Դիվանագիտական գործ

Ինչպե՞ս մեկնարկել հարաբերությունները բաց դաշտից. Հայաստան-Կենտրոնական Ասիա․ «Դիվանագիտական գործ»

Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից կարճ ժամանակ անց Կենտրոնական Ասիայի երկու երկիր՝ Ղազախստանը, ապա Ղրղզստանը հայտնվեցին հայկական դիվանագիտության դիտակետում և դա պատահական չէր:

Մենք շարունակում ենք ձեզ պատմել դիվանագիտական պատմություններ, թե ինչպես էր նորանկախ փոքր Հայաստանը հարաբերություններ հաստատում մեծ աշխարհի հետ:

Այսօրվա հաղորդումից մենք կիմանանք, թե ինչ անել, երբ քո դիվանագիտական ծառայությունը մեկնարկում է բաց դաշտից,  ինչ է իրենից ներկայացնում թուրքական դիվանագիտությունը, և ինչ պետք է այնտեղից սովորենք:

Դիվանագիտական գործ N1

-Նախ ինձ խնդրեցին վերլուծական-տեղեկատվական մի նյութ պատրաստել այն մասին, թե Կենտրոնական Ասիայում որտեղ է նպատակահարամար հիմնել Հայաստանի դեսպանությունը:

1993-1999թթ. երկու ամսվա տարբերությամբ Ղազախստանում, ապա Ղրղզստանում ՀՀ գործերի հավատարմատար նշանակված Արման Մելիքյանը ներկայացրել էր  համապատասխան հիմնավորում, թե ինչու Հայաստանի դեսպանությունը կենտրոնական Ասիայում պետք է բացվի Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում:

-Ալմաթին ընտրեցի հետևյալ պատճառով՝ դա  Հայաստանից առավել հեռու գտնվող այն մայրաքաղաքն էր, որի մոտ էին տարածաշրջանի մյուս պետությունների մայրաքաղաքները: Այսինքն Ալմաթայից ոչ հեռո էր Բիշքեկը, Տաշքենդը:

1993 թվականի հունվարի 18-ին, երբ Ղազախստան մեկնեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած պատվիրակությունը, նա Արման Մելիքյանին անձամբ ներկայացրեց նախագահ Նազարբաևին՝ դրա շնորհիվ երկար գրագրության կարիք չեղավ:

***

Պատմության այս հատվածից եկեք հետ գնանք: Դեռևս Արցախյան շարժման տարիներին Ստեփանակերտում գտնվող Արման Մելիքյանին մի օր զանգահարում է Ալեքսանդր Արզումանյանը, որը գլխավորում էր ՀՀՇ-ի տեղեկատվան կենտրոնը և խնդրում, որ իր հետ մեկնի Մոսկվա և հանդիպի Թուրքիայի դեսպանության դիվանագետների հետ:

-Ինձ համար հասկանալի էր, որ այդ կարգի կոնտակտները մեզ պետք են հասկանալու համար խնդրահարույց արտաքին դերակատարներից մեկի՝ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանում զարգացող իրադարձությունների շուրջ:

Սա առաջին միջազգային շփումն էր շարժման և օտարերկրյա պետության՝ Թուրքիայի ներկայացուցիչների միջև:

***

-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի համար Թուրքիան որոշակի, գուցե սխալ եմ բառը օգտագործում, սակրալ նշանակություն ունի: Թուրքիայի հետ մեզ մոտ կապված են որոշակի հիշողություններ, որոշակի նախապաշարմունք կա, այսինքն պարզ է, որ դա չի կարելի համեմատել այլ երկրների հետ, բայց  դրա հետ մեկտեղ,  համոզված եմ եղել և մինչ օրս համոզված եմ, որ Թուրքիան մեզ համար կարևորագույն մի երկիր է:

2005 թվականից Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը այն հայն է, որը Ստամբուլում հայ կաթողիկե համայնքին պատկանող շենքի հարկում, որտեղ տեղակայված էր ներկայացուցչությունը, բարձրացրել է Հայաստանի դրոշը:

Ստամբուլում Հայաստանը ներկայացնող դիվանագիտական առաքելության վրա դրոշ վերջին անգամ ծածանվել էր 1920-ական թվականներին:

-Եվ Ձեզ մի բան ասեմ, ես նաև մի պահ շատ հիասթափված էի, որ  համայնքից որևէ մեկը չշնորհավորեց և տպավորություն էր, թե ոչ ոք համայնքից ուշադրություն չի դարձնում:

Այդ իրադարձությունից մոտ մեկ ամիս հետո, երբ գործը դեպի աշուն էր գնում, Կարեն Միրզոյանը մի օրով հին դրոշը հանեց, մինչև նոր դրոշը կգար:

