Հայաստան-Սփյուռք համախմբում՝ հայապահպանության հարցը կրթությամբ լուծելու համար
Այսօր մեկնարկել և մինչև օգոստոսի 9-նընթանալու է Համահայակական 11-րդ կրթական խորհրդաժողովը, որի շրջանակում Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող հաստատությունների ներկայացուցիչները, տնօրեններն ու ուսուցիչներն անդրադառնալու են Սփյուռքի տարբեր տարածաշրջաններում կրթության ոլորտում առկա վիճակին։ Այս տարի խորհրդաժողովի օրակարգում Ակադեմիական քաղաքին, Հանրակրթության նոր չափորոշչին և դասագրքերին, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումների ծրագերին առնչվող թեմաներ են։
15 երկրից 100 պատվիրակ Հայաստանում են՝ Սփյուռքի հայկական կրթահամալիրներում առկա խնդիրները քննարկելու համար։ Այսպիսի հանդիպումներ տեղի են ունենում 2004-ից՝ 2 տարին մեկ պարբերականությամբ։ Համահայակական 11-րդ կրթական խորհրդաժողովում հավաքված մարդիկ այս տարի Ակադեմիական քաղաքի, Հանրակրթության նոր չափորոշչի և դասագրքերի, Հայաստանի պետական լեզվաքաղաքականության, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումների ծրագրերի մասին են երկխոսելու։
Այս խոսակցություններն արդյունք են տալիս՝ կարծում է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը․ «Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ նմանատիպ համաժողովի, միշտ մեծապես տպավորված եմ եղել, քանի որ սա կարևոր հարթակ է թե՛ կիսելու մեր փորձը կոլեգաների հետ, թե՛ ավելի խորացնելու մեր փոխհարաբերությունը օտարերկրյա և հայաստանյան գործընկներների հետ։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է մեկ պետություն, յուրաքանչյուր պետության կրթության քաղաքականությունը տարբեր է, և մենք մեկ հարթակի շրջանակում կարողանում ենք կատարել փորձի փոխանակում»։
Շատ կարևոր է միջազգային համագործակցության հնարավորությունը՝ ասում է Սոնա Հարությունյանը։ Վենետիկի և Երևանի պետական համալսարաններն, օրինակ, արդեն 10 տարի համագործակցում են, 50-ից ավելի ուսանող ու դասախոս են հյուրընկալել, համատեղ ակադեմիական աշխատանք կատարել։
Հայաստանի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս վստահ է՝ ճիշտ օգտագործելու դեպքում խորհրդաժողովը կրթության որակը բարելավող ու նոր գաղափարներ տվող լավ գործիք է դառնում․
«Այս պահին պետությունն ամբողջ ծավալով իրականացնում է շատ տարբեր ծրագրեր։ Ես ուղղակի թվարկեմ՝ հայագիտական կենտրոնների ցանցը, որ ամեն տարի 2-ով ավելացնելով ոչ միայն շարունակում ենք, այլև ընդլայնում ենք, Սփյուռքի դասագրքերի տրամադրումն է, ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն է, համահայկական բնագիտական և հայագիտական օլիմպիադան է, նաև այս տարի ունենք Սփյուռքի կրթամշակութային աջակցության ծրագիր։ Կարծում եմ՝ այս ծրագրերիս ոմանք ներշնչվել են խորհրդաժողովի արդյունքերով»։
Այս տարի կրթական խորհրդաժողովի կազմակերպիչներն իրենց առաջ հստակ խնդիր են դրել․Հայսատանում կրթական լայնամասշտաբ բարեփոխումներ են իրականացվում, Սփյուռքը պետք է ծանոթ լինի դրանց, հասկանա դրանց բնույթն ու համադրի այն պետական ծրագրերում։
«Կարիք կա, որ Սփյուռքի կրթությունը լինի ոչ թե այնպես, ինչպես միշտ լինում է, այլ ժամանակի շնչին, Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին համահունչ։ Այս նպատակով, կարծում եմ՝ սա լավագույն հարթակներից մեկն է։ Սփյուռքում հայապահպանությունը մշտական մարտահրավեր է և դա լուծելի մարտահրավեր չի։ Մեր խնդիրն է գտնել ավելի կենսունակ մեխանիզմներ Սփյուռքում հայկական կրթության կազմակերպման համար, մասնավորապես, եթե առաջ դիցուկ որևէ համայնքում աշակերտների թիվը հերիքում էր, որ այնտեղ ունենայինք մշտական դպրոց, հիմա եթե այդպիսի կրիտիկական զանգված չկա, կարելի է դա անել մեկօրյա դպրոցի միջոցով, մեր դերն է գտնել բոլոր այդ մեխանիզմները։ Կամ տեխնոլոգիաներն այնքան են զարագացել, որ այսօր կարելի է տարբեր հավելվածների միջոցով լեզուներ սովորեցնել։ Միգուցե մենք դրանք դիտարկենք թե՛ պետական ֆինասնավորման և նաև մասնավորի ներգրավմաբ, և, ինչու ոչ, Սփյուռքում էլ կան ռեսուրսներ, որոնք չօգտագործված են, դրանց ներգրավմամբ»։
Մասնակիցներն օգոստոսի 5-9-ը անցկացվելիք խորհրդաժողովից մեկ առաջնային ակնկալիք ունեն՝ չդիտարկել այն որպես պարտադիր կատարման ենթակա, սակայն անարդյունք հանդիպում, այլ իսկապես ձևակերպել խնդիրներ ու լուծել դրանք Հայաստան-Սփյուռք համատեղ ջանքով։