նույնպես եղել է քննարկման թեմա։
Դեռ հուլիսին է Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10–րդ փաթեթն ստացել Ադրբեջանից։ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն այդ առնչությամբ հայտնել է, որ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են։
Ավելի վաղ՝ հունիսի 7-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմը պատրաստ է կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ։
Գործընթացը բավականին դինամիկ է, երբեմն էլ առաջընթաց կա, բայց երբեմն` ոչ։ Մենք աշխատում ենք՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը, մինչդեռ, նկատում է, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում Խաղաղության համաձայնագրի ստորագրումը չեղարկելու կամ երկարաձգելու համար։ Քաղաքագետի խոսքով՝ Սահմանադրության թեման էլ հենց այդ միտումով է կրկին շրջանառվում։ Այսպիսով, Քոչինյանի ձևակերպմամբ, այս պահի դրությամբ մենք մոտեցել ենք, այսպես ասած, մի փակուղային իրավիճակի ու դրա պատճառն Ադրբեջանում է.
«Ադրբեջանի նախագահի անձնական կապրիզից ելնելով, ըստ էության, ես այլ կերպ սա չեմ կարող ձևակերպել, դրվել է նախապայման՝ Հայաստանի Սահմանադրության թեմայով ու այս պահից սկսած շատ դժվար կանխատեսելի է, թե ինչպես է առաջ գնալու։ Այնպես որ՝ հավելյալ ներգրավվածության կարիք կա, այո՛, և պետք է ամեն ինչ անել, մեր բոլոր գործընկերների հետ աշխատել՝ այդ «կապրիզի» վրայով անցնելու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ մինչ առաջարկների 10-րդ փաթեթն ուղարկելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։
Նա միաժամանակ նշել էր, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։ Փորձագետները դեմ են նման պահանջին, միաժամանակ, նրանք նկատում են, որ եթե անգամ տեսականորեն քննարկելու լինենք, ապա ակնհայտ է, որ դա նշանակում է, որ խոսքը չի կարող լինել ո՛չ շաբաթների, ոչ էլ անգամ ամիսների մասին, այլ՝ խոսքը տարիների մասին է։
Քաղաքագետ Արեգ Քոչինյան. «Այսինքն, հիմա այս խոսակցությունը ծավալելը նույնն է, թե Խաղաղության պայմանագիրն ու խաղաղության գործընթացը «գրել ուղղակի սառույցին»։ Ես խորը կասկածում եմ, թե Ադրբեջանում սա չեն հասկանում։ Սա շատ լավ են հասկանում Ադրբեջանում»։
Անդրադառնալով այս հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար: Նա նշել է, որ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով, և որ այդ գործընթացը կարող է տեղի ունենալ միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Սահմանադրության փոփոխությունը չպետք է լինի նախապայման բանակցությունների համար և, որ այս հարցը չպետք է օգտագործվի որպես խաղաղ կարգավորման գործընթացը խոչընդոտելու միջոց:
Այդուհանդերձ, այս տարվա մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց նոր Սահմանադրության նախագծի հայեցակարգ մշակելու մասին, որը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականը: Իշխանության ներկայացուցիչները պարբերաբար նշել են, որ այսպես, թե այնպես, Սահմանադրությունը փոխելու մտադրություն վաղուց եղել է և դա անկախ Ալիևի ցանկությունից։ Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ դրանով, ըստ էության, վարչապետը տուրք է տվել Ալիևի հերթական պահանջին և շարունակում է քննադատել այդ նախաձեռնությունը։