— Եվ հենց որ դրոշը հանեցինք՝ անմիջապես սկսեցին զանգեր գալ, փաստորեն բոլորը տեղյակ էին, բոլորը հիացած էին, բայց չէին արտահայտվում:

Թուրքիան ունի բազմաշերտ մշակույթ, որին ձուլվել են մահմեդական, բյուզանդական, եվրոպական, հրեական, հայկական մշակույթներն ու կենտրոնացել Ստամբուլում:

Կարեն Միրզոյանի համար առաջնային կարևորության էր Ստամբուլում տարբեր մարդկանց հետ հարաբերություններ ստեղծելը, որոնք կարևոր են ոչ միայն աշխատանքային միջավայրի, այլև հայի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար:

-Թուրքերը ճանաչում են պոլսահայերին և շատ բարձր կարծիքի են նրանց մասին, օրինակ շատ տարածված արտահայտություն կա թուրքերի մոտ՝ երբ որ մի բան ուզում են գովել, ասում են՝ սա հայի գործ է, երբ որ փորձում են  ինչ-որ գերադրական աշխատասիրություն, ազնվություն գովել, միշտ հայի են օրինակ բերում։ Իհարկե, դա դրական է, բայց ես փորձում եմ ցույց տալ, որ դա ոչ թե Պոլսի հայերի, այլ ընդհանարապես հայերին բնորոշ հատկություն է, բնավորություն:

Հինգ տարի Ստամբուլում դիվանագիտական գործունեություն ծավալած Կարեն Միրզոյանին խնդրում եմ մեկնաբանել, թե գործնականում ի՞նչ է նշանակում մեզանում այդքան տարածված՝ «թուրքերից մի քիչ դիվանագիտություն» սովորեք, արտահայտությունը:

-Այո, թուրքերը իրոք լավ դիվանագետ են, բայց պետք չէ չափազանցնել, զրուցեք թուրքերի հետ, նրանց հանրային կարծիքի ներկայացուցիչների հետ, և նրանք կպնդեն հակառակը: Բայց փաստը մնում է փաստ,  որ թուրքական դիվանագիտությունն ունի խորը պատմական արմատներ, ի վերջո դա նաեւ կայսերական դիվանագիտություն է, Օսմանյան կայսրության որոշ էլեմենտներ է ներառում:

Օսմանյան դիվանագիտության կայացման և որոշակի հաջողությունների գործում նպաստել են նաև հայ դիվանագետները, որոնք իրենց դիվանագիտական ծառայություններն են մատուցել Օսմանյան կայսրությանը:

Եվ այնուամենայնիվ, ի՞նչ պիտի սովորենք թուրքական դիվանագիտությունից:

-Թուրքիայի դիվանագիտությանը բնորոշ է հետևողականությունը, մարդիկ նաև խիստ պետականամետ են, իրենց պետության շահը պաշտպանում են մինչև վերջ և դրա հետ մեկտեղ պատրաստ են գնալ որոշակի առևտրի, երկխոսության՝ փորձելով դրանից կորզել այն ամենը, ինչ իրենց անհրաժեշտ է:

Դիվանագիտական գործ  N2

Իհարկե, մշակութային կապերի գծով մեծ իրադարձություն էր Ղազախստանի համար Կոմիտասի քառյակի այցը, որ մենք էինք այնտեղ կազմակերպել։ Դա դեսպանության և Ղազախստանի առաջին տիկնոջ՝ Սառա Նազարբաևի համատեղ նախագիծն էր:

Ըստ Արման Մելիքյանի՝ սա հայկական մշակույթը Ղազախստանում ներկայացնելուն ուղղված շատ կարևոր, աչքի ընկնող քայլ էր: Ղազախստանում այն մեծագույն ջերմությամբ ընդունվեց, մինչդեռ նախքան հիմնումը և դիվանագիտական աշխատանքների սկսումը, այնտեղ կար որոշակի բացասական վերաբերմունք պատերազմի մեջ գտնվող Հայաստանի նկատմամբ:

Այն կապված չէր նրա հետ, որ Ղազախստանը թյուրքական պետություն է և այսպես թե այնպես պիտի աջակցի Ադրբեջանին, թեև ազգայնական միտումներ այն ժամանակ էլ կային: Բայց դիվանագետների հետ շփումները թույլ տվեցին այս խնդիրը վերացնել, բացառիկ բարյացակամ վերաբերմունք էր Հայաստանի և հայկական դեսպանության նկատմամբ:

Իսկ ինչպե՞ս հասաք այդ արդյունքին, հարցնում եմ:

 -Բացատրական աշխատանքով, պատմական, իրավական բնույթի նյութեր տրամադրելով, անձնական շփումներում ատելության խոսքի բացառման սկզբունքով, տեղի հայ համայնքին քաղաքական խնդիրներից հեռու պահելու միջոցով:

