Սպանդանոցները գործադիրից աջակցություն կստանան
Կառավարությունն այսօր հաստատել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցություն տրամադրելու ծրագիրը: Առաջիկա 3 տարիներին նրանք ԱԱՀ-ով հաշվանցվող գումարների դրական տարբերության 75 տոկոսի չափով փոխհատուցում կստանան։ Նպատակը ոչ միայն սպանդանոցային տնտեսություններին աջակցելն ու դրանց ցանցն ընդլայնելն է, այլև հարկային համահավասար պայմաններ ապահովելը։
Արման Սաղաթելյանը Սևանից է, առաջին տնտեսվարողներից, որ շուրջ 50 մլն դրամի ներդրում կատարեց ու սպանդանոց բացեց։ Ասում է՝ անգամ Չինաստանից մասնագետներ հրավիրեց, բայց սպանդանոցը չաշխատեց։
«Իմը իսկական կոմունիստի վախտվա սպանդանոցն է, վերանորոգել եմ, բայց իրենք չգիտեն ոնց աշխատացնեն սպանդանոցը։ Մենք գյուղացուն հարմար տարբերակ չենք առաջարկում, ստիպելով էլ չի լինի»։
Արման Սաղաթելյանը կարծում է, որ կառավարությունն ուղիղ չի խոսում այն մասնագետի հետ, որն ամեն օր այդ գործի մեջ է։ Փոփոխությունները մշակվում են՝ առանց ոլորտի մարդկանց առաջարկները լսելու։
«Բանիմաց մարդիկ պետք է լինեն, բայց գալիս են մարդիկ, որ ցուլը կանգնի դեմները կասեն ինչ լավ կովա»:
Սպանդանոցները չեն վերցնում մորթված անասունի գլուխը, լյարդը, կաշին, մինչդեռ եթե գյուղացին բակային մորթ անի, նաև դրանից գումար կաշխատի։ Արման Սաղաթելյանն ասում է՝ չի վերցնում, քանի որ կա շատ հիմնավոր պատճառ։
«Պիտի բացեք մսի կոմբիանտներ, որ ամեն մեկը մի բան ընդունի, օրինակ՝ կաշին գլուխը, ոտքերը, արյունը, աղիքները։ Ոչ մի սպանդանոց թափելու տեղ չունի, այ դրա հարցը պետք է լուծել»։
Արմեն Ամիրաղյանին պատկանող սպանդանոցը Նոյեմբերյան քաղաքում է գործում։ Ասում է՝ միջին հաշվով օրական երկու խոշոր անասուն են ունենում, օրեր են լինում, որ մորթ չեն էլ իրականացնում։
«Եթե տեսչությունը շատ խիստ վերաբերվի անպայման կբերեն, եթե մի անգամ տուգանեց 300 հազար դրամ, հետո՝ 1 մլն, կբերեն։ Մինչև գրպանին չկպնես, չի գործելու»
Կառավարությունը հաստատել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան․ «Այժմ սպանդանոցները գործում են հարկային տարբեր դաշտերում և գտնվում են մրցակցային ոչ հավասար պայմաններում: Բացի դրանից՝ շրջանառության հարկ վճարող տնտեսավարողները ԱԱՀ վճարող համարվելուց խուսափելու նպատակով չեն փաստաթղթավորում իրական շրջանառությունը»։
Այս որոշման արդյունքում ԱԱՀ վճարող համարվող սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին ֆերմերային տնտեսություններից գնված խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային սպանդից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցություն կտրամադրվի, որը հավասար մրցակցային պայմաններ կապահովի ԱԱՀ վճարող եւ շրջանառության հարկ վճարող տնտեսավարողների համար:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծում է՝ որոշման ընդունումը կարևոր է ոչ միայն սննդի անվտանգության, այլ նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության, հարկային կանոններին համապատասխանության տեսանկյունից:
«Մենք ունենք հարկման ռեժիմների տարբերության պատճառով ձևավորված այնպիսի իրականություն, որ այդ տնտեսվարողների համար ավելի շահեկան է չխոշորանալը։ Մինչ այժմ մեր ընկալումն այն է, որ չնայած սպանդանոցային տնտեսությունները կառավարության կողմից տարբեր եղանակներով աջակցության են ստանում, բայց գործնականում չեն կայանում»։
Ըստ փոխվարչապետի՝ այս եղանակով փորձ է արվում հարկման ռեժիմների տարբերությունը նվազեցնել կամ գործնականում բացառել:
«Այս որոշմամբ կառավարությունն ասում է, որ սպանդանոցային տնտեսությունների վճարած յուրաքանչյուր 400 դրամ ավելացված արժեքի հարկից 300 դրամը պետական բյուջեից կվերադարձվի այդ սպանդանոցային տնտեսություններին: Այսինքն՝ մենք այդպիսով յուրաքանչյուր կգ մսի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկին միայն 100 դրամն է, որ թողնում ենք տնտեսվարող սուբյեկտի հաշվին վճարելուն՝ այդպիսով գործնականում հավասարեցնելով այն հարկման բեռը, որը կա շրջանառության հարկ վճարողների և ավելացված արժեքի հարկ վճարողների միջև»,-ընդգծում է Տիգրան Խաչատրյանը։
Աջակցության ծրագիրը կգործի մինչև 2027 թվականի ավարտը, որը հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին երկարաժամկետ գործունեություն պլանավորել առանց մտավախության, որ վեց ամիս հետո կրկին կհայտնվեն անհավասար մրցակցային պայմաններում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության համաձայն` սպանդանոցային ծառայություններ մատուցող գրանցված տնտեսավարողները 63-ն են, որից 13-ը չեն գործում 2024 թվականի ապրիլի 4-ի դրությամբ, 13-ը համարվում են ԱԱՀ, 26-ը՝ շրջանառության, 10-ը՝ միկրոհարկ,1-ը պարզեցված հարկ վճարողներ։