Թուրքիան չպետք է սպառնա Իսրայելին ռազմական գործողություններով, նույնիսկ եթե դա պարծենալու հարց է․ միջազգային փորձագետ
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին, ինչի հետևանքով սպանվել է Հեզբոլլահի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Հաջի Մոհսանը։ Այդ մասին տեղեկությունները տարածվեցին իսրայելական հարվածներից անմիջապես հետո։ Թել Ավիվը պնդում է, որ հարվածները պատասխան են Իսրայելում խաղադաշտի հրթիռակոծման։
Փորձագետները իսրայելա-լիբանանյան լարվածության համատեքստում հիշում են Էրդողանի սպառնալիքը, թե Թուրքիան կմտնի Իսրայել այնպես, ինչպես մտավ Լեռնային Ղարաբաղ ու Լիբիա։ Էրդողանի հայտարարությանն ու Բաքվի նյարդայնությանն անդրադառնում են նաև միջազգային պարբերականները։
Իրավիճակը Իսրայելի և Լիբանանի սահմանին շարունակում է լարված մնալ։ Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, ինչի հետևանքով կա առնվազն մեկ զոհ ու մի քանի վիրավորներ։ Իսրայելական հարվածի թիրախը «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկն էր, որը ըստ Իսրայելի պաշտպանության բանակի պատասխանատու է Իսրայելի քաղաքացիական անձանց սպանության համար։
Մինչ իսրայելական հարվածները, «Հեզբոլլահը», ըստ Թել Ավիվի, Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտի վրա հրթիռային հարվածներ էր հասցրել, ինչը ավելի քան մեկ տասնյակ զոհերի պատճառ էր դարձել։
Կատարվածին տելեգրամում անդրադարձել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ու գրել՝ «թե Հեզբոլլահի ինչին էր պետք հրթիռակոծել խաղադաշտն ու առիթ տալ Իսրայելին, մեծ հարց է։ Նաթանյահուն չի հանգստանալու, մինչև չհրահրի մերձավորարևելյան մեծ պատերազմ։ Հաագայի ուրվականը նաև դրա համար են կախել գլխին»։
Մինչ Լիբանանի ուղղությամբ հարվածները, Թուրքիայի նախագահ Էրդողանը հասցրել էր սպառնալ Իսրայելին ու հոխորտալ թե՝ «Ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»։
Էրդողանի այս ձևակերպումը տևական նյարդայնություն է առաջացրել Բաքվում։ Արդեն մի քանի օր է՝ հակադարձող հայտարարություններ են հրապարակվում Ադրբեջանից։
«Թուրքիան ու Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, ինչի համար Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտել նրանց, սակայն Լեռնային Ղարաբաղում այլ երկրների զինվորականներ չեն հայտնվել»,-այսպիսի հերթական հերքումն է տարածել այս անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը շատ պարզ որակում է տվել Էրդողանի հայտարարությանը, նշելով, որ «անհիմն են խոսակցությունները այլ երկրների զինուժի մասնակցության մասին»:
Փորձագետները Անկարայի ու Բաքվի միջև ակնհայտ լարվածության տարրեր են արձանագրում։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է՝ կասկածից վեր է, որ թուրքական զինուժը մասնակցել է Արցախում ռազմական գործողություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում, ընդ որում՝ և՛ կանոնավոր ստորաբաժանումներով, և՛ ներկրված վարձկաններով, ինչի մասին վկայող փաստերը բազմաթիվ են։
«Թուրքիայի ինքնախոստովանական ցուցմունքի մեջ ոչ մի նոր բան չկա։ Այն, որ Թուրքիան համաագրեսոր էր հանդիսանում Արցախի դեմ պատերազմում, դա ակնհայտ է։ Էրդողանը իր հայտարարություններով դեռ 2020 թ սեպտեմբերի 27-ին, նաև 2021 թ Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ, ինչպես նաև 2023թ և այլ դրվագներում դա ամբողջությամբ ցույց է տվել իր հայտարարություններով։
Բացի այդ մենք ունենք ադրբեջանցի զինվորներից փաստեր, որտեղ նրանք հաստատում են, որ առանց Թուրքիայի նրանք որևէ պարագայում չէին հաղթի։ Բացի նշածս կարելի է էլի հանգամանքներ նշել, որ օրինակ, հետախուզական տվյալները Ադրբեջանը ստացել է Թուրքիայից, որ ադրբեջանի բանակի սպաների 85 տոկոսից ավելին ռազմական կրթությունը ստացել է Թուրքիայում, որ Թուրքիայից ստացել են զենք-զինամթերք»։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի համոզմամբ, Բաքվից Էրդողանին հերքող հայտարարությունները ցույց են տալիս նաև, որ Ալիևը փորձում է ներկայանալ որպես «ինքնուրույն խաղացող»։
«Բնականաբար, իրենք չեն ուզում ասել, որ իրենք մեծ կախվածության մեջ են Թուրքիայից։ Այն, որ իրենք պլանավորման մեջ մասնակցություն ունեն՝ խոսք չկա։ Իսկ արդյո՞ք օդային օպերացիան կառավարելը հեռավորությունից դա մարտերին մասնակցել չի՞»։
Թեմային անդրադարձել է գերմանական Bild պարբերականը, գրելով․ «Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Անկարան Ադրբեջանին աջակցել է անօդաչու սարքերով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով։ Լիբիայում թուրք զինվորներն անցել են միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմը՝ ընդդեմ գեներալ Հաֆթարի զորքերի»։
Թուրքիան ունի մեծ և ժամանակակից սարքավորումներով զինված բանակ, որի թվաքանակը կազմում է 450 հազար ակտիվ զինվոր։ Թուրքական բանակը գործում է հարևան Իրաքում և Սիրիայում, որտեղ մի քանի ռազմակայաններ ունի։ Մի քանի տասնյակ հազար թուրք զինվորներ էլ տեղակայված են Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում,նկատում է պարբերականը։
Արձագանքելով Թուրքիայի կողմից Իսրայել մտնելու Էրդողանի սպառնալիքին, թուրք փորձագետ Էրեն Գուվերչինը նշում է, որ Էրդողանը դժվար, թե կարողանա Իսրայելում իրական ռազմական գործողությունների անցնել։
«Էրդողանը միտումնավոր կրակի հետ է խաղում։ Նա մի կողմից ցանկանում է երկրի ներսում ուժեղ մարդու կերպար ստեղծել, մյուս կողմից՝ որպես այսպես կոչված իսլամական աշխարհի առաջնորդ երևալ»։
Ժողովրդավարությունների պաշտպանության ամերիկյան հիմնադրամի ռազմական փորձագետ Սեթ Ֆրանցմանն էլ կարծում է, որ Էրդողանն օգտագործում է իր սպառնալիքները ներքաղաքական նպատակներով․
«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չպետք է սպառնա Իսրայելին ռազմական գործողություններով՝ նույնիսկ, եթե դա պարծենալու հարց է։ Արևմտյան երկրները կհամոզեն Անկարային չձեռնարկել Իսրայելի դեմ ռազմական գործողություններ: Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի պատրաստակամությունն՝ ընդլայնելու իր ռազմական նվաճումները Աֆրիկայում և Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում, նրա սպառնալիքներին միշտ պետք է լուրջ վերաբերվել», — նկատում է ռազմական փորձագետ Ֆրանցմանը: