ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Թեհրանից՝ Բաքու. Շոյգուի այցը՝ Ադրբեջան-Իսրայել կապերի և Իրան-Իսրայել լարվածության ֆոնին

Մերձավոր արևելքում հնարավոր էսկալացիայի ֆոնին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահին։ Պաշտոնական հաղորդագրություն, թե ինչ են քննարկել Շոյգուն և Ալիևը Բավքում, առայժմ չկա։ Թե ինչո՞ւ է Իրանից հետո Շոյգուն որոշել անպայման այցելել Բաքու՝ փորձագիտական շրջանակների համար արդեն պարզ է քննարկման նյութը։ Շոյգուն Բաքու է մեկնել` Ադրբեջանին զգուշացնելու և Իսրայելի օգտին միջամտությունից զերծ պահելու նպատակով:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարն Ադրբեջանի Հանրապետություն է մեկնել Իրանում ունեցած հանդիպումներից հետո։ Փորձագետներն այս հանգամանքն ամենևին էլ պատահական չեն համարում։ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան-հետազոտող, իրանագետ Հասմիկ Կիրակոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց.

«Մի շատ կարևոր հանգամանք է այս այցից հետևում. այն, որ Ադրբեջանը վերածվել է իսկապես Իսրայելի պրոքսի երկրի տարածաշրջանում։ Մի իսրայելամետ ուժի, որը որոշակի, այսպես ասած, Արցախի խնդիրը հօգուտ իրեն լուծելուց հետո, որոշակի պարտավորվածություն է վերցրել նաև Իսրայելին աջակցելու։ Արդեն ակնհայտորեն պարզ է դառնում, որ նա վերածվել է Իսրայելի համար պրոքսի երկրի այս տարածաշրջանում»։

Թեհրանում ռուս պաշտոնյան հանդիպել էր նաև Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիի հետ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում Շոյգուի հետ հադիպմանը հայտարել է՝ Վաշինգտոնի ղեկավարության դարաշրջանն անցել է: Նրա խոսքով՝ աշխարհում բազմաբևեռություն տարածելու նպատակով՝ Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը կբարձրացնի անվտանգությունը գլոբալ մակարդակում:

Իրանի նորընտիր նախագահը միաժամանակ Շոյգույին վստահեցրել է, որ Իսրայելի ռեժիմն անպայման պատասխան կստանա իր կատարած հանցագործությունների համար։ «Գեղարդ» հիմնադրամի փորձագետը նկատում է. 

«Իրանում իր հանդիպումներից որքանով, որ պարզ է դառնում՝ խոսակցությունը միանշանակ ընթացել է, որ Իրանն անպայման պետք է պատասխան տա Իսրայելի գործողությանը և, բնականաբար, Իրանին զսպելու միտում Ռուսաստանն այստեղ չունի։ Կարծում եմ Ռուսաստանը համաձայն է այն մտքի հետ, որ, այո՛, պետք է համապատասխան պատասխանը տրվի»։

Որոշ փորձագետներ նկատում են, որ Շոյգուի այցը Բաքու մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես ադրբեջանական ազգայնամոլական ուժերի շրջանում։ Այդ շրջանակները սոցցանցերում քննարկում են Իսրայել-Իրան հնարավոր ռազմական բախման «պատմական հնարավորությունից օգտվելու» մասին։ Փորձագետները չեն բացառում, որ եթե Իրան-Իսրայել պատերազմ լինի, ապա իրավիճակը կարող է սրվել նաև Հարավային Կովկասում, ինչն էլ Ադրբեջանի համար պատեհ առիթ կդառնա՝ փորձելու խլել «Զանգեզուրի միջանցքը»։

Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյան. «Հաշվի առնելով, որ սա նաև երկրորդ ճակատ է բացում Իրանի դեմ և սրան, բնականաբար, Միացյալ Նահանգները դեմ չի լինելու»։

Որոշ փորձագետներ, սակայն, կարծում են, որ ԱՄՆ-ին նույնպես մեծ պատերազմ այս տարածաշրջանում պետք չէ՝ առաջիկայում այդ երկրում նախագահական ընտրություններով պայմանավորված։ Նա կփորձի զսպող գործառույթ իրականացնել։ Ըստ որոշ փորձագետների՝ նույնպիսի գործառույթ որոշակիորեն ունի նաև Շոյգույի այցը Բաքու՝ զգուշացնելով Ալիևին չմիջամտել Իսրայելի օգտին որևէ գործողության, որն Իրանի դեմ կլինի։ Իրանագետ Հասմիկ Կիրակոսյանը կիսում է այս տեսակետը.

«Ամեն դեպքում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի այցը նպատակ ուներ որոշակիորեն Ադրբեջանին զսպելու, ինչու չէ, նաև հասկացնելու այն իրավիճակը, որի մեջ հայտնվում  է իր այդ գործողություններով և Իրանին ուղղակի սպառնալիք է հանդիսանում՝ Իրանի սահմաններին մոտեցնելով Իսրայելը։ Այստեղ, կարծում եմ, այո՛, անպայման այս մեսիջը պետք է տեսնենք»։

Այն, որ գնալով մեծ պատերազմի հավանականությունը մեծանում է՝ փորձագետները չեն կասկածում։ Նկատում են, որ անգամ այդ հեռանկարն Իրանին հետ չի պահի վրեժ լուծելու իր խոստումից։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյան. «Իրանը մտադիր է մտնել պատերազմի մեջ։ Թե ե՞րբ կլինի դա, կարծում եմ, որ սա ամենամեծ գաղտնիքն է և ամենամեծ անակնկալն է լինելու Արևմուտքի՝ ԱՄՆ-Իսրայել զույգի համար։ Իրենք էլ կտրուկ գործողությունների չեն դիմում, փորձում են հարցը դիվանագիտական հարթությամբ կարգավորել՝ միջնորդ երկրների մասնակցությամբ»։

Իրանագետ Հասմիկ Կիրակոսյանը, մինչդեռ, կարծում է, որ Իրանը հակված չէ տարածաշրջանում շատ մեծ պատերազմի, ինչից կփորձի խուսափել։ Նա դրանով է պայմանավորում նաև Թեհրանի հանդարտ գործելաոճը. նախ՝ ամբողջ աշխարհին միանշանակորեն ապացուցել իր ինքնապաշտպանության իրավունքը, ապա՝ ցույց տալ Իսրայելի ռեժիմի ագրեսոր դեմքն ու մեղավորությունը։ Բայց, որ պատասխան կլինի՝ կասկածից դուրս է։ Հետևաբար, այս պահի իրավիճակն իրանագետը բնութագրում է որպես «լռություն փոթորկից առաջ»։  

Back to top button