Ըստ Արման Մելիքյանի՝ եթե փաստարկված ես խոսում, փաստարկումները միշտ տեղ են հասնում, անգամ եթե դիմացինդ չի ուզում դրանց հետ համաձայնվել: Եվ այնուամենայնիվ կային նաև բացառություններ:

— Օրինակ, արտգործնախարարության ԱՊՀ վարչության պետը, որի հետ, ի պաշտոնե, մենք ստիպված էինք և պարտավոր էինք շփվել ընթացիկ հարցերը քննարկել, նա բացարձակ ադրբեջանական լոբբիստ էր և հետո նշանակվեց դեսպան Ադրբեջանում, բայց այն ինչ հնարավոր չէր հաղթահարել ստորին մակարդակում, ձգտում էինք հաղթահարել վերին մակարդակում:

Անձնական գործ

— Ինքս դիվանագիտական աշխատանքի մասին չէի մտածում և փնտրտուքի մեջ էի, որոշ ժամանակ աշխատեցի հեռուստատեսության և ռադիոյի համակարգում ոչ մասնագիտական աշխատանքի:

Այդ ժամանակ Արման Մելիքյանը զուգահեռաբար սովորում էր Հնագիտության և ազգագրության  ինստիտուտի հեռակա ասպիրանտուրայում, զուգահեռաբար աշխատում էր նաև Հայաստանի ԳԱ-ին առընթեր աշխարհագրական ընկերության քարանձավագիտական արշավախմբում:

— 1988-ին սկսվեց շարժումը, և ես, լինելով մասամբ նաև պատմաբան, հասկանալով շարժման կարևոր նշանակությունը, մտածեցի, որ կարող եմ փորձել հանրահավանքների ձայնագրությունները արխիվավորել, քանի որ աշխատանքի բերումով այդ հնարավորություն ունեի:

Հարթակը կառավարող մարդկանց վստահությունը վայելելուց հետո Արման Մելիքյանը սկսեց ձայնագրել նրանց ելույթները և 1988-1989 թվականների ընթացքում մոտ 150 ժամ տևողությամբ արխիվային նյութ հավաքեց: Ստեղծվեց ելույթների՝  նմանը չունեցող արխիվ:

Երբ ձերբակալվեց Ղարաբաղ կոմիտեն, ինձ խնդրեցին ձայնագրությունները տրամադրել, որպեսզի հնարավոր լինի փաստաբանների համար եղած նյութի հիման վրա կազմել Ղարաբաղ կոմիտեի անդամների պաշտպանությունը:

Սակայն  դրա կարիքը չեղավ՝ կես տարի անց բոլոր ձերբակալվածներն ազատ արձակվեցին:

Երբ 1990 թվականի ընտրվեց Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, այնտեղ մեծամասնությունը կազմեցին շարժման ներկայացուցիչները և սկսվեց ձևավորվել կադրային նոր բազա:

Այդ իսկ պատճառով պետության ղեկավարները ստիպված էին կադրեր ընտրել շարժման մասնակիցներից, որոնք գոնե ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են լեզուների և ինչ -ինչ պատկերացումներ ուներ արտաքին հարաբերություններ կառուցելու մասին:

Միևնույն ժամանակ, չնայած անփորձությանը, պետք էր պատրաստ լինել նաև տարբեր տեսակի մարդկանց հետ շփումների:

— Օրինակ, Թուրքիայի դեսպանների հետ շփումները, երբ առաջին շփումը խիստ բացասական էր, ընդ որում թուրքական կողմի ներկայացուցիչը դեմարշի ոճով խոսեց և առաջին հանդիպումը այդպես անցավ, բայց պարզվեց, որ մենք էլ ինչ որ բաներ կարող ենք իրենց ուսուցանել այդ առումով, հանդիպումը հավասար էր, բայց ոչ արդյունավետ:

Դիվանագիտության ծառայության ավարտին  թուրք դիվանագետը ֆրանսիայի դեսպանի միջոցով խնդրել է, որ Արման Մելիքյանը ևս մասնակցի  հրաժեշտի երեկոյին:

-Նա ինձ այդտեղ մոտեցավ, ափսոսանք հայտնեց, որ մեր առաջին հանդիպումը արդյունավետ չէր, ասաց, որ դիվանագետից շատ բան է կախված, որպեսզի մեր պետությունների հարաբերությունները բարելավեն, և խոստացավ իր կողմից դա անել՝ ակնկալելով, որ ես ևս իմ գործունեության շրջանակում Թուրքիայի նկատմամբ թշնամական վերաբերմունքի կրողը չեմ լինի:

Back to top button