ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հորդառատ անձրևների դրական ազդեցությունը․ ջրամբարներում այս տարի ջուր կա

Ոռոգման համակարգում դեր ունեցող ջրամբարների լցվածության մակարդակն անցյալ տարվա համեմատ ավելի է։ Բայց անգամ ամբողջական լցվածության դեպքում էլ Հայաստանում ոռոգման համակարգում ջրի դեֆիցիտ կա՝ արձանագրում է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը։ Հենց այդ պակասը լրացնելու անհրաժեշտությամբ էլ պայմանավորված՝ Սևանից ջրառ է իրականացվում։ Ջրամբարներում ջրի լցվածությունը թույլ է տալիս այս պահին հույս ունենալ, որ Սևանա լճից լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։

Բացի աղետից, որ մայիսի 25–26 ին տեղի ունեցավ Լոռու և Տավուշի մարզերում, այս տարվա հորդառատ անձրևներն ի՞նչ ազդեցություն թողեցին Հայաստանի ջրային համակարգի, մասնավորապես, ջրամբարների լցվածության վրա։ Ջրային կոմիտեի նախագահի տեղեկալ Վարազդատ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ եղանակային պայմանները բարենպաստ էին, ջրամբարների լցվածությունը 2023–ի համեմատ 270 մլն խորանարդ մետրով ավելի է․

«Մենք առավելագույնի համեմատությամբ ենք ասում։ Հիմնականում լցվածություն ունենք Ախուրյանում, Ապարանում, Արփի լճում, Ազատում, Մարմարիկում, բոլոր ջրամբարները անցյալ տարվա համեմատ ավելի են լցված։ Կեչուտի ջրամբարը, այո , լցված է։ 185 մլն խորանարդ մետր ջուր ունենք այս պահի դրությամբ։ Ջրամբարների լցվածությամբ պայմանավորված՝ ավելի հուսալի է դառնում ապահովել այս տարվա ոռոգումը՝ հուսալի և անխափան»։

Ոռոգման համակարգում դեր ունեցող ջրամբարներում ջրի ծավալն անցյալ տարվա համեմատ ավելի է։ Բայց անգամ ամբողջական լցվածության դեպքում էլ Հայաստանում ոռոգման համակարգում ջրի դեֆիցիտ կա։ Հենց այն լրացնելու անհրաժեշտությամբ էլ պայմանավորված՝ Սևանից ջրառ է իրականացվում, բայց  սահմանված՝ մինչև 170 մլն խորանարդ մետր ծավալով։ Ջրառն արդեն սկսվել է։ Ջրային կոմիտեում հույս ունեն, որ լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։ Արփա – Սևան թունելով օգոստոսի 1–ի տվյալներով՝ Սևանա լիճ է տեղափոխվել  173․8 մլն խորանարդ մետր ջուր՝ 90 մլն խորանարդ մետրով ավելի շատ, քան անցյալ տարի նույն այս օրերին․

 «Ջրապահանջարկով պայմանավորված՝ օրական ջրբացթողումները տարբեր են։ Օգոստոսի 1–ի դրությամբ մոտ 68 մլն խորանարդ մետր Սևանից ջրառ ենք իրականացրել, որը 2023–ի համեմատ 637 մլն խորանարդ մետրով ավելի քիչ է։ Տարին բարենպաստ է, ջրամբարների լցվածությունը ամբողջական չէ, բայց 2023–ի հետ համեմատած՝ ավելի է»։

Բայց միայն ջրով ոռոգման խնդիրները չեն ավարտվում։ Ոռոգման համակարգում հիմնական խնդիրներից մեկը կորուստներն են։ Շուրջ 16 հազար ներտնտեսային ու միջտնտեսային ցանցերում  կորուստները շուրջ 45 տոկոս են կազմում։ Դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր արվում են՝ ասում էՎարազդատ Մկրտչյանն ու թվարկում․

 «Կորուստներից բացի, նաև համակարգի քայքայվածություն կա, ունենք ներտնտեսային շատ ցանցեր, որոնք հողային հունով են, որտեղ կա նաև ժամանակի կորուստ։ Համակարգում խնդիրներից է կառավարման հարցը։ Ոռոգման համակարգը ԽՍՀՄ–ից ենք ստացել։ Այն նախատեսված էր խոշոր ու միատեսակ մշակաբույսերի համար։ Այժմ ունենք մասնատված շատ հողատարածքներ»։

Մասնագիտական դաշտում բացատրում են՝ ոռոգման համակարգերը նախագծվում են ըստ հողատարածքների մակերեսների ու ոռոգման մշակության պայմանների։ Սեփականաշնորհումից հետո փոքր հողակտորները անկառավարելի են դարձրել ջրօգտագործման համակարգը։ Հայաստանի վարչապետը ջրային կոմիտեի 2023–ի հաշվետվությունը լսելիս ոռոգման համակարգը հետևյալ կերպ էր բնորոշել․

 «Եկեք արձանագրենք, որ մենք ջրային համակարգ ունենք առանց ֆինանսական սխեմայի։ Մենք ֆինանսական մոդել չունենք։ Մենք չենք ստեղծել մի համակարգ, որը վերարտադրվելու հնարավորություն ունի։ Այս համակարգը իրականում, կներեք, հազար ներողություն, սա մեր համակարգն է , բայց սա մեռած համակարգ է։ Այսօր ես արձանագրում եմ, որ մեր համակարգը մահացած է»։

Ոլորտում բարեփոխումներ իրականացվում են։ Ոռոգման կաթիլային համակարգն ավելի կառավարելի է՝ ասում է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը։

«Մեր խնդիրներից է նաև ջրաչափության իրականացումը։ Կաթիլային համակարգը փակ համակարգ է, փակ խողովակաշար է, այստեղ շատ ավելի դյուրին է ջրաչափեր՝ հոսքաչափ տեղադրել։ Նաև փականներով կառավարել։ Իսկ բաց համակարգի դեպքում ջրաչափությունը շատ ավելի դժվար է։ Ջրօգատգործողները ցանկություն ունեն անցնելու փակ համակարգի»։

Կառավարությունը ծրագիր է իրականցնում, որով մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերի անցնելու դեպքում տնտեսությունները հինգ տարով ազատվում են ոռոգման ջրի համար վճարելուց։ 2023–ի տվյալներով՝ ջրօգտագործողների սպասարկման տարածքում գտնվող 5500 հա արդեն ոռոգվում է կաթիլային եղանակով։

Back to top button