Ամերիկաբնակ ջութակահարուհի Նունե Մելիքյանն օտարներին պատմում է հայ կոմպոզիտորների ու նրանց գործերի մասին:
Նունե Մելիքյանը ջութակահար է: Ծնվել է ՌԴ-ում, այնտեղ միջնակարգ ու երաժշտական կրթություն ստացել: Նրա երաժշտական ունակությունները հաշվի առնելով` ուսուցիչները Նունեին ուղղորդում են հայտնի Գնեսինների երաժշտական ակադեմիա, հետո` Մոսկվայի կոնսերվատորիա:
«Մոսկվայի կոնսերվատորիայում լավ առաջադիմություն ունեի: Սակայն որոշակի խտրականություն էի նկատում, ինչն էլ կրթությունս կիսատ թողնելու և ավելի մեծ հորիզոններ գտնելու պատճառ դարձան: Ինձ խորհուրդ տվեցին տեղափոխվել Կանադա` կրթությունս շարունակելու համար», — պատմում է Նունեն: Նա հիշում է Կանադայում ապրած տարիները և նշում, որ որևէ օգնություն և աջակցություն չի ստացել հայ համայնքից: «Երկիրը լայն հնարավորություններ է տալիս թե՛ սկսնակներին, թե՛ նորեկներին: Սակայն կարոտն ու մենակությունը շատ էին և ես դրանք լրացնելու համար սկսեցի հաճախակի լսել հայկական երաժշտություն, հայ կոմպոզիտորներին ուսումնասիրել և այլն»,- ասում է Նունեն։ Այդ ուսումնասիրություններն էլ նրա դոկտորական աշխատանքի թեման դարձան։ Այսօր նա հայ կոմպոզիտորների մասին պատմում է օտար հանդիսատեսին, որոնք ներկա են լինում նրա համերգներին:
Չսահմանափակվելով Կանադայում ստացած գիտելիքներով, մեկնում է ԱՄՆ և այնտեղ շարունակում կարիերան: «Նյու Յորքն այն մեծ հնարավորությունների շարունակությունն է, որի մեկնարկը տրվել էր դեռևս Կանադայում»,- ասում է Նունեն:
Մեր տաղանդավոր հայրենակցուհին այսօր բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտների հետ է համագործակցում, համերգներ ունենում ճանաչված համերգային դահլիճներում: «Այսօր իմ առջև դրել եմ մեծ նպատակ` հանրահռչակել հայ կոմպոզիտորներին ու նրանց հրաշալի գործերը: Օգոստոսի վերջին նախատեսել ենք փառատոն անցկացնել, որի ժամանակ նվագելու ենք հասարակություններին ոչ այնքան հայտնի գործերը, այդ թվում` հայ կոմպոզիտորներինը»:
Ջութակահարուհին ոգեւորությամբ պատմում է, որ հրատարակել է Առնո Բաբաջանյանի մասին պատմող անգլերեն գիրք, որը տարածվելու է օտարերկրացիների շրջանում համերգների ժամանակ։
Նունե Մելիքյանի երաժշտական առաջընթացի նշաձողը, ինչպես ինքն է նշում, հայ մշակույթը ճանաչելի դարձնելն է: «Ես արդեն ստացել եմ դոկտորական աստիճան, համերգների պակաս չեմ ունենում, համագործակցությունների` նույնպես: Իմ մեծ նպատակն է` իմ հայրենիքին օգուտ բերելը, նրան իմ հնարավորությունների չափով աջակցել ու երաժշտության միջոցով մեզ ճանաչելի դարձնել»,- ասում է նա։
Նա պնդում է, որ հայ մշակույթի հանրահռչակման աշխատանքները պետք է արագացվեն, քանի որ այսօր դրանք օտար ափերում յուրացվում են եւ հայտարարվում ոչ հայկական։