Երաժշտական եռանկյունի

«Կամերային երաժշտության կենտրոն»–ի ավանդույթներն ու գործունեությունը. «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանում ակադեմիական երաժշտությունը ներկայացված է մի շարք պետական մշակութային հաստատություններով, որոնք ապահովում են երկու սիմֆոնիկ նվագախմբի, օպերային թատրոնի և ազգային կամերային երաժշտության կենտրոնի գործունեությունը։ Այն միակ մշակութային միավորն է, որի հիմնական գործառույթը Հայաստանում կամերային երաժշտության ժանրի զարգացումն է։ Վերջինիս ավանդույթների, պատմության և գործունեության մասին զրուցում ենք կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի և տնօրենի տեղակալ Արմեն Սուքիասյանի հետ։

2011 թվականից վերակազմակերպված «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հանրությանը հաղորդակից է դարձնում ժանրի դասական և ժամանակակից հեղինակներին, մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների երկերը, խրախուսում նոր ստեղծագործությունների ստեղծումը։ Այն գործում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ երևանցիների առավել սիրված, մեծ պատմություն և ավանդույթներ ունեցող մշակութային օջախում։

«ԿԵԱԿ-ը ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, այնպես էլ Հայաստանի մարզերում և արտերկրի հեղինակավոր համերգասրահներում», — ասում է կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը:

ԿԵԱԿ-ի կազմում գործում են կամերային ժանրի հայաստանյան լավագույն երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան, Հայաստանի պետական կամերային երգչախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ՝ գեղավեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյան, Երևանի պետական կամերային երգչախումբ՝ խմբավար Քրիստինա Ոսկանյան, «Հովեր» պետական կամերային երգչախումբ ՝ խմբավար Սոնա Հովհաննիսյան, Կոմիտասի անվան ազգային քառյակ` գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյան։

««Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը նաև համագործակցում է այլ խմբերի և կատարողների հետ, իրականացնում համատեղ ծրագրեր։ Բացի այդ, մենք կազմակերպում ենք փառատոներ, տարբեր մշակութային միջոցառումներ, զարգացնում ենք գործունեությունը տարբեր ուղենիշներով», — շարունակում է կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը:

ԿԵԱԿ-ի աջակցությամբ Կամերային երաժշտության տանը պարբերաբար կայանում են երգեհոնային երաժշտության ամենամսյա համերգներ, որոնք ի վերջո ձևավորեցին երգեհոնային երաժշտության փառատոնի ավանդույթը։ Կենտրոնը նախաձեռնել է իր բացառիկ երգեհոնի վերականգման գործընթացը, համալրել բեմական նվագարանների ցանկը բարձրակարգ գործիքներով, ձեռք բերել լավագույն հնչյունային տեխնիկա։

Այս ամենը խթանում է համերգային գործունեությունը կամերային երաժշտության ոլորտում, ստեղծում կենդանի երաժշտությունը ունկնդրելու համար առավել բարենպաստ պայմաններ ինչպես երաժիշտների, այդպես էլ հանդիսատեսի համար։

Back to top button