Հնդկաստան–Իրան–Հայաստան․ մեր երկրով բեռների փոխադրումն ավելի անվտանգ է
Չաբահար նավահանգստի կառավարման մասին երկարաժամկետ համաձայնագիրը Հնդկաստանի և Իրանի միջև մի քանի ամիս է՝ ստորագրված է։ Համաձայնագիրը 10 տարով է։ Այս նախագծում կարևոր դեր ունի նաև Հայաստանը։ Այստեղ վստահեցնում են՝ բանակցությւոնները գործնական փուլ են մտել։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Բայց հստակ է, որ Հայաստանի մուտքը դեպի Հնդկաստան և Ծոցի երկրներ հատկապես «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում է կարևորվում։ Մասնագիտական դաշտում հորդորում են քաղաքական ու տնտեսական ուղղվածությունը չտարանջատել։ Բայց և հիշեցնում են՝ ռիսկ կա՝ գուցե բեռները Ադրբեջանով հասնեն Սև ծով։ Իհարկե, Հայաստանը թե՛ Իրանի, և թե՛ Հնդկաստանի համար ավելի ապահով ու անվտանգ երկիր է։
Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, ելք դեպի Սև ծով նախագիծը դանդաղ, բայց իրականություն է դառնում։ Պարսից Ծոցը Սև ծովին միացնող տարանցիկ միջազգային ենթակառուցվածքում Հայաստանով բեռների փոխադրումն ավելի անվտանգ ու ապահով է։ Հայաստանի՝ միջազգային տարանցիկ երկիր դառնալը շահավետ է ոչ միայն մեր, այլև մյուս երկու կողմերի համար։ Հայկական կողմը բանակցում է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման շուրջ։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում, բայց հստակ է՝ կարևորվում է Հայաստանի մուտքը Հնդկաստան և Ծոցի երկրներ։ Սա հատկապես «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Հնդկաստանը Չաբահար նավահանգստի կառավարման մասին երկարաժամկետ համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ։ Համաձայնագիրը 10 տարով է, այն ստորագրել է India Ports Global Ltd. & Ports-ը և Իրանի ծովային կազմակերպությունը: Այս քայլը դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական նշանակալի քայլ դեպի Իրան, որն էական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: Հնդկական կողմը ներդրումներ կանի ու լոգիստիկ կենտրոն կդառնա՝ ապրանքները դեպի Հյուսիս փոխադրելու համար։
Տնտեսագետ Սուրեն Պարսյան․ «Գործընթացին նաև փորձում է Հայաստանը մասնակցել, այնտեղ ներկայացուցչություն ունենալ։ Նաև որոշակի արտոնություններ ու հնարավորություններ ստանալ»։
Խորհրդարանում 2023–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Չաբահարի նավահանգստի նախագծին ինտեգրվելու հարցը այս պահին մտել է գործնական փուլ․
«Խաղաղության խաչմերուկի տեսլականում շատ կարևոր ուղղություններ են մեր հասանելիությունը դեպի Հնդկաստան, ինչպես նաև Ծոցի երկրներ։ Սա վերաբերում է ՀՀ կառավարության Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացին։ Կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության և Կենտրոնական Ասիայի միջև էլ ավելի հարթ հաղորդակցության ապահովման տեսանկյունից»։
Երթուղով նախատեսված է Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից ապրանքների տեղափոխում դեպի ԵՄ և ԵԱՏՄ: Հնդկական Մումբաի նավահանգստից բեռները կարող են առաքվել Չաբահար նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային եղանակով՝ Հայաստան, ապա՝ Վրաստան և արդեն այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ, կամ էլ Ռուսաստան (ծովային նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով)։ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։ Հայաստանի կառավարությունում աշխատանքային խումբ է ձևավորվել՝ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ՝ տեղեկացնում է ՀՀ փոխարտգործնախարարը․
