Իսրայելական բանակը հայտարարել է Բեյրութին թիրախային հարված հասցնելու մասին
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է Բեյրութին: Նրա թիրախը շիական «Հեզբոլլահ» շարժման զինված ուժերի հրամանատարներից մեկն է, ով, ըստ Իսրայելի, պատասխանատու է Գոլանի բարձունքի վրա գտնվող Մաջդալ Շամս գյուղի հրետակոծության համար, որտեղ սպանվել էր 12 իսրայելցի երեխա։
«Իսրայելի պաշտպանության ուժերը Բեյրութում թիրախային հարված են հասցրել Մաջդալ Շամսում երեխաների և իսրայելցի շատ խաղաղ բնակիչների սպանության համար պատասխանատու հրամանատարին», — ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը Բեյրութի հրետակոծումից հետո հայտարարել է, որ «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումները հատել են կարմիր գիծը։
«Հեզբոլլահը հատել է կարմիր գիծը»,- գրել է նա X-ում։
Հուլիսի 27-ին Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 12 երեխա, վիրավորվել են խաղաղ բնակիչներ։ Իսրայելը հարձակման մեջ մեղադրել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժմանը: Շարժման ներկայացուցիչները հերքում են իրենց մասնակցությունը հրետակոծությանը։