Ավելացնե՞լ պետական պարտքը, թե՞ կրճատել ծախսերը․ կառավարությունն ինքը կորոշի
Ֆինանսների նախարարությունն օրերս հրապարակել էր պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի ամփոփ տվյալները։ Փորձագետները արձանագրում են՝ թերակատարում ունենք և՛ եկամուտների, և՛ ծախսերի մասով։ Եկամուտների մասով նախանշված ցուցանիշից թերակատարում կա, ինչը փորձագիտական դաշտի պնդմամբ, պայմանավորված է ավելի բարձր տնտեսական աճի ու ակտիվության սպասումներով, ինչը, ըստ էության, չի արդարացել։ Ծախսերի մասով կրկին թերակատարում կա։ Սովորաբար այսպես էլ լինում է։
Ռելոկանտներ, ՏՏ հատվածի աշխատողներ, ոսկու վերաարտահանման ծավալների աննախադեպ աճ․ այս գործոններով պայմանավորված՝ 2024 թվականի պետական բյուջեն նախագծելիս տնտեսական ցուցանիշներից ակնկալիքները մեծ էին։ Բայց կիսամյակային տվյալները հուշում են՝ ռուս-ուկրիանական պատերազմով պայմանավորված այցելուների հոսքը գրեթե դադարել է, Հայաստանում գործող ՏՏ ոլորտի մասնագետների քանակը նվազել է։ Ավելին, պակասել է նաև ոսկու արտահանման ծավալը։ Ամբողջական արտացոլումը վիճակագրության մեջ է։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանն ընդգծում է․
«Եկամուտների մասով թերակատարում կա, որը պայմանավորված է ավելի բարձր տնտեսական աճի ու ակտիվության սպասումներով, որը, ըստ էության, չարդարացավ՝ տարվա արդյունքներով։ Ծախսերի մասով կրկին՝ ավելի քիչ, որոշակի թերակատարում կա։ Սովորաբար ծասխերի մասով գրեթե միշտ թերակատարում կա։ Քանի որ եկամուտներն ավելի քիչ են թերակատարվել, քան ծախսերը, հավելուրդ ունենք։ Մոտ 8 տոկոս եկամուտներն են թերակատարված, մոտ 12,5 տոկոս՝ ծախսերը»։
ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 11 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված ավելի քան 56 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուրջ 134 մլրդ դրամ հավելուրդի դիմաց: 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն առաջին կիսամյակում կազմել են 1 միլիարդ 243 միլիոն 700 հազար դրամ։ Վիճակագարության համաձայն, ապահովվել է առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 92%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.2%‑ով կամ 83 մլրդ դրամով: Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 միլիարդ 232 միլիոն 700 հազար դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են մոտ 20 տոկոսով։ Կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրում վերանայել է իր սպասումները՝ արձանագրում է տնտեսագետը։ Դրանք ավելի համեստ են։
«Կառավարությունն այլևս 7 և ավելի տոկոս տնտեսական աճ չի սպասում։ Իր սպասումները 6 տոկոսի շրջանակներում են։ Այս իրավիճակն է, որը առաջացրել է եկամուտների թերակատարում։ Դրա մի մասը կարող ենք կապել վարչարարության խնդիրների հետ, բայց հիմնական պատճառն ավելի մեծ տնտեսական աճի կամ ակտիվության սպասումներն են եղել, որը իրականությունը չարդարացեց»։
Երկնիշ տնտեսական ակտիվություն կար՝ ոսկու վերարտահանմամբ պայմանավորված, բայց դա իրականում ավելացված արժեք չի ստեղծում՝ բացատրում է մասնագետը։ Նշում է՝ առևտրի ծավալների, արտահանման ու ներմուծման ծավալների վրա ազդում է, բայց իրականում տնտեսական աճ չի ստեղծում։
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանն արձանագրում է հետևյալը․
«Նախորդ տարվա համեմատ բյուջեի հավաքման տեմպն ունի որոշակի նվազման միտում։ Երկրորդ հիմնական առանձնահատկությունն այն է, որ բյուջեի հավաքումն ավելի բարձր տեմպով է, քան ծրագրերի իրականացումը։ Հավաքված գումարը ծրագրային տեսքով ասեմ՝ տեղ չկա բաշխելու։ Նախատեսված ծախսումներն ամբողջությամբ չեն իրականացվում։ Սա խոսում է ծրագրերի կատարման որակի մասին։ Նախագծերի ստեղծման ու կապիտալ ծրագրերի իրականացման մասով, կարծում եմ, որոշակի խնդիր ունենք»։
Տնտեսագետի խոսքով՝ ռելոկատների թվի նվազում անկնկալվում էր։ Ուստի նրանք չէին կարող ներգրավվել երկարաժամկետ ծրագրերում։ Իհարկե, չի ժխտում՝ սկզբնական շրջանում նրանք էական դեր ունեցան։ Բայց միայն այդքանը․
«Պետք է ասել, որ դժվար էր, քանի որ մենք չունենք ծրագրեր, ներդրումներ կատարելու որոշակի ենթակառոիցվածքներ։ Զբոսաշրջիկների մուտքը նույնպես նվազել է, որոշակիորեն նվազել են նաև զբոսաշրջությունից ակնկալվող եկամուտները»։
Ի՞նչ պետք է անի կառավարությունն այս փուլում՝ ավելացնի՞ պարտքը, թե՞ կրճատի ծախսերը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը հիշեցնում է՝ նախ՝ կառավարությունն ունի պահուստային ֆոնդ։ Սա իրավիճակը մեղմելու հարցում դեր կխաղա։ Բայց միայն սա բավարար չէ, ռիսկային է նաև պարտքի ավելացումը․
«Չեմ կարծում, որ այս առումով պարտքի մեծացումը ճիշտ որոշում կլինի, քանի որ իրականում շատ ցուցանիշների վրա կազդի։ Կազդի նաև պարտքի կառավարման արդյունավետության վրա։ ԿԲ-ն տոկոսադրույքներ է իջեցնում, Ֆինանսների նախարարությունը ավելացնում է ներքին պարտքի ծավալի շեմը։ Կառավարությունն իր հայտարարության մեջ նշել էր, որ մի քանի տեղաբաշխումներ թերակաատրվել են։ Պատճառը իրականում շուկայի կողմից ավելի բարձր տոկոսադրույքներն են եղել, քան Ֆինանսների նախարարությունը շուկայական է համարել։
Արդյունքում՝ աճուրդները չեն բավարարել։ Կունենանք մի իրավիճակ, որ բարձրացվի պետական պարտատոսմերի տոկոսադրույքները, եթե կառավրությունը գնա պետական պարտքի ավելացման»։
Տնտեսագետի կարծիքով՝ ծախսերի կրճատումն ավելի նպատակահարմար կլինի։ Բացատրություն կա՝ միևնույնն է, պատմակարորեն միշտ լինում է ծախսերի թերակատարում։ Իսկ թե հատկապես ինչ ծախսեր կկրճատվեն կամ ինչ ճանապարհ կընտրվի ստեղծված իրավիճակում, կառավարության որոշելիքն է՝ ամփոփում է Էդգար Աղաբեկյանը։