«Քննարկումներ և հետազոտություններ են ընթանում՝ Չաբահարում առանձին մաքսակե՞տ կլինի, թե՞ գործող հնդկական մաքսակետը կօգտագործվի։ Միաժամանակ մի քանի ամսվա ընթացքում վերջնական որոշումներ կընդունվեն»։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ հիմնականում հնդկական կողմի նախաձեռնությամբ է Սանկտ Պետերբուգում կնքվել «Հյուսիս– հարավ» նախագիծը։ Սա կարելի է դիտարկել որպես Հնդկաստանը Սանկ Պետերբուրգին կապելու ճանապարհային քարտեզ։ Այս ընթացքում տարբեր նախագծեր են քննարկվել, այդ ճանապարհներից մեկը, ըստ էության, նախատեսվում է, որ Հայաստանով պետք է անցնի։ Բայց սրան զուգահեռ կառուցվում է նաև «Հյուսիս– հարավ» –ի անցման հնարավորությունը Ադրբեջանով։
«Այս նախագծի հեղինակների՝ հատկապես ՌԴ–ի ու Իրանի կողմից, դիտարկվում է որպես հիմնական։ Հայաստանի պարագայում նախագիծը հիմնական ու առաջնային է դիտարկվում հնդկական, մասամբ նաև՝ իրանական կողմի համար՝ հաշվի առնելով, որ նրանք Ադրբեջանին չեն վստահում և փորձում են ունենալ այլընտրանքային ճանապարհ, որ արտահանման ժամանակ խնդիրներ չունենան Ադրբեջանի տարածքում։ Այս համատեքստում բավականին հաճախ քննարկումներ են լինում, նախագծեր են առաջ բերում։ Սակայն առայսօր շոշափելի որևէ բան չունենք արձանագրած, դեռևս աշխատանքային քննարկումներ են »։
Քննարկումների համատեքստում տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարևորում է այն, որ իրանական երկու կազմակերպություններ են իրականացնում «Հյուսիս–հարավի»՝ ամենահարավում ընթացող աշխատանքները։ Անցած աշնանը, երբ Հայաստանում էր Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ստրորոգրվեց համաձայնագիրը։ Իրանական ընկերությունները նաև կմասնակցում են Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցմանը։ Հնդկական կողմը նույնպես, ըստ Պարսյանի, հետաքրքված է Հայաստանով
«Բավականին լուրջ հետաքրքրվածություն ունի նաև հնդկական կողմը։ Հնդկաստանը ակտիվացրել է դիվանագիտական, տնտեսական կապերը, բայց այդ պահին կոնկերտ շոշափելի ներդրումային նախագծեր չունենք հնդկական կողմի հետ։ Բավականին լավ միտում կա, բայց այս ամենը պետք է դառնա նախագիծ, ծրագիր և իրականացվի»։
Այս պահին հստակ չէ, թե համագործակցությունը որքան շուտ կյանքի կոչվի։ Կարևոր է ոչ միայն ցանկությունը, այլև կարողությունը։ Հայաստան– Իրան– Հնդկաստան համագործակցության արդյունքում Հայաստանի տնտեսական հնարավորությունները կավելանան։ Կավելանան առևտրային, տրանսպորտային հոսքերը, ինչը Հայաստանը կդարձնի տարանցիկ երկիր։ Երևանը Սևծովյան վրացական նավահանգիստներով Հնդկաստանը և Իրանը կկապի Եվրոպայի հետ և հակառակը՝ ԵՄ-ն Հնդկաստանի հետ, իսկ Հայաստանի տարածքով միջանցքը Հնդկաստանին թույլ կտա մուտք գործել Սև ծովի նավահանգիստներ, ինչպես նաև, ավելի կարճ երթուղով՝ ԵԱՏՄ շուկա։ Տարեկան մինչև 30 մլն տոննա բեռների հոսք կարող է իրականացվել։ Դրանց մի փոքր մասն էլ եթե Հայաստանով անցնի, արդյունքը մեծ կլինի՝ արձանագրում է տնտեսագետը։ Իրանի և Հայաստանի տարածքով երթուղին Հնդկաստանին և Պարսից ծոցի երկրներին թույլ կտա 25 տոկոսով կրճատել լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև, գրեթե կրկնակի, փոխադրման ժամանակը (ներկա դրությամբ Սուեզի ջրանցքով անհրաժեշտ 40 օր ժամկետը նվազեցնելով մինչև 18 օրվա):