ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կանաչ ավտոբուսներ՝ կանաչ քաղաքին. Վանաձորն էլեկտրական ավտոբուսներ ունի

Մի քանի օր է՝ 5 էլեկտրական ավտոբուսները Վանաձորում են։ Նույնքան էլ Գյումրուն են հատկացվել ԵՄ ֆինանսավորած ծրագրով։ 2 քաղաքները միաժամանակ ապահովվել են ավտոբուսների լիցքավորիչ կայաններով, տոմսավավերացման մշակված համակարգով։

Ծրագրի շրջանակում մշակվել է նաև համայնքների տրանսպորտային ռազմավարությունը։ Սուբվենցիոն ծրագրերով Վանաձորի իշխանությունները մտադիր են ևս 45 ավտոբուս ձեռք բերել: 

Երկար սպասված էլեկտրական ավտոբուսները վերջապես հասան Վանաձոր: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անձամբ փորձարկեց ավտոբուսներից մեկն ու մի պտույտ արեց Վանաձորի գլխավոր պողոտայում՝ ասում է համայնքապետարանի մամլո խոսնակ Աստղիկ Ավետիքյանը.

«Կիսվեց մեզ հետ տպավորություններով քաղաքապետը, ասաց ավտոմատ կառավարմամբ, հեշտ քշվող ավտոբուս է, մենք էլ որպես ուղևոր նստած  էինք, բավական լավն էր»:

Էկոլոգիապես անվտանգ ավտոբուսները ձեռք են բերվել ԵՄ ֆինանսավորած «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով։ Վրացական արտադրության ու «Արև» անվանումն ստացած ավտոբուսները նախատեսված են շուրջ 50 ուղևորի համար, ունեն օդորակման համակարգ, բայց դեռ պարզ չէ, թե որ երթուղիներում դրանք կաշխատեն՝ Աստղիկ Ավետիքյանն է ասում:

«Դեռ որոշված չէ 5 ավտոբուսները որ երթուղիներում կլինեն, բայց հաստատ կլինեն բանուկ հատվածներում: Մեկ լիցքավորմամբ 300 կմ քշվում է, ունի կոնդիցիոներ, 18 նստած, մինչ 30 կանգնած ուղևորի համար են»:

 Ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրին «Ռադիոլուր»-ին ասաց՝ բացի Գյումրուն ու Վանաձորին 5-ական ավտոբուսներ տրամադրելը, նաև մշակել 2 համայնքների 2022-2024 թթ. տրանսպորտային ծրագրերի ռազմավարությունն և գործողությունների ծրագիրը: Ըստ այդմ՝ ներդրվելու է ներհամայնքային տրանսպորտային նոր ցանց՝ տոմսավավերացման միասնական համակարգով ու հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց:

1 ավտոբուսի արժեքը շուրջ 140.000 եվրո է՝ ասում է ծրագրի ղեկավարը. «10 ավտոբուսի համար, գումարած լիցքավորման կայանները 6 հատ, վարորդների ուսուցումը ու 1 տարվա երաշխիքային սպասարկումը ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 700 երկու քաղաքների համար: Պատրաստվել է նաև տոմսային համակարգը և քաղաքացիները կվճարեն բոլոր տեսակի վճարային քարտերով և ամենակարևորը՝ պատրաստվել է հանրային տրանսպորտի ռազմավարությունը»:

Կանաչ ավտոբուսները ոչ Գյումրիում, ոչ Վանաձորում դեռ  չեն շահագործվում: Դրանք երթուղի կմտնեն, երբ ներդրվի նոր տոմսավավերացման համակարգը, ուղեվարձի փոփոխություն չի նախատեսվում, հնարավոր են երթուղիների սպասարկման տևողությունը երկարի.

«Նույն քարտերը կկիրառվեն թե՛ Վանաձորում, թե՛ Գյումրիում: Հնարավոր կլինի մեկ հպումով վճարում կատարել: Ավտոբուսները նաև ձայնային ազդանշան ունեն, որով հուշում են, թե որ հասցեում են գտնվում, կամ որ փողոցին են մոտենում, զբոսաշրջիկների համար լավ կլինի, որ իմանան, քաղաքի որ հատվածում են».

Մեկ այլ միջազգային ծրագրով Վանաձորում նախատեսված են 7 սմարթ կանգառների կահավորում՝ ասում է համայնքապետարանի արտաքին կապերի, զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը: Մինչև օգոստոսի վերջ դրանք ավարտական տեսքի կբերվեն: Կահավորված կլինեն երթուղիների, տեսարժան վայրերի վերաբերյալ տեղեկատվական վահանակներով . «GIZ-ի Լավ տեղական կառավարում ծրագրով շուտով դուք կտեսնեք մեր խելացի կանգառները: Պիլոտային ենք անում, բարեհաջող ընթացքի դեպքում բոլոր կանգառները կփոխարինվեն»:

Եթե Գյումրու տեղական իշխանությունները բանակցում են ՎԶԵԲ-ի հետ՝ Գյումրին ամբողջությամբ էլեկտրական ավտոբուսների անցնելու շուրջ, Վանաձորի համայնքային բյուջեի համար դրանք դեռևս շռայլություն են:

Ոչ էլեկտրական, հիբրիդ ավտոբուսներ համայնքային իշխանությունները մտադիր են ձեռք բերել 2025-ի սուբվենցիոն ծրագրով: 900 մլն. դրամից ավելի արժեքով նախագիծը պատրաստ է, 55 % ներդրումը համայնքինն է: Համայնքապետարանի պատասխանատուներն ասում են՝  նախատեսված 45 ավտոբուսներն էականորեն կբարելավեն Վանաձորի ներհամայնքային տրանսպորտի հարցը։

Բացի այս Վանաձորը ևս միացել է քաղաքապետերի դաշնագրին, որով պարտավորվել համայնքի տարածքում նվազեցնել արտանետումների քանակն ու ջանքեր գործադրել էկոլոգիապես անվնաս տրանսպորտ շահագործելու ուղղությամբ: Ծրագրով ձեռք են բերված գույքը, այդ թվում և ավտոբուսները դեռևս պետք է ավագանու որոշմամբ ընդունվեն Վանաձոր համայնքի հաշվեկշիռ: Առաջիկա ավագանու նիստին նախատեսվում է նաև համայնքապատկան կառույցի ստեղծման հարցը, որը կսպասարկի ներքաղաքային երթուղային ցանցը:  

Back to top button