Երկրորդ շնչառություն

Բարդ խնդիրներ դնել ու լուծելուց հետո նորերը մտածել. 80-ամյա Սուրեն Օհանյանի երիտասարդության գաղտնիքը․ «Երկրորդ դշնչառություն»

Միշտ երիտասարդ մնալու համար մարդ պետք է իր առաջ բարդ խնդիրներ դնի ու լուծելուց հետո նորերը մտածի, որպեսզի ուղեղը միշտ զբաղված լինի նոր ելքներ գտնելով ու երբեք չծերանա: Սա «Եվրասիա» միջազգային համալսարանի հիմնադիր, գիտության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի երիտասարդության բանաձևը:

Դրան նա գումարում է լավ գենն ու հետևողականությունը դաստիարակության մեջ, ընտանիքը մեծ նշանակություն ունի անհատի ձևավորման ու պետության համար արժեք ստեղծող լավ մասնագետ և քաղաքացի ձևավորելու գործում:

«Այս տարի օգոստոսի 18-ին դառնում եմ 80 տարեկան: Ճիշտն ասած կողքից որ ասում են նոր գլխի եմ ընկնում, թե չէ ես իմ շնչով իմ ռիթմով շարունակում եմ ամենօրյա գործունեությունս»,- ասում է զրուցակիցս՝ կատակելով, թե նեղացել է, որ իրեն միանգամից համարել եմ 60 անց, չէ՞ ինքը երիտասարդներին լավ հասկանում է, որևէ անջրպետ չկա: Նա անկեղծանում է, որ չի էլ զգացել, թե ոնց է անցել թոշակի, նույն տեմպով շարունակում է աշխատել:  

Ամբողջ կյանքը կրթության բնագավառում աշխատած Ս.Օհանյանը սկսել է Երևանի պետական համալսարանից, կանգնած է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման ակունքներում, իսկ 1998-ից արդեն սերունդներ կրթելու տեսլականն իրականություն է դարձնում իր հիմնադրած ուսումնական հաստատություններում՝ նախադպրոցական կրթությունից մինչև մագիստրատուրա:

«Երբ անծանոթ միջավայրում եմ լինում, հանկարծ մեկը կգա ու կգրկախառնվի, պարզվում է, որ իմ նախկին ուսանողներից է, սա է իմ պարգևն ու շահը որպես մանկավարժ»,- ասում է մասնագիտությամբ աշխարհագրագետ Սուրեն Օհանյանը, որ նաև դպրոցական դասագրքի հեղինակ է եղել: Նա համոզված է, որ աշխարհագրությունն ընդլայնում է սովորողի մտահորիզոնը՝ մոտիվացնելով սովորել նաև մյուս առարկաները, հասնել ավելիին:

Անդրադառնալով կրթական համակարգի այսօրվա խնդիրներին՝ Սուրեն Օհանյանն արձանագրում է, որ մանկավարժները չեն զարգացնում իրենց կարողություններն ու հմտությունները բավարար տեմպերով, հիմնականում մանկավարժ դառնում են ոչ թե լավագույնները, այլ նրանք, որ որևէ այլ ենթադրյալ շահավետ մասնագիտություն չեն կարողանում ձեռք բերել: Նրա համոզմամբ, ուսուցիչն ու դասախոսը պետք է արժանապատիվ վարձատրություն ստանան, որ գումարի մասին չմտածեն ու ժամանակ ունենան կատարելագործվելու:

«Եթե դու մտնես լսարան ու սկսես էն նախկինի պես թելադրել, հարգանք չես վայելի, երեխան կձանձրանա, քանի որ տեխնոլոգիաների կիրառմամբ նա դա արդեն գիտի: Շատ կարևոր է, որ երեխան ինքը սովորի հետազոտելով»,-կարծում է պրոֆեսորը:

Հասակակիցներին նա խորհուրդ է տալիս շարունակել աշխատել, նոր ծրագրեր կազմել ու իրականացնել: «Բակում նարդի խաղալու փոխարեն թող շարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը: Նույն իներցիայով եթե շարունակեն աշխատելը, տարիքը չեն զգա: Այնքան շատ ծրագրեր ունեմ, որ պետք է 200-300 տարի ապրեմ, որ բոլորը հասցնեմ իրականացնել: Ես տարիքս չեմ զգում, ուղղակի առաջ աստիճանները վազելով էի բարձրանում, հիմա քայլելով, դա է միակ տարբերությունը»,— եզրափակում է Սուրեն Օհանյանը:

Back to top button