Վերնատուն

Լույս՝ ժամանակակից արվեստի ու ստեղծագործ անհատների վրա․ «Ահա» արվեստի հետազոտության կոլեկտիվ․ «Վերնատուն»

Արվեստաբան, համադրող, «Ահա» արվեստի հետազոտության ու ստեղծագործության կոլեկտիվի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանը խոսում է ժամանակակից արվեստի մերօրյա զարգացումների, «Ահա» կոլեկտիվի նախագծերի, համագործակցությունների մասին։

«Ահա»-ն հիմնվել է 2019 թվականին։ Նայիրի Խաչատուրեանն ասում է, որ ժամանակակից արվեստի ու թանգարանային ոլորտի միջև կապը սերտ չէր և մտածել է ստեղծել կամուրջ՝ արվեստագետների ու մշակութային հաստատությունների միջև։

«Ես սիրում եմ «լույս սփռել» արտահայտությունը․ լույս սփռել ժամանակակից արվեստի պատմության, լույս սփռել մտածող և ստեղծագործող անհատների վրա, ովքեր մտածում են, նախագծում են, իրագործում են։ Ես ցանկանում եմ արդի, ժամանակակից արվեստի շուրջ երկխոսություններ ստեղծել։ Դա կլինի հետազոտության միջոցով, որի արդյունքում գիրք կստեղծվի, կրթական ծրագիր կամ ցուցադրություն կամ գորգերի հավաքածու։ Պետք է ստեղծագործական կամուրջներ ստեղծենք տարբեր ոլորտի ստեղծագործող անձանց միջև, նաև նոր ընկերություններ ու հարաբերություններ՝ հավաքական աշխատանքի միջոցով»,— ասում է Նայիրի Խաչատուրեանը։

«Ահա» կոլեկտիվը այս տարիների ընթացքում մայրաքաղաքում, մարզերում, գյուղական մի շարք համայնքներում 10 հազարից ավելի նախագծեր է իրականացրել։ Նայիրի Խաչատուրեանի նպատակը անկախ և բաց ստեղծագործական հարթակ ստեղծելն է, նոր հարաբերություններ, բովանդակություն, անցյալի ու ժառանգության հանդեպ նոր երկխոսություններ ու վերաբերմունք ստեղծելն ու տարածելը։

«Ժառանգության հետ մեր հարաբերություններն ու կապը այդքան էլ առողջ չէ։ Մենք շատ պիտի աշխատենք ժառանգության հետ։ Ժառանգություն դա չի նշանակում անցյալի հետ աշխատանք։ Այդ աշխատանքը այսօրվա հետ է․ այս եկեղեցին գտնվում է այս տարածքում, ինչպիսին է մեր այսօրվա վերաբերմունքն այդ տարածքին, կառույցին, միջավայրին, նույնն էլ արհեստը, ոչ նյութական մշակույթը՝ բարբառները»,— ասում է Նայիրի Խաչատուրեանը։

Back to top button