Գերդաստաններ

«Սպանված աղավնի» ֆիլմի անզուգական կատարողն ու տաղանդավոր դուստրը. Սեյրանյաններ

Նա ՀՀ վաստակավոր արտիստ է, նրա հիմնական խնդիրը սերունդներին ազգային երաժշտությունը ներկայացնելն է, և այդ պատճառով էլ դուդուկով ձայնագրում է Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի ու այլ դասականների ստեղծագործություններ։ Նրա կատարումն է հնչում «Սպանված աղավնի» ֆիլմում, նրա դուդուկով ու նոր մոտեցմամբ է հնչում Արամ Խաչատրյանի «Պեպոյի երգը»։

Նրա շնորհիվ աշխարհի դուդուկահարներն ու երաժիշտները ճանաչում են մեր ազգային գունեղ երաժշտությունը։ Նրա դուստրը տաղանդավոր երգչուհի է։

1828-1830-ական թվականներին էրզրումից շատ ընտանիքներ գաղթեցին Ջավախքի տարածաշրջան, և նրանցից Ղազար պապի գերդաստանը հաստատվեց Սուլդա գյուղում։ Շատ համարձակ կին էր Սեյրանուհի տատը, որը Ղազարի որդու՝ Գուրգենի կինն էր։ Նա վրեժով էր լցված իր հարազատներին և որդուն սպանած թուրք փաշայի նկատմամբ և հետաքրքրված էր, թե նրանք երբ կարող են անցնել դեպի Թիֆլիս գնացող Սուլդայի ճանապարհով, որ կարողանար վրեժը լուծել։ Այս մասին պատմում է հենց Սեյրան մամի ծոռը՝ Կամո Սեյրանյանը։

Կամոյի Գուրգեն պապը հրաշալի երգում էր Սայաթ-Նովա, անգիր գիտեր Ջիվանու ամբողջ երգացանկը։ Սուլդայում նա էր ծաղկեցնում խնջույքներն ու հարսանիքները։ Որդին թեպետ երաժիշտ ու երգիչ չէր, սակայն գնահատում ու սիրում էր արվեստը և որդուն՝ Կամոյին էլ, դեռ 8 տարեկանում ուղարկում էր երաժշտական դպրոց՝ դուդուկ նվագել սովորելու, սակայն Կամոն մի կերպ էր հաճախում դասերի, իր համար կարծես մի անիրավ աշխարհ լիներ այդ դպրոցը և երբեք չէր ուզում բաժանվել բակից, խաղից, տղաներից։ Սակայն երբ 14 տարեկան էր, հայրը ավելի խստացրեց իր պահանջները և Կամոյին նորից տարավ դուդուկի՝ հակառակ տղայի կամքի և, նույնիսկ, առանց ուսուցչի ցանկության, երբ վերջինս ասաց. «Կամոյից Պողոս-Պետրոս» դուրս չի գա։ Կամոյին գերեցին առաջին ուսուցչի՝ դուդուկահար Գրիգոր Խաչատրյանի կատարումները՝ «Դլե Յամանը» և «Որսկան ախպերը»։ Այս հետաքրքիր մարդը շարժեց Կամոյի հետաքրքրությունը, Կամոն նրան էր ուզում նմանվել հագուկապով, շարժուձևով, ձեռք բերեց համբերություն, բայց նաև իր ուզածին հասնելու անհագուրդ կամք ու եռանդ։

Ահա և լեգենդար դուդուկահար Մկրտիչ Կարապետյանը սկսեց ուսուցանել Կամոյին։ Կամոն արդեն հետաքրքրություն էր առաջացնում իր ուսումնական և մտերիմների ու ընկերների միջավայրում։ Արդեն սիրում ու գնահատում էին նրան՝ որպես շնորհալի  երիտասարդի։ Շուտով՝ 2002 թվականին, նրան նկատեց Արզաս Ոսկանյանը և հրավիրեց նվագախումբ։

Կամոն, լինելով Կոնսերվատորիայի ուսանող, ծանոթանում էր գրեթե բոլոր դուդուկահարների հետ, համեմատում բոլորի կատարողական արվեստները, բայց աշխատում էր գտնել իրենը, այն առանձնահատուկը, որ պիտի բերեր, հասցներ իրեն ճանաչման։ Նա դարձավ մեր դուդուկի յուրահատկությունը ճիշտ հասկացող վարպետ։ Խուսափեց այն ամենից, ինչ մերը չէր. «Դուդուկ նվագում են վրացիները, դաղստանցիները, պարսիկները, արաբները, սակայն մեր մեծերը մեզ այնքան մեծ ժառանգություն են թողել, որ կարիք չկա ուրիշի երաժշտությունը մերը դարձնել», -ասում է Կամոն։

Կամոն համագործակցում է տարբեր ազգությունների երաժիշտների հետ։ Նրան հմայել էր մեքսիկացի Ռամոն Ֆլորեսը, շատ բան սովորեց Կամոն նրանից և հակառակը՝ Ռամոնն էլ Կամոյից։ Իրենց կատարումների պահին երաժշտական զրույցները, իմպրովիզները չէին վրիպում հանդիսատեսի աչքից։

Հանրահայտ արտիստի դուստրը՝ Սեդա Սեյրանյանը, արդեն կայացած երգչուհի է, երգում է և՛ ժողովրդական, և՛ ջազ-էստրադային ժանրերում։ Սեդան 14 տարեկան էր, երբ սկսեց երգել ու ընտանիքի անդամներին անակնկալի բերել։ Կամոն չմիջամտեց  նրա մասնագիտության ընտրությանը, քանի որ գիտեր, որ մարդու մեջ, եթե տաղանդ կա, այն արտահայտվելու է։

«Սեյրանյան փրոջեքտում» նրանց միասնական կատարումները շատ մեծ բավականություն են պարգևում ոչ միայն հայ, այլև օտարերկրյա հանդիսատեսին։ Բեմի վրա նույնիսկ նկատելի է Կամոյի գոհունակությունը դստեր փայլուն կատարումից, իսկ միջանկյալ պահերին տաղանդավոր հոր՝ դուդուկային և  սաքսոֆոնային կատարումներըը նոր բարձրակետի են հասցնում ու ընդհանրացնում դուետային ասելիքը։ Օրինակ՝ Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ պտույտ էկա» և Հավասու «Յայլավոր յարս» գործերը։

Շատ տաղանդավոր է նաև Կամոյի քրոջ որդին՝ Ոսկան Խաչբոլաղյանը։ Նրա հետ ոչ միայն Կամոն, այլև մեր հանրահայտ երաժիշտները մեծ հույսեր են կապում։ 

Տաղանդավոր երաժիշտը մշտապես հյուրեր է ունենում տանը և մեծամասամբ ինքն է պատրաստում նախընտրելի կերակուրները։

Իմ խնդրանքով նա ներկայացրեց Ուզբեկստանում սովորած ուզբեկական փլավը, որի պատրաստման համար նախատեսված կաթսան այնտեղից էր բերել և պատրաստման եղանակը նա կսովորեցնի  ամենայն մանրամասնությամբ։ Պարզվում է, որ նրա համար այստեղ էլ կարևոր են ներդաշնակությունն ու նաև իմպրովիզը։

Կամոն իրեն համարում է ժամանակի հետ քայլող մարդ, ում արյան մեջ հոսում է ժողովրդական մաքուր երաժշտությունը։

Այդպես են գնահատում ու ճանաչում Կամոյին։

Back to top button