Կարևոր՝ եվրոբոնդերի թողարկման տեսնակյունից․ ի՞նչ են նշանակում միջազգային վարկանիշները
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով։
Գործակալությունը պահպանել է ՀՀ վարկանիշը՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները և պետական կառավարման արդյունավետության գնահատականները մնում են համադրելի երկրների մակարդակում։
Ի՞նչ է տալիս միջազգային վարկանիշային գործակալության հերթական ռեյտինգի հրապարակումը շարքային քաղաքացուն։ Պարզվում է՝ ըստ էության՝ ոչինչ։ Բայց այն կարևոր է տվյալ երկրի ֆինանսական համակարգի համար։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը բացատրում է՝ ազդեցությունը երկու տեսակ է։ Նախ՝ ռեյտինգը երկրի պարտք ներգրավելու ռիսկայնության ցուցիչն է։
Համաշխարհային Ֆինանսական շուկաներում միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր մասնակիցներ կան, որոնք ներդրումներ կատարելիս բոլոր ռիսկերը չեն կարող գնահատել։ Դրա համար առաջացել են շատ հզոր ու վստահելի ռեյտինգային կառույցներ, որոնք կատարում են այդ աշխատանքը․
«Այն գործը, որը պետք է անհատ ներդրողները անեն՝ որքան ռիսկային է սուբյեկտը, իրենց վրա են վերցնում ու անում են ռեյտիգնային կառույցները։ Ներդրողները որոշումներ կայացնելիս նայում են այդ ռեյտինգները»։
Կոնկրետ ՀՀ-ին տրվող ռեյտինգները կարևոր են եվրոբոնդերի թողարկման տեսակետից։ Տնտեսագետը հիշեցնում է՝ պարբերաբար մի քանի տարին մեկ Հայաստանը մտնում է միջազգային շուկա, թողարկում մեծ ծավալի՝ 500-700 մլն դոլարային պարտատոմսեր, պարտք է ներգրավում։
Այս դեպքում կարևոր է, որ ՀՀ-ն վստահելի վարկանիշ ունենա․ «Մեր վարկանիշի ներկա մակարդակն այնպես չէ, որ բարձր է, դեռ ցավոք սրտի, սպեկուլյատիվ վարկանիշ է։ Վերջին տարիներին որոշակի բարելավում եղել է, բայց դասակարգվում են սպեկուլյատիվ ներդրումային վարկանիշ, բայց անվստահելի չէ։ Սպեկուլյատիվ վարկանիշը նշանակում է, որ այս երկրում կարելի է ներդրում անել, բայց պետք է զգուշանալ ռիսկերից ու երկրից ուզել ռիսկի պարգևավճար։ Կոնկրետ մեր դեպքում մեր ներդրողները լրացուցիչ 3 տոկոս պարգևավճար են ուզում, երբ մեզնից պարտատոմս են գնում, պահանջում են լրացուցիչ 3 տոկոսային կետով ավելի եկամտաբերություն, քան կպահանջվի ԱՄՆ կառավարությունից»։
Դա, ըստ էության, Հայաստանի ռեյտինգի գինն է։ Որքան ռեյտինգը կայուն լինի ու բարելավվի, այնքան ծախսը կնվազի։ Սա նաև ֆինանսական համակարգին է փոխանցվում։ Հայաստանյան առևտրային բանկերի մի մասը միջազգային շուկաներում պարտատոմսեր են թողարկում, մյուսները՝ վարկեր են վերցնում, այս տեսակետից նրանց համար ևս կարևոր է․
«Բանկը ցանկանում է պարտատոմս թողարկել, ներդրողները նայում են, թե բանկը ներկայացրած պետությունը ինչ տոկոսով է թողարկում, և նվազագույն տոկոսը, որով կարելի է բանկին պարտք տալ, դա պետության պարտքի գինն է։ Այդ կետից է սկսվում»։
Պետական ու մասնավոր ֆինանսների համար կարևոր է ռեյտիգը։ Եթե այն մեկ քայլով փոխվի, ազդեցությունը ֆինանսական շուկայում միջնաժամկետ կամ երկարաժամկետ հատվածում կլինի՝ ասում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյանն ընդգծում է․
«Վարկանիշի ձևավորման համար գործակալությունը դիտարկում է բազմաթիվ գործոններ՝ մասնավորապես, աշխարհաքաղաքական իրավիճակն ու առկա ռիսկերը, երկրում իրականացվող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունը, արտաքին ֆինանսները։ Անդրադառնալով արտարժութային ռիկսերին, գործակալությունը դիտարկել է միջնաժամկետ հատվածում պետական պարտքի դինամիկայի համար, հաշվի առնելով 2024թ մայիսի ցուցանիշները, երբ պարտքի 53 տոկոսը եղել է արտարժույթով»։
Գործակալությունը պահպանել է ՀՀ վարկանիշը՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները և պետական կառավարման արդյունավետության գնահատականները մնում են համադրելի երկրների մակարդակում։
«Գործակալության կողմից կայուն հեռանկարով վարկանիշի պահպանումը կարող է խոսել ավելի գրավիչ ու հեռանկարների առումով ավելի կայուն լինելու մասին»։
Վարկանիշի բարձրացմանը խոչընդոտում են բյուջեի զգալի պակասուրդը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները, ֆինանսական հատվածի բարձր դոլարայնացումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերը։ Fitch-ի կանխատեսմամբ՝ 2024թ.-ին ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 6%, 2025թ.-ին՝ 5․5%, իսկ 2026թ․-ին՝ 5․1%։ Մինչև տարեվերջ գնաճը կկազմի 1․3%, իսկ 4% թիրախին կհասնի 2026թ․-ին՝ հաշվի առնելով դրամի արժեզրկման կանխատեսումները։