Թեհրանը խիստ պատիժ է խոստանում իր տանը հյուրի արյուն թափելու համար
Նախօրեին Թեհրանում հարձակում է եղել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի կեցության վայրի վրա, ինչի հետևանքով Հանիեն և նրա թիկնապահը սպանվել են։ Հանիեն Թեհրան էր այցելել նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։
Իրանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին և հայտարարել, որ Հանիեի մահը կամրապնդի Իրանի, Պաղեստինի և դիմադրության ուժերի միջև խորըն ու անխզելի կապը։
Իրանը խիստ պատիժ է խոստանում իր տանը հյուրի արյուն թափելու համար։
Փորձագետները Հանիեի սպանությունը տարածաշրջանում առկա լարվածությունը խորացնող դրվագ են համարում՝ չբացառելով անկանխատեսելի հետևանքները։
Տարածաշրջանում իրավիճակն առավել է սրվել երեկվանից։ Փորձագետներն արձանագրում են՝ կանգնած ենք լուրջ մարտահրավերի առաջ։
Իրանցի փորձագետ Փույա Հոսեյնի. «Իսրայելի անօրինական գործողությունների և հանցագործությունների պատճառով՝ Իրանն ու դիմադրության ուժերը ստիպված պետք է պաշտպանեն և՛ իրենց, և՛ պատասխան տան Իսրայելի հանցագործություններին»։
Արևելագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ՝ Իսրայելի ղեկավարությունը շարունակում է փորձել Իրանին ներքաշել պատերազմի մեջ՝ ստանալու համար իր դաշնակիցներից ակնկալած աջակցությունը, որը, ըստ Մելքոնյանի, նվազում է։
«Երկրորդը՝ բանակցային գործընթացը կհետաձգվի և դժվար կլինի հասնել այն նպատակներին, որը Իսրայելը դրել էր։ Լիկվիդացնելով Իսմայիլ Հանիեին, դժվար թե բանակցային գործընթացը գնա դրական ուղղությամբ։ Ընդհակառակը՝ մեծ ձեռքբերում այդ առումով դժվար թե Իսրայելը ստանա։ Ընդհակառակը՝ նոր խնդիրների հետ կարող է առնչվել»։
Իրանական ու արաբական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հանիեն սպանվել է Թեհրանում այն տան վրա իսրայելական ուղիղ հարվածի հետևանքով, որտեղ նա կանգ էր առել։ ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանությունից հետո Իրանում ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ է հրավիրվել։ Այս քայլն անհետևանք չի մնա՝ հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման փոխղեկավարը՝ սպանությունը վախկոտ արարք որակելով։
«Սիոնիստական հանցագործ և ահաբեկչական ռեժիմը մեր տանը նահատակության է հասցրել մեր սիրելի հյուրին՝ մեզ վշտացնելով և միաժամանակ ծանր պատժի համար հիմք ստեղծելով: Նրա արյան վրեժը մեր պարտականությունն ենք համարում»,- հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, պատիվն ու հպարտությունը և ահաբեկիչ օկուպանտներին կստիպի զղջալ իրենց երկչոտ արարքի համար»:
Փույա Հոսեյնին նկատում է՝ իսրայելական հարձակումը բացահայտորեն կատարվել է Իրանի տարածքում, ինչն այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է միջազգային բոլոր նորմերով ։
«Ինչպես կոշտ հայտարարել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Իրանը միանշանակ նորից պատասխան կտա՝ այս անգամ շատ ավելի ցավոտ պատասխան կստանա Իսրայելը։ Դա նշանակում է՝ մենք մեծ պատերազմի վտանգի առաջ ենք կանգնած ամբողջ տարածաշրջանում»։
Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ՝ Իրանում որևէ մեկը շահագրգռված չէ տարածաշրջանում մեծ պատերազմով, հետևաբար, կարծում է, պատասխանն ուղիղ Իրանից չի լինի։
«Իրանը կպատասխանի այն ձևով, որ թույլ չտա իրեն ներգրավել տարածաշրջանային պատերազմի մեջ, որում, ի դեպ, շահագրգռված չեն նաև ԱՄՆ-ում»։
Փույա Հոսեյնիի կարծիքով, մինչդեռ, Իրանի պատասխանը կարող է լինել ինչպես ուղիղ իր տարածքից, այնպես էլ տարածաշրջանում դիմադրության իրանամետ ուժերի կողմից։
Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ՝ իրանական սպառնալիքից հետո Իսրայելը որոշել է մեծացնել զգոնությունը ողջ աշխարհում իր բոլոր դեսպանատներում։ Այդ երկրի պաշտպանության նախարարն ասել է, որ Իսրայելը պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։