ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Իրանի թյուրքախոս նախագահը պահպանում է Հայաստանի հարցում իր երկրի «կարմիր գծերը»

Հայաստանի վարչապետը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալությանը և երկու հանդիպում ունեցել  այդ երկրի ղեկավարության հետ։ Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը: Ի՞նչ է սպասվում հայ–իրանական հարաբերություններին Իրանի նոր նախագահի պաշտոնավարման շրջանում և արդյո՞ք դրանցում էական նշանակություն կունենան նրա թյուրքախոս լինելը կամ պանթյուրքիստական սկզբունքները․ սրանք հարցեր են, որոնց պատասխանները մասնագետները արդեն տալիս են՝ հաշվի առնելով Իրանի կառավարման առանձնահատկությունները։

Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների կարևորությունը Հայաստանը ընդգծեց նախ և առաջ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցության մակարդակով։

Աշխատանքային այցով Իրան մեկնած Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության մեջ են նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը և փոխարտգործնախարարը։ Սա քայլ է, որը կարևոր է հարևան պետության համար, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը․

«Դա լավ է, որ մենք նախաձեռնող ենք։ Այդքան Ալիևը հայտարարեց, որ ցավակցում է, ինքը վերջին մարդկանցից է, որ Ռայիսիին տեսել է և այլն, և այլն, բայց նրա հուղարկավորությանը չգնաց։ Հայաստանը բարձր մակարդակով մասնակցեց։ Դրանք դրական եմ գնահատում, դա այդպես պետք է լինի։ Պետք է նախաձեռնող լինենք, եթե մենք գնում ենք, իրենք մեզ կընդունեն, իսկ եթե ասենք՝ բա Եվրոպան ինչ կասի, բա Ամերիկան ինչ կասի՝ թող ինչ ուզում է ասեն։ Մեր շահը, եթե այն, ինչ պետք է Իրանից ստանանք իրենք կտան՝ խնդրեմ»։

Այս ֆոնին ուշագրավ է, որ Ալիևի փոխարեն Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցում է Ադրբեջանի վարչապետը, ինչը ինքնին չեղարկում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների անգամ ոչ պաշտոնական հանդիպման հավանականությունը Թեհրանում։

Մինչև երդմնակալության արարողությունը, Հայաստանի վարչապետը երկու առանձնազրույց է ունեցել Թեհրանում՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի և Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի: Փեզեշքիանն իր հերթին բարեկամ Հայաստանի հետ համագործակցության առումով առանձնացրել է քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։

Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա։ Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացման հարցերին:

Իրանագետները կարևոր են համարում հասկանալ, որ Իրանի արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի գերագույն առաջնորդը, այնպես որ կտրուկ փոփոխություններ Մասուդ Փեզեշքիանի նախագահության ընթացքում հայ–իրանական հարաբերություններում չեն կանխատեսում։ Հարաբերությունների փոփոխության համար գործոն չէ ինչպես Փեզեշքիանի թյուրքախոս լինելը, այնպես էլ Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում Հայաստանի ու Իրանի դիրքորոշումների տարբերությունը, համոզված է իրանագետ Էմմա Բեգիջանյանը։ Իրանից եկող ազդակներից մինչ այս պահը նա գոհ է․

«Ինքն էլ արդեն հայտարարել է, որ սահմանների փոփոխությանը Իրանը դեմ է։ Դա իրենց արտաքին քաղաքականության գլխավոր գծերից է, որը որոշում է իշխանության ավելի կարծր միջուկը։ Բայց բոլոր դեպքերում դեր ունի նաև նախագահը։ Կարծում եմ՝ այս նախագահի դեպքում անգամ այն, որ իր հայացքները համաթյուրքական են, դա մեզ չի վնասի։ Ընդհանրապես, Հայաստանի փոխհարաբերություններին օտար երկրների հետ իրենք դեմ չեն։ Օրինակ, եթե մենք ճիշտ քաղաքականություն ունենանք, օրինակ, Օմանն է, Քաթարն է, իրենք են՝ Իրան–ԱՄՆ միջնորդը։ Մենք կարող են միջնորդի դեր խաղալ, եթե լավ դիվանագիտություն ունենանք։ Կարող ենք միջնորդ լինել Իրան–ԵՄ, Իրան–ԱՄՆ։  Չենք կարող ասել, որ իրենք դրան դեմ են։ Իհարկե, եթե ամերիկյան զորքեր գան և այլն, և այլն, իրենք գուցե և դեմ լինեն, բայց այս դեպքում, երբ հարաբերությունները լավ են, իրենք դեմ չեն»։

Նախընտրական և հետընտրական փուլերում տարբեր տեղեկություններ տարածվեցին Մասուդ Փեզեշքիանի ծագման և քաղաքական սկզբունքների մասին։ Այժմ հերքվում են բոլոր այն պնդումները, որ Փեզեշքիանը էթնիկ ադրբեջանցի է։ Իրականում նա ընտրությունների շրջանում շեշտը դրել էր թյուրքախոս, քրդախոս և բարեփոխումների կողմնակից ընտրազանգվածի վրա, ինչն էլ թույլ տվեց նրան հաղթել ընտրություններում։ Նախընտրական քարոզչության ընթացքում նրա ուշագրավ հայտարարություններից կարելի է առանձնացնել պնդումը, որ «Իրանում պանթյուրքիզմ և պանքուրդիզմ կա անարդարության հետևանքով, քանի որ էթնիկ հանրությունների ներկայացուցիչներին Իրանում բարձր պաշտոններ չեն տալիս» կամ հայտարարում էր, որ ֆունդամենտալիստ է, բայց լիովին հավատում է բարեփոխումներին։

Փեզեշքիանը խաղարկեց փոփոխություն բերողի, ժողովրդի ծոցից դուրս եկածի կերպարը։ Բայց իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին ճշտում է․

«Ինքը Ադրբեջանցի չի, Ադրբեջանի ազգություն չունի։ Ինքը Իրանի ազերախոս բնակչության ներկայացուցիչ է։ Միանշանակ առաջին հերթին պաշտպանելու է Իրանի շահերը, Իրանի անվտանգությունը և Իրանի Սահմանադրությունը։ Անհանգստանալու կարիք չկա։ Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում և ընդհանրապես նախագահի փոփոխությունով չի փոխվելու։ Իրանը երկարաժամկետ ծրագրեր ունի միջազգային հարաբերություններում և այդ գիծը բոլոր նախագահները և բոլոր կառավարությունները պետք է շարունակեն։ Միանշանակ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կփորձի հարաբերությունները բարելավի, բայց Հայաստանի վարչապետի հետ զրույցում ինքը նշել է Իրանի «կարմիր գծերը»։ Նշել էր, որ ինչքան էլ Հայաստան–Իրան սահմանը կարճ սահման է, բայց «հույսի և խաղաղության» սահման է։ Սա ցույց է տալիս իր վերաբերմունքը Հայաստանին»։

Երդմնակալության արարողությունից առաջ Հայաստանի վարչապետը Իրանի նորընտիր նախագահին նաև ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ միտված տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: Ըստ Փաշինյանի՝ հայկական կողմը կարևորում է իրանական կողմի ներգրավվածությունը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու, մասնավորապես, Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման գործին։ Ընդգծվել է նաև Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման կարևորությունը:

Իրանի նախագահը իր հերթին ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հետևողական ջանքերը և խոսել բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտության մասին։

Back to top button