Չփորձարկված փոքրն ավելի վտանգավոր է, քան փորձարկված մեծը․ ի՞նչ հզորության ատոմակայան է պետք Հայաստանին
Ի՞նչ տեխնոլոգիա և ի՞նչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի․ հավանաբար արդեն հաջորդ գարնանը կհստակեցվի, թե Հայաստանն ինչպիսի ատոմակայն կունենա։ 12 տարին երկար ժամանակ չէ՝ ասում են փորձագետները, ընդգծելով՝ մինչև 2036թ Հայաստանի նոր ատոմակայանը պետք է կառուցված լինի։ Մասնագետների գերակշռող մասը կարծում է, որ Հայաստանին 600 մեգավատ հզորությունից ոչ պակաս կայան է անհրաժեշտ։ Սա գոնե ներկա էներգետիկ բալանսը պահելու համար է։ Օրերս կառավարության որոշմամբ ստեղծվեց «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը։
Ամերիկյան մի ընկերություն Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակահարմարության վերաբերյալ։ Տեղեկությունը «Ռադիոլուրին» փոխանցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ամերիկյան ընկերության անունը դեռ չի նշվում, բայց ասվում է, որ այն հեղինակավոր ընկերություն է և ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում ամերիկյան արտադրողների առաջարկած փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե ո՞ր արտադրողի տեխնոլոգիան է ամենահարմարը Հայաստանի կարիքները բավարարելու համար, և թե Հայաստանի պարագայում ի՞նչ տեխնոլոգիա և ի՞նչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի։ Նշվում է նաև, որ հետազոտությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը:
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը ընդգծում է՝ մասնագետների գերակշռող մասը կարծում է, որ Հայաստանին 600 մեգավատ հզորությունից ոչ պակաս կայան է անհրաժեշտ։
«Դա էներգետիկ բալանսի պահպանման, առնվազն ներկա իրավիճակը պահպանելու համար այնքան անհրաժեշտ է ՀՀ–ի համար։ Հետևաբար մասնագիտական մակարդակում վեճ չի կարող լինել»։
Հայկական էներգետիկական ակադեմիա ՀԿ նախագահ Ստեփան Պապիկյանը, որը ոլորտում ավելի քան 50 տարվա փորձ ունի, նշում է՝ հուսալի աշխատող ատոմակայան է անհրաժեշտ Հայաստանին։ Գործող ատոմակայանն իր հուսալիությունը արդեն ցույց է տվել․
«Մոտ 600 մեգավատ հզորությամբ ատոմակայան է պետք կառուցել։ Այն պետք է լինի Հայաստանի ատոմակայանի հարակից տարածքում։ Այս պահին քննարկում են մոտ 1200 մեգավատ հզորությամբ ատոմակայանի հարցը, բայց այդքան հզորություն մեզ պետք չէ։ Ասում են, որ հզորությունը կարող ենք վաճառել Իրանին, ՌԴ–ի հետ պայմանագիր կնքենք, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ բոլոր պայմանավորվածություններն են 30–40 տարվա կտրվածքով իրականացվում»։
Ամերիկյան մոդուլային ատոմակայանները ապագա ունեն, բայց շահագործման առումով խնդիրներ կարող են առաջացնել, շահագործման ռեսուրս չունեն։
«Մենք չգիտենք, թե նրանք իրենց ինչպես կպահեն և՛ Հայաստանի, և՛ աշխարհի համար»։
Արթուր Ավանեսյանն ընդդգծում է՝ այն փոքր մոդուլային կայանները՝ 50 կամ 70 մգվտ հզորությամբ, որոնք առաջարկում են, փորձարկված չեն։ Մինչև 2030 թվականը չեն էլ փորձարկվելու։ Եթե անգամ լիցենզիան էլ լինի, միևնույնն է մտահոգող հարցեր կան․
«Արդյո՞ ք հնարավոր է միացնել 10 մեգավատը և ապահովել անհրաժեշտ հզորությունը։ Դրա համար այժմ ակտիվացել է նաև Westinghouse –ը, որը մասնագիտացված է մեծ ատոմակայանների կառուցման մեջ։ Բայց այժմ իրենք փոքր հզորություններ են փորձում՝ 300 մգվտ հզորությամբ կայանների մասին է խոսքը։ Բայց ամենամեծ մտահոգությունները, որն ունեմ ես և մյուս մասնագետները, որևէ տեղ ներդրված չլինելու փաստն է»։
Ինչպես է էլեկտրականություն արտադրվում ատոմակայանում, կա՞ն արդյոք տեխնոլոգիական տարբերություններ ատոմային մեծ ու փոքր ռեակտորների միջև։ «Գոյություն ունեն այնպիսի նյութեր, այդ թվում՝ ուրանը, որոնք շատ փոքր էներգիա տալով, բաժանվում են, միջուկի մեջ ռեակցիա է տեղի ունենում»,– բացատրում է ԵՊՀ Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Բալաբեկյանը։
«Ուրանի միջուկն է բաժանվում։ Մարդկությունը կարողացել է այդ պրոցեսի հիման վրա սարքավորումներ ստեղծել՝ ատոմակայաններ, որտեղ կուտակում է էներգիան»։
Հայաստանն ունի էներգետիկ երեք աղբյուր։ Պայմանականորեն դրանք կարելի է բաժանել կախյալ և անկախ խմբերի՝ գազ ու նավթ, որոնք չունենք, և անկախ խումբը՝ հէկ–երն ու ատոմակայանը։ Այս երեք խմբերն էլ իրենց հավասարաչափ, այսպես ասենք՝ ներկայությամբ ապահովում են Հայաստանի էներգետիկ անկախությունը։
Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Բալաբեկյան․ «Փոքր ատոմակայաններ ու մոդուլյար ռեակտորներ, որ ասում են, սկզբունքը նույն է՝ բաժանման ու ճեղքման ռեկացիների հիման վրա է էներգիան անջատվում։ Բայց ֆինանսական հարցերը նույնպես կարևոր են, ինչո՞ւ ոչ, ատոմակայանի կառուցումը նաև քաղաքական որոշում է »։
Մասնագետներն ընդգծում են՝ ցանկացած ընտրություն պետք է բխի ՀՀ շահերից։ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը նշում է՝ նման կարևոր որոշումները Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացման կամ առնվազն ներկա վիճակը պահպանելուն պետք է միտված լինեն։