Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագիրն ամփոփում է երկրորդ տարին։ Ծրագիրն ուղղված է երիտասարդ և սկսնակ արվեստագետների կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով հատկապես ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո նրանց մտահոգող հարցերը․ ինչի՞ց սկսել, ինչպե՞ս համագործակցել, աշխատել ցուցասրահների ու համադրողի հետ, ինչպե՞ս մասնակցել միջազգային ցուցահանդեսներին, ստանալ դրամաշնորհներ, ստեղծել պորտֆոլիո և այլն։
«Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագիրը ստեղծվել է իբրև այս հարցերի պատասխան։ «Մեր ուշադրության կենտրոնում արվեստագետն է, նրա ինքնաներկայացումը, «ինքն իրեն հասկանալը», իրեն ներկայացնելու բոլոր բաղադրիչները»,– ասում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի ծրագրի մենեջեր Կարինե Արոյանը։
Յուրաքանչյուր ծրագրի ավարտական փուլն ամփոփվում է խմբային ցուցահանդեսներով։ Դրանք հնարավորություն են տալիս արվեստագետներին խմբով աշխատել, որն ուղղված է համակեցության, համատեղ աշխատանքի, նաև համադրողի հետ աշխատելու պրակտիկաների զարգացմանը։ Արվեստի պատմաբան, ցուցահանդեսների համադրող Էմմա Հարությունյանը 12 տարի զբաղվում է ցուցահանդեսների կազմակերպմամբ։ Արվեստագետ Մանանա Մակարյանին հետաքրքրում է մարդկային փոխահարաբերությունների ու ընկալումների բազմազանությունը․ ինչպես ինքն է ասում՝ «ներսից դուրս և դրսից ներս»։
«Այս ծրագիրը շատ լավ հնարավորություն էր սովորելու, թե ինչպես մեր օրերում ինքնաներկայանալ արվեստի ոլորտում, ինչպես առնչվել սոցցանցերի հետ, ինչպես կառուցել սեփական պորտֆոլիոն։ Լավ հնարավորություն էր քեզ կողքից դիտարկելու», – ասում է Մանանա Մակարյանը։
ԺԱԻ ծրագրի շրջանակներում արված «Ինքնադիտում» և «Ես կամ» խորագրով ցուցահանդեսներն այժմ ընթանում են Ջոտտոյի թանգարանում և ԺԱԻ–ի ցուցասրահում։