Քաղաքականությո՞ւն, թե՞ թունաքիմիկատներ․ ՌԴ-ն չի վերացնում ՀՀ-ից որոշ մթերքների ներմուծման արգելքը
Ռուսաստանն արգելել է Հայաստանից որոշ արտահանողների կողմից պտուղ-բանջարեղենի ներմուծումն իր տարածք։ Սահմանափակումերի հետ կապված ՍԱՏՄ-ն բանակցում է ՌԴ-ի հետ, բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, բայց ռուսական կողմը չի վերացրել արգելքը։
ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում 16 այն ընկերություններում, որոնց արտադրանքում ռուսական կողմից խախտումներ էին արձանագրվել։
«Ֆուդ Ագրո-Թրեյդ» ընկերությունը մեկն է 16 այն ընկերություններից, որ հայտնվել է «Ռոսսելխոզնադզոր»-ի սև ցուցակում։ Ընկերությունը թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանում ՌԴ։
Ընկերության ներկայացուցիչ Հարություն Մնացականյան․ «Առաջին արտահանումը եղել է 2024 թ-ի մարտի 26-ին, հետո ապրիլի 18-ին։ «Ռոսսելխոզնադզոր»-ը տեղեկացրել է մեր ՍԱՏՄՆ-ին, որ կան արտահանված խնձորում չթույլատրված քանակի թունաքիմիկատներ, բայց ՍԱՏՄ-ն մեզ բացարձակ չի տեղեկացրել և մենք ոչինչ չիմանալով արտահանել ենք ևս 6 մեքենա այդ նույն խնձորից։ Տեղեկացված եղել են միայն սև ցուցակում հայտնվելուց հետո»։
Մնացականյանն ասում է, որ ՌԴ-ն առաջին անգամ ՍԱՏՄ-ին տեղեկացրել է մայիս ամսին, որից հետո հունիսին հայտնվել են սև ցուցակում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասում է, որ ՌԴ-նն իրենց այդ մասին տեղեկացել է այս տարվա հունիսին։ Խոսքը 2023թ աշնանն արտահանված բերքի մասին է։
«Խաղողը և խնձորն արտահանվել են ՌԴ, այնտեղ սպառվել են, մոնիթորինգի արդյունքները ՍԱՏՄ-ին ուղարկվել են հունիս ամսին ու հիմա ասում են պարզեք՝ ինչո՞ւ է այս խնդիրն առաջացել»։
Անուշ Հարությունյանն ասում է, որ պրակտիկայում սա առաջին դեպքն է, երբ ապրանքը սպառվում է, իրացվում, բայց մոնիթորիգի արդյունքներն ուղարկում են մի քանի ամիս անց։ Սովորաբար արդպես չի լինում։
«Օրինակ՝ տվյալ խմբաքանակից նմուշ են առնում, խնդիրը հայտնաբերում են, ու այդ խմբաքանակի հետ կապված անմիջապես տեղեկացնում են»։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման սահմանափակումներին, ասում է՝ քաղաքական ենթատեքստ փնտրել պետք չէ, ու միևնույն ժամանակ նկատում․
«Եթե քաղաքական ենթատեքստ փորձենք գտնել, ապա կտեսնենք, որ շատ մեղմ են վարվել։ Ռուսական կողմը դեռևս հունիսին հայկական կողմին ասել էր, որ հայտնաբերել է խնդիր, և թող կոպիտ չհնչի՝ լիազոր մարմինը դրսևորել է հանցավոր անգործություն։ Ռուսական կողմն ասում է գտել եմ վտանգ՝ ինքը պիտի պարզ էր հայ սպառողին վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ»։
16 կազմակերպություններից, որոնց մուտքն արգելվել է ՌԴ, միայն 3-ն են, որոնք արտադրող կազմակերպություններ են, մյուսներն արտահանող են։ Այսինքն՝ անհատ քաղաքացիներ, որոնք տվյալ ապրանքը մթերում են տարբեր գյուղացիական տնտեսություններից ու արտահանում։
«Պարզել, թե դրանք որ տնտեսություններն են, ժամանակտար է, և ՍԱՏՄ-ն չի կարող 15 օրում կամ մեկ ամսում հայտնաբերել, դրա համար նաև ռեսուրս է պետք»։
Հայկական 16 ընկերությունների մուտքը ռուսական շուկա մինչև այս պահը շարունակում է սահմանափակված մնալ։
«Բանակցությունների արդյունքում դեռ որևէ մեկի համար չի բացվել սահմանը, շարունակում է արգելանքը գործել, բայց ենթադրում ենք, որ այս ամենը շատ արագ կկարգավորվի, քանի որ բանակցություններն ընթանում են։ Այսօր էլ տեսչական մարմնի ղեկավարը բանակցություններ է վարել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի հետ, արդյունքների մասին առայժմ ոչինչ չեմ կարող ասել»։
Առաջին դեպքը չէ, երբ «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելում է ՀՀ-ից որոշ արտադրատեսակների ներմուծումը Ռուսաստան։ Վերջերս Հայաստանից ներմուծված իշխանի ձկնկիթում աղիքային ցուպիկ էր հայտնաբերվել և արտարդրող ընկերության նկատմամբ ժամանակավոր սահմանափակում սահմանվել։ Նախորդ տարի էլ կասեցվել էր հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։
2023թ.-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը նաև հայտնել էր Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու դեպքերի մասին։