ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գումար աշխատել սուպերմարկետո՞ւմ, թե՞ գումարը վատնել բուհում. ինչո՞ւ է պակասում բարձրագույն դիմողների քանակը

2024/25 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքներով թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր։ Կան բազմաթիվ մասնագիտություններ, հիմնականում մանկավարժական ու ագրարային, որտեղ ընդհանրապես դիմորդներ չեն եղել։ Ագրարային համալսարանին հատկացված 114 անվճար տեղից միասնական քննությունների արդյունքներով լրացվել է ընդամենը 21-ը։ Ինչո՞վ է պայմանավորված բուհերում այդքան շատ թափուր տեղերի առկայությունը, և ինչո՞ւ են ավելի քիչ սկսել դիմել բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Ագրարային համալսարանում թափուր մնացած տեղերը կլրացվեն նաև քոլեջների և ուսումնարանների շրջանավարտներով։ Նոր հրամանով առանց քննությունների բուհ կընդունվեն բոլոր այն շրջանավարտները, որոնք ունեն միջին մասնագիտական հաստատության ավարտական դիպլոմ։ Բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Աղասարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ արդեն 2 տասնյակ դիմողներ կան առկա մասնագիտությամբ, ավելի ուշ նաև հեռակայի համար դիմողներ կլինեն։

«Անասնաբուժությունում արդեն 4 դիմորդ ունենք, ևս 15 հոգի տարբեր այլ մասնագիիտություններով են դիմել։ Պարզապես առկա համակարգում դիմումների ընդունումը մինչև օգոստոսի 30-ն է լինելու, հեռակայում մինչև սեպտեմբերի 30-ը։ Մենք օգոստոսի 5-ից սկսել ենք ընդունելությունը»։

Բուհին հատկացված 114 անվճար տեղից միասնական քննությունների արդյունքներով լրացվել էր ընդամենը 21-ը։ Մինչև նոր հրամանը՝ Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուժության ֆակուլտետ այս տարի ընդունվել է ընդամենը 2 դիմորդ, Ճշգրիտ գյուղատնտեսություն` 3 հոգի։ Անցած տարիների համեմատ շատ բան չի փոխվել, նկատում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը, իսկ պատճառները մի քանիսն են։

«Նախկինում դիմորդները հանձնում էին մեկ քննություն, բերում էին դպրոցից։ Այժմ պարտադիր պահանջ է, որ պետք է հանձնեն երկու միասնական քննություն։ Երևի ծնողները դժվարանում են երկու առարկան էլ պարապել տալ։

Գուցե նաև այլևս հետաքրքիր չէ բարձրագույնում սովորելը։ Մեր ժողովուրդը, չգիտես ինչու, պարտադիր ձգտում է իրավաբան, տնտեսագետ, IT մասնագետ դառնալ»։

2024-2025 ուստարվա ընդունելության միասնական քննությունների արդյունքներով թափուր է մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղ։ Չնայած հնչեցված լուրջ թվերին, բուհերում թափուր մնացած տեղերը մեծ հաշվով անակնկալ չէին ոլորտի փորձագետների համար։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ Ագրարային համալսարանին թափուր տեղերով չի զիջում նաև Մանկավարժական համալսարանը։ Պատճառները մի քանիսն են, կարծում է։

«Երևի ամենավերջին գործոնը, որ որոշակի ազդեցություն ունեցավ հատկապես Ագրարային և Մանկավարժական համալսարանների պարագայում, քննությունների թվի փոփոխությունն էր։ Մինչև 2022 թվականը ագրարային համալսարան կարող էին ընդունվել անգամ առանց քննության, իսկ մանկավարժական՝ մեկ քննությամբ։ Երբ այս բուհերում քննությունների թիվը դարձավ առնվազն երկու, բնականաբար այդ բուհերի դիմորդները, որոնք հաճախ ինքնուրույն պարապած են լինում, մեծ մասը սկսեց դուրս մնալ կամ ընդհանրապես չդիմել։ Մյուս գործոնը, որ ևս ազդում է դիմորդների թվի վրա, դա 12-ամյա կրթությունն է»։

Կրթության տևողության երկարացմանը զուգահեռ երեխաները արդեն բարձր դասարաններում ձգտում են հնարավորինս շուտ աշխատաշուկա մտնել ու արդեն աշխատանք գտնելուց հետո, բոլորը չէ, որ ձգտում են բարձրագույն կրթություն ստանալ։

«Ուղղակի երեխաները հոգնում են սովորելուց, 11-12-րդ դասարանում սկսում են աշխատել, և երբ սկսում են գումար վաստակել, հասկանում են, որ բարձրագույն կրթություն ստանալն անիմաստ է։ Եվ, եթե թույլ աշակերտներ են լինում, գիտեն, որ անգամ բուհն ավարտելուց հետո չեն կարողանալու բարձր աշխատավարձով աշխատանք գտնել»։

Բուհերում թափուր տեղերի աճին նպաստել է նաև կրթության ընդհանուր որակի անկումը։ Միայն դպրոցում ստացած գիտելիքը բավարար չէ բուհ ընդունվելու համար, իսկ կրկնուսույցը ոչ բոլորի գրպանին է հասու։ Քանի դեռ կրթական, հատկապես բարձրագույն կրթության ոլորտում արմատական փոփոխություններ չեն կատարվում, Սերոբ Խաչատրյանը մեծ փոփոխություններ չի ակնկալում։ Նրա սպասելիքները բարձրագույն կրթության և գիտության օրենքի հետ են կապված։ Մինչ այդ, համոզված է, առնվազն դեռ հաջորդ տարի էլ բուհերում ընդունելության պատկերը չի փոխվելու։

Back to top button