Այս տարի Գարեգին 1-ին կաթողիկոսի մահվան 25-րդ տարելիցն է։ Ընդամենը չորս տարի գահակալեց նա, սակայն այդ կարճ ժամամակամիջոցում հասցրեց աստվածահաճո շատ գործեր կատարել, որոնք այսօր էլ հիշվում են երախտապարտ հավատացյալների կողմից։
Բանասիրական գիտությունների դոկտոր Հայկանուշ Մեսրոպյանն ասում է. «Խոսքաշեն, հմուտ քարոզիչ էր Վեհափառը։ 90-ականների դժվարին տարիներին նա վերականգնեց ու հիմնեց մի քանի եկեղեցի, իր քարոզներով հուսադրում էր մարդկանց, փորձում էր մանուկներին իր վերաբերմունքով հավատի բերել»։
Նախկինում հանդիսանալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս` նա օգտագործում էր իր կապերը Հայաստանի համար թե՛ նյութական, թե՛ ֆինանսական օգնություն հայթայթելու համար։ Կատարյալ տիրապետում էր մի քանի լեզվի, հմուտ աստվածաբան էր, բազմաթիվ աշխատությունների հեղինակ։ Մեծ աշխատանք կատարեց խորհրդային աստվածամերժությունը հաղթահարելու գործում։ Նրա հիշատակն անմար է։