Հարուստ Կենտրոնական Ասիան կարող է «հաշտեցնել» Հայաստանին ու Ադրբեջանին․ տնտեսական շահերի քաղաքական գինը
Եվրոպան և ԱՄՆ-ն ակտիվացնում են ջանքերը Հայաստանին և Ադրբեջանին բանակցային սեղանին վերադարձնելու և կիսատ թողած աշխատանքն ավարտելու համար․ միջազգային հարթակներից եկող այս ազդակին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է խոսել սպառնալիքներով և նախապայմաններով։
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցին անդրադարձել են ԱՄՆ Սենատում, որտեղ բացահայտվել է այդ երկրի իրական հետաքրքրվածությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ Զուգահեռ դրան, Եվրոպայից նամակներ են ստացել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նամակ է գրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և «ավարտել խաղաղության համաձայնագիրը», առաջընթաց գրանցելով այնպիսի չլուծված հարցերի շուրջ, ինչպիսին է սահմանազատումը:
Հեղինակավոր «Politico» պարբերականի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Շառլ Միշելը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հուլիսի սկզբին Միացյալ Թագավորությունում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Եվրոպական խորհրդի նախագահը վերսկսում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը։
«Politico»-ն մեջբերել է Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետի խոսքը, որ «ի վերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն գործարքը, քանի որ նախագահ Միշելն արել է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար»։
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի արտգործնախարարը խոսել է Կիպրոսում՝ իր այցի ժամանակ, հաստատելով Հայաստանի հավատարմությունը խաղաղությանն ու կայունությանը։
«Մեր դիրքորոշումը և՛ հստակ է, և՛ հետևողական: Բացի այդ, այն ավելի է զարգացվել նաև սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները դեռ չենք ստացել, դրանք դեռ ուժի մեջ են:
Մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար»։
Այն դեպքում, երբ Հայաստանի արտգործնախարարը շեշտը դրել է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և նույն թվականի սահմաններով սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման վրա, Ադրբեջանից հնչել են բոլորովին այլ ազդակներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, ելույթ ունենալով ամերիկյան Հադսոն ինստիտուտում առցանց սեմինարում, հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել, քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չի փոխվել։ Սա փաստացի տարիներ տևող բանակցություններից և բոլոր եղած փաստաթղթերից դուրս նոր նախապայման է, որը Ադրբեջանը շարունակում է պնդել։
Քաղաքական վերլուծաբան Արսեն Խառատյանի համար ակնհայտ է, թե ինչի համար է Ադրբեջանն այժմ ձգձգում փաստաթղթի ստորագրումը․
«Հավանական չեմ համարում՝ մոտ ապագայում իրական պայմանագիր կքնվի։ Ադրբեջանցիները դա չեն անի մինչև ամերիկյան նախագահական ընտրությունների ավարտը՝ քանի դեռ պարզ չէ, ինչպիսի նոր «խաղացողների» հետ պետք է առնչվենք։ Ադրբեջանցիները երկարաձգելու են սա։ ԱՄՆ-ում շատ զբաղված փուլ է, և շատ դժվար է պատկերացնել, թե որքան քաղաքական ջանք և ազդեցություն կներդնի Վաշինգտոնը, որպեսզի Ադրբեջանի վրա ճնշումներն ավելանան, որպեսզի իրենք իրենց կառուցողական պահեն։ Կարծում եմ՝ Ադրբեջանի հաշվարկը ուղիղ պայմանավորված է ԱՄՆ-ում տեղի ունեցող նախագահական ընտրությունների հետ»։
Թե ինչ աստիճանի է ԱՄՆ-ին հետաքրքրում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, քննարկվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում «Եվրոպայի ապագայի» վերաբերյալ լսումների ժամանակ։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենն ասել է․
«Կենտրոնական Ասիայի երկրներն աներևակայելի հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա դրանք շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»։
Ահա և այն հիմնավորումը, թե ինչու է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կարևոր ԱՄՆ համար։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի օգնականի տեղակալ Անջալի Կաուրը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը 2025 թվականին ընդլայնված ֆինանսավորման շնորհիվ կարող է «հուսալի այլընտրանք» դառնալ Ռուսաստանին և Չինաստանին Կենտրոնական Ասիայի երկրների համար:
Սենատում Օ’Բրայենի արած հայտարարություններից մեկն էլ հետաքրքիր է սահամանազատման տեսանկյունից։ Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ «երկու կողմերն էլ համաձայնության են եկել սահմանազատման շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանները։ Կան որոշ հատվածներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են։ Բայց հավանական է, որ նրանք կնահանջեն համաձայնեցված սահմանների պատճառով, և այս առումով առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բարձր լեռնային շրջանները»:
Օ’Բրայենը շեշտել է, որ սա գործընթաց է, որի վրա աշխատում են երկու կողմերը, բայց նաև ընդգծել է, որ կողմերին շատ հստակ ասել են՝ եթե սահմանի հետ կապված փոփոխություններ կան, ապա համաձայնեցված սահմանը պետք է կիրառվի, եթե երկու կողմերը համաձայնության չեն եկել:
Իսկ թե ի՞նչ աստիճանի է հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավված նախընտրական փուլում գտնվող ԱՄՆ-ն, այս հարցը ճեպազրույցում բացահայտել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նա հայտարարել է․ «Սա մի հարց է, որում ինչպես պետքարտուղարը, այնպես էլ համակարգող Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել։ Եվ այդ ուղղությամբ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